Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հարկային համաներում՝ փոքր էֆեկտով

Հարկային համաներում՝ փոքր էֆեկտով

Ազգային ժողովը դեկտեմբերի 13-ի արտահերթ նստաշրջանում միաձայն՝ 101 կողմ ձայնով, առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը՝ կից նախագծերով:

Հարկային համաներում պայմանական անվանումը ստացած փաթեթն այն եզակիներից է, որն առանց առարկության պաշտպանեցին ոչ իշխանական չորս խմբակցությունները: Քննարկումը, սակայն, շատ արագ ու գրեթե աննկատ անցավ. հնչեցին հատուկենտ հարցեր ու ելույթներ:

Նպատակը փոքր բիզնեսն ակտիվացնելն է

Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վարդան Միրումյանը փաթեթը որակեց «հարկային արտոնություն սահմանող և հարկային համաներում նախատեսող»: Նրա խոսքով՝ հիմնական փոփոխությունն ինքնազբաղված անձանց հարկերի վճարումներից ազատելն է: Նախագծով ինքնազբաղված են համարվում այն անձինք, որոնք ունեն տարեկան մինչև 9 մլն դրամ շրջանառություն, չունեն վարձու աշխատողներ: Նրանց համար սահմանվում է գործունեության 23 տեսակ: Վ.Միրումյանի ներկայացմամբ՝ նպատակը ինքնազբաղված անձանձ խրախուսելը, փոքր բիզնեսն ակտիվացնելն է:

Փաթեթի մաս կազմող մյուս օրինագծով ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրվում են որոշ արտոնություններ. գործունեությունը դադարեցրած անձինք ազատում են նվազագույն եկամտահարկից ու սոցվճարներից և դրանց նկատմամբ հաշվարկված տույժերից ու տուգանքներից:

Փոփոխություններից մյուսով հսկիչ դրամարկղային նոր սերնդի մեքենաների ներդրումը հետաձգվում է մեկ տարով՝ 2017թ. հունվարի 1-ից 2018թ. հունվարի 1-ը: «Թեև այս մեքենաների ներդրումը մեր կողմից կարևորվում է այն առումով, որ դրանք հնարավորություն կտան հարկային մարմնի հետ հարաբերություններին հետևել առցանց»,- նշեց Վ.Միրումյանը:

Էֆեկտը փոքր է

Թեև ԲՀԿ-ն կողմ քվեարկեց նախագծերի այս փաթեթին, բայց խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը մեծ վերապահումներ ունի: Նա մոտ երկու ամիս առաջ կառավարությանն էր ներկայացրել հարկային համաներման մեկ այլ փաթեթ, որին գործադիրը բացասական եզրակացություն էր տվել, և որն իր խոսքով՝ շատ ավելի ընդգրկուն էր: «Գաղափարին կողմ եմ, իսկ ընդգրկմանը՝ դեմ: Իմ նախագիծը տարածվում էր 130 միլիարդ դրամ մայր պարտքերի և 65 միլիարդ դրամ տույժ ու տուգանքների վրա: Մինչդեռ այս նախագծի էֆեկտն այնքան էլ մեծ չէ՝ առավելագույնը 3 մլրդ: Մեծ մասը այնպիսի գումարներ են, որ չեն էլ կարող հարկային դաշտ բերել: Անհույս պարտքերի դուրս գրման կարգի նման մի քայլ է»,- Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

«Դուք գնահատե՞լ եք այդ պարտքերի անհուսալիությունը, կարո՞ղ էիք հավաքել, թե՞ անհնար էր՝ պարտապանները մահացել են, հանրապետությունում չեն»,- քննարկման ժամանակ Վ.Միրումյանին հարցրեց Մ. Մելքումյանը:
« Ոչ թե անհուսալի պարտավորություններ են, այլ վարչարարության տեսանկյունից արդյունավետ չէ գանձել այդ գումարները»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նույնպես կարծում է, որ ներվող գումարներն այլևս հնարավոր չէ գանձել, դրա համար էլ կառավարությունը նման նախագիծ է ներկայացրել: Նա նույնպես համոզված չէ, որ փոփոխությունները փոքր կամ միկրոբիզնեսում ակտիվություն կբերենլ:

Բագրատյանը միաժամանակ առաջարկում է զգույշ վերաբերվել համաներմանը: « Այնպես չէ, որ բացառում եմ, բայց այնպես էլ չէ, որ կողմ եմ. մենք ընդհանուր համաներում անելով` կարդարացնենք նրանց, ովքեր հարկ չեն վճարել: Որոշակի տոկոս պիտի գանձվի, համաներումը չի կարող զրոյացնել հարկերը: Օրինակ, պարտքի կամ ապառքի 50 տոկոսը մուծելու պարագայում կարելի է մյուսը մասը ներել: Մենք չպետք է այնպես վարվենք, որ հարկ մուծա, կարգին ընկերությունները տուժեն ու հայտնվեն անհավասար պայմաններում»,- եզրափակեց պատգամավորը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները