Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Երբ կառավարությունը խոստանում է կատարել նախկինների խոստումները

Երբ կառավարությունը  խոստանում է կատարել նախկինների խոստումները
«ՀՀ կառավարությունը 2014 թվականին հետևողականորեն շարունակելու է մեկնարկած բարեփոխումները` գործարար միջավայրի բարելավման, իրական հատվածին աջակցության, գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքների զարգացման և, ընդհանուր առմամբ, տնտեսության դիվերսիֆիկացման մեծացման ու արտահանելի հատվածի ընդլայնման ուղղությամբ` նպատակ ունենալով բարձրացնել երկրի մրցունակությունը»,- 2013-ի վերջին բյուջետային ուղերձում խոստանում էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը։ Այն ժամանակ ՀՀԿ- ի հետ այս բյուջետային խոստումը պաշտպանում էր դեռ «Վերածնված Հայաստանի» չվերածված ՕԵԿ-ը։ Այն ժամանակ ճեպազրույցում Հովհաննես Մարգարյանը հայտարարում էր, որ ընդհանուր առմամբ գոհ են պետբյուջեի նախագծից, որին կողմ են քվեարկելու, քանի որ իշխող քաղաքական կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ են։ 

Տիգրան Սարգսյանը խոստումը չկատարեց, դա խոստացավ անել 2014- ին նրան փոխարինելու եկած Հովիկ Աբրահամյանը։ 2014- ի բյուջետային ուղերձում արդեն  նոր վարչապետն էր խոստանում «գործարար միջավայրի բարելավում ու արտահանման զարգացում»։ « ՀՀ գործարար միջավայրի բարելավման շրջանակներում աշխատանքներն ուղղված են լինելու շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանը... ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցմանը: Իրականացվելու են տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստում և համապատասխան միջոցառումների սահմանում»։

Թե որքանով Հովիկ Աբրահամյանին հաջողվեց իրականացնել այդ խոստումները արդեն կարող ենք դատել Կարեն Կարապետյանի հայտարարություններից, որն ամեն օր խոսում է վերը նշված քայլերն իրականացնելու անհրաժեշտության մասին։ Իսկ ահա 2016-ի բյուջեի նախագիծը ՀՀԿ-ի հետ պաշտպանում էր ԲՀԿ-ն: «Մենք շանս ենք տալիս կառավարությանը, որ ոչ թե մեկ քաղաքական ուժի կողմից ունենա «այո», այլ բյուջեի «այո»-ն մենք ունենանք նաև երկրորդ քաղաքական ուժի կողմից, որպեսզի կառավարությանը շանս տանք՝ ինքը 2017 թվական մտնի հուսալի հենարան ունենալով»,- հայտարարում էր ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը։

Սակայն պարզվեց, որ այդ հուսալի հենարանն այնքան էլ հուսալի չէ եւ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը 2017 թվական չհասավ։ Բայց նրա փոխարեն արդեն այսօր Կարեն Կարապետյանն է 2017- ի բյուջետային ուղերձում խոստանում «վարչարարական ընթացակարգերի պարզ, թափանցիկ և քիչ ծախսատար  միջավայրի ստեղծման ուղղությամբ քայլերի շարունակական իրականացում»։ Բայց արի ու տես որ կրկնվող այս խոստումների համար արդեն ԲՀԿ-ն չի պատրաստվում հուսալի հենարան լինել։ «Բյուջեի բոլոր ցուցանիշերը ցույց են տալիս, որ կառավարությունը 5 տարիների ընթացքում հիմնականում ձախողել է իր ծրագրերը»,- բացահայտում է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։ 

Բայց ոչինչ, 5- րդ գումարման կառավարությունները միշտ ՀՀԿ-ից բացի երկրորդ «հուսալի» հենարան են ունենում։ Այս անգամ հանրապետական վարչապետին աջակցություն է հայտնում ՀՀԿ- ի ավանդական դաշնակիցներից երրորդը՝ Դաշնակցությունը։ «Որակյալ եւ հմուտ կառավարման դեպքում քչով էլ կարելի է բարձր արդյունքների հասնել եւ հետագա զարգացման համար նոր հնարավորություններ առաջացնել»,- խորհրդարանում հայտարարում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ինչպես նախորդ տարիներին ՀՀԿ- ին աջակցած մյուս խմբակցությունները՝ ինքն էլ «համոզված լինելով, որ կառավարությունն անդադար շարունակելու է աշխատել իր իսկ ծրագրով հռչակած թիրախները 2017թ. կտրվածքով ապահովելու համար»։ Սակայն Կարեն Կարապետյանի կառավարությունը նախկին երկուսներից տարբերվում է աննախադեպ աջակցությամբ։ Նրան աջակցում են նաեւ ԲՀԿ- ի այն պատգամավորներ, որոնք խզեցին կապերը խմբակցության հետ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո, բայց չկտրեցին իշխանության հետ սերտ հարաբերությունները պահպանելու հույսերը։ 

Այնպես որ՝ 5- րդ գումարման խորհրդարանի երրորդ կառավարությունը եւս խոստացավ կատարել նախկինների խոստումները. գուցե այն հույսով, որ 2017- ին արդեն խորհրդարանական կառավարումը կօգնի կատարել անկատար մնացած խոստումները։  

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները