Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վերահսկիչ պալատը կրկին մնացել է առանց ծրագրի

Վերահսկիչ պալատը կրկին մնացել է առանց ծրագրի

Վերահսկիչ պալատը 2017թ. գործունեության ծրագիր չունի: Ազգային ժողովն այն չի քննարկել ու չի հաստատել: ԱԺ-ն հինգերորդ գումարման 10-րդ նստաշրջանի ավարտին երկու արտահերթ նստաշրջան գումարեց, բայց ՎՊ ծրագրի ընդունման համար ժամանակ չգտնվեց: Ծրագիրն ընդգրկված էր դեկտեմբերի 13-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում, բայց 2 այլ հարցերի հետ վարչապետի առաջարկով հետ կանչվեց: Ծրագիրն ընդգրկված չէր նաև դեկտեմբերի 22-ի արտահերթ նստաշրջանի օրակարգում: Արդյունքում՝ Վերահսկիչ պալատը հաջորդ տարվա առաջին ամիսներին՝ առնվազն մինչև գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան, կգործի առանց ծրագրի:

Առաջին անգամ չէ

Համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 100-րդ հոդվածի՝ Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ, իսկ փաստաթղթի քննարկումն սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող տարվա դեկտեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում: Օրենքի տրամաբանությունը հուշում է, որ ՎՊ-ն նոր տարին պետք է սկսի ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրով, խորհրդարանը, սակայն, սահմանված ժամկետում փաստաթղթի ընդունումը չի ապահովել:

Առաջին անգամ չէ, որ ՎՊ-ն տարին սկսում է առանց հաստատված ծրագրի: 2015թ. սկզբին նույնպես կառույցը ծրագիր չուներ: ԱԺ-ն այդ տարի օրենքով սահմանված ժամկետներում չէր քննարկել նաև պալատի տարեկան հաշվետվությունը: 2015-ին ՎՊ ծրագիրը հաստատվեց փետրվարին, հաշվետվությունը քննարկվեց ավելի ուշ:
ՎՊ-ն, ի դեպ, ծրագրի նախագիծը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով ներկայացրել է ժամանակին: Ուրեմն ինչո՞ւ փաստաթուղթը նիստերի դահլիճում չի քննարկվել: «Որքան տեղյակ եմ, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը վատառողջ էր և չկարողացավ մասնակցել քննարկմանը»,- մեզ հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ծրագիրն ԱԺ-ում Ի.Զաքարյանի փոխարեն կարող էր ներկայացնել նաև ՎՊ խորհրդի անդամներից որևէ մեկը: Օրինակ՝ Արա Նռանյանը, ով այդ մարմնի ընթացիկ հաշվետվությունները ներկայացնում է հանձնաժողովում: «Չեմ կարող ասել: Հավանաբար նպատակահարմար չի եղել որևէ այլ անդամի ուղարկել»,- պատասխանեց Գ.Մինասյանը:

Բացթողում է, բայց ողբերգություն էլ չէ

ԱԺ պատգամավորները մեծ բացթողում չեն համարում սահմանված ժամկետներում ՎՊ ծրագիրը չքննարկելը: «Լավ չէ, որ կառույցն առանց ծրագրի է մնացել, բայց ինչ-որ պահի դա կուղղվի, ՎՊ-ն չի կարող առանց ծրագրի մնալ: Փետրվարին երևի կքննարկենք: Բայց կարծում եք շա՞տ բան կփոխվի, որ առանց ծրագրի մնա: Ինձ թվում է՝ շատ բան չի փոխվի: Չեմ կարծում, որ մեր երկրում շատ բաներ են ծրագրերով պայմանավորված»,- ասում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույնպես ծրագրի չքննարկվելը մեծ բացթողում չի համարում: «Իհարկե, վատ է, որ ԱԺ-ն չհասցրեց լսել ՎՊ 2017թ. ծրագիրը, բայց կարծում եմ, դա մեծ ողբերգություն չէ: 2017թ. առաջին նիստերից մեկում կհաստատենք ծրագիրը, և ՎՊ-ն լիարժեք գործելու հնարավորություն կունենա: Իհարկե, ծրագրի չհաստատումը ինչ-որ առումով նաև օրենքի խախտում է, որովհետև ՎՊ-ն պետք է հաստատված ծրագիր ունենար և դրանով աշխատեր: Այո, բացթողում է, թերություն է, բայց ողբերգություն չէ»,- գտնում է Ա.Վարդանյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունները պարզապես խուսափում են ՎՊ ծրագրերը կամ հաշվետվությունները պատգամավորների դատին ներկայացնելուց, քանի որ դրանք չարաշահումներ են բացահայտում և իրենց ուղղված քննադատություններով լի քննարկում ապահովում: «ՎՊ հաշվետվությունների և ծրագրերի շուրջ միշտ տարօրինակ իրավիճակ է ստեղծվում, միշտ թաքնված ինտրիգ կա: Մեկ Իշխան Զաքարյանը կորում է, հետո ամբողջ ԱԺ-ով փորձում ենք նրան գտնել, բայց չենք գտնում: Հետո պարզվում է, որ նրա բացահայտումների արդյունքում տեղի են ունենում հրապարակային ժողովներ, որտեղ ՎՊ նախագահին ամոթի սյանն են գամում գործող նախագահի բարձունքից»,- հիշում է Լ.Զուրաբյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները