Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Արտահերթ նստաշրջան. լավագույն ավանդույթները շարունակվում են

Արտահերթ նստաշրջան. լավագույն ավանդույթները շարունակվում են

Տարեվերջին ՝ հերթական նստաշրջանի ավարտից հետո հրավիրած արտահերթով գործադիրը կփորձի լրացնել օրենսդրական բոլոր բացերը, իսկ խորհրդարանը թերևս կգերազանցի արագ քննարկումների՝ նախկինում գրանցած բոլոր ցուցանիշները:

Կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում 35 հարց է՝ 26 օրենսդրական փաթեթ, 8 համաձայնագիր, 1 ծրագիր: 26 օրենսդրական փաթեթները փոփոխություններ կամ լրացումներ են առաջարկում թվով 85 օրենքներում: Դրանց մի մասը խորհրդարանը պետք է քննարկի երկրորդ, երրորդ ընթերցումներով, իսկ մյուս մասի քննարկումը պետք է սկսի զրոյից ու հասցնի ավարտել՝ միանգամից 3 ընթերցումներով քվեարկություններ կազմակերպելով:

«Նոր» օրենքների շարքում, օրինակ, հարկային համաներում նախատեսող փաթեթն է՝ կազմված 3 մայր օրենքից և գործողներում փոփոխություններ առաջարկող 5 օրինագծերից: Գործադիրը մեծ կասկածներ չունի, որ պատգամավորները չեն հասցնի ծանոթանալ կամ հանգամանորեն քննարկել հարկային փոփոխությունների բոլոր նրբությունները: Առավել քան համոզված է, որ խորհրդարանը մեծ առարկություններ չի ունենա, քանի որ նախատեսում է, որ փաթեթն ուժի մեջ կմտնի 2017թ. հունվարի 1-ից:

Կառավարությունը արտահերթի օրակարգում ներառել է նաև ապօրինի հարստացման քրեականացում նախատեսող փաթեթը: Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկվող լրացումները նույնպես պատգամավորները պետք է քննարկեն միանգամից երկու ընթերցումներով: Այս փաթեթը, սակայն, ուժի մեջ կմտնի ոչ թե խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչպես հարկային արտոնություններ նախատեսողը, այլ՝ ընտրություններից հետո ՝ 2017-ի հուլիսի 1-ից:

Փոփոխությամբ, ի դեպ, սահմանվում է, որ եթե հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի գույքի ավելացումը էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, ապա նա պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: Փոփոխությունները կառավարությունը հիմնավորում է հակակոռուպցիոն ռազմավարությամբ, նաև 2003թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում ընդունված Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի պահանջ-հանձնարարականը կատարելու անհրաժեշտությամբ: Հայաստանի այն ստորագրել է դեռեւս 2005թ. մայիսին, վավերացրել ՝ 2007 թ. մարտին։

Արտահերթի օրակարգում նաև առաջին ընթերցմամբ քննարկված սահմանադրական օրենքների նախագծերն են ՝ ԱԺ կանոնակարգ, Մարդու իրավունքների պաշտպանի ու Կուսակցությունների մասին օրինագծեր: Դրանք , ինչպես նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» օրինագիծը, պետք է քննարկվեն երկրորդ և երրորդ ընթերցումներով:

Չի անտեսվել նաև սոցիալական ոլորտը. արտահերթի օրակարգում «Պետական նպաստների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքի նախագծերն են: Վերջինն, ի դեպ, մայր օրենք է՝ բաղկացած 44 հոդվածներից:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում նաև զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրինագիծն է: Պաշտպանության նախարարն արդեն հայտարարել է, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում հիմնական ՝ 1000 դրամների գանձումը կամավոր հիմունքներով իրականացնելու մասին առաջարկի ընդունումը:

Արտահերթի օրակարգում հայտնված միակ ծրագիրը Վերահսկիչ պալատի 2017թ. գործունեության տարեկան ծրագիրն է, որի քննարկումն ու հաստատումը մինչև տարեվերջ կազմակերպելը ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջ է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները