Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Դեռ հայտնի չէ, թե ով կգլխավորի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը

Դեռ հայտնի չէ, թե ով կգլխավորի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը

Parliamentmonitoring.am-ի զրուցակիցը Հանրապետական խմբակցության անդամ Սամվել Նիկոյանն է:

- Պարոն Նիկոյան, փաստորեն Հանրապետական կուսակցությունը չի կարող վարչապետ Կարեն Կարապետյանին ընդգրկել համամասնական ցուցակում, քանի որ նա վերջին չորս տարիներին մշտապես Հայաստանում չի բնակվել:

- Մեր ցուցակը կազմվելու է այնպես, որ որևէ խնդիր չառաջացնի: Մենք սրբորեն պահպանելու ենք մեր Սահմանադրության և օրենքների պահանջները: Նախկինում եղել են դեպքեր, երբ որևէ պաշտոնի համար ներկայացված թեկնածուի փաստաթղթերի իսկության նկատմամբ հանրության մեջ կասկած է առաջացել: Կարծում եմ՝ մենք այդ ճանապարհով չենք գնա:

- Երբ Կ.Կարապետյանին վարչապետ էիք նշանակում, ընդունում ՀՀԿ, ընտրում գործադիր մարմնի անդամ, ունեի՞ք պատկերացում, որ նրան ցուցակ ընդգրկելու հարցում խնդիրներ կունենաք:

- Մեզ համար առանձնապես կարևոր չէ՝ նա կլինի՞ համամասնական ցուցակում, թե՞ ոչ: Ըստ էության՝ դրանից շատ բան չի փոխվի: Եթե ցուցակում Կարեն Կարապետյանը չընդգրկվի, չի նշանակում, որ չի մասնակցի նախընտրական քարոզարշավին: Հակառակը: Կարծում եմ՝ քարոզարշավին շատ ակտիվ մասնակցություն կունենա: Իհարկե՝ օրենքի պահանջի շրջանակներում:

- Իսկ ո՞վ է գլխավորելու ՀՀԿ համամասնական ցուցակը: Սերժ Սարգսյա՞նը:

- Մենք դեռ ժամանակ ունենք ցուցակը կազմելու և ներկայացնելու համար:

- Գոնե քննարկե՞լ եք, թե ով է լինելու ՀՀԿ-ի շտաբի պետը:

- Այդ հարցը դեռ չի քննարկվել, բայց առաջիկայում նաև դրան անդրադարձ կլինի:

- Ձեր գործընկերները հայտարարում են, որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները պետք է հնարավորինս անբիծ անցնեն: Ընդդիմությունն էլ հակադարձում է, թե վերջին ընտրություններին իշխանություններն արդեն կեղծիքի են դիմում ոչ թե ընտրատեղամասերում, այլ՝ դրանցից դուրս՝ ընտրակաշառք բաժանելով, վարչական ռեսուրսն օգտագործելով:

- Ես չեմ ընդունում այդ մեղադրանքը: Վերջին ընտրությունների վերաբերյալ կարող եք օգտագործել այն բնորոշումները, որոնք տվել են միջազգային կառույցները: Իսկ նրանք նման ձևակերպումներ չեն օգտագործել: Ընտրությունները Գյումրիում ու Վանաձորում ցույց տվեցին, որ ճիշտ է, ինչ-որ դժգոհություններ կան, բայց դրանք ընտրության նկատմամբ վստահությանը չեն վերաբերում: Ես ցավում եմ, որ յուրաքանչյուր կողմ, երբ պարտվում է, սկսում է ինչ-որ պատճառներ բերել, արդարացում փնտրել: Կարծում եմ՝ այդ ընտրություններն ամբողջությամբ օրենքին համապատասխան են անցել: Իսկ ի՞նչ գիտեն, որ ընտրակաշառք է բաժանվել: Կարող էին, չէ, գոնե մեկ-երկու փաստ ներկայացնել: Իսկ այսօր Ընտրական օրենսգիրքն արդեն այնպիսին է, որ անհնար է որևէ կեղծիք թույլ տալ քվեարկության կամ ձայների հաշվարկի ժամանակ:

- Յուրաքանչյուր կուսակցություն յուրաքանչյուր ընտրատարածքում, ըստ ընտրողների քանակի, ռեյտինգային ընտրակարգով կարող է 5-ից 15 թեկնածու առաջադրել: Ստացվում է, որ նույն տարածքում միմյանց դեմ պայքարելու է 30-70 թեկնածու: Չե՞ք կարծում, որ այդ իրավիճակը կարող է թեժ պայքար, անգամ թշնամանք առաջացնել ոչ միայն կուսակցությունների, այլև նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջև:

- Չեմ կարծում, թե թշնամանք կարող է առաջանալ: Եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է ընթանում, ապա նման իրավիճակ չի առաջանա: Շատ երկրներում է նման ընտրակարգ կիրառվում, որտեղ միմյանց դեմ մրցակցում են նաև նույն կուսակցության տարբեր անդամներ, և դա չի բերում թշնամանքի: Մենք կգտնենք համապատասխան լուծումը, որ ձեր նշած իրավիճակը չառաջանա: Ընտրությունը մրցակցություն է, իսկ մրցակցությունը կարող է նաև բացասական էմոցիաներ առաջացնել, բայց չեմ կարծում, որ թշնամանքի կվերածվի:

- Յուրաքանչյուրը կփորձի մյուսից ավելի ձայն հավաքել, ու դա հատկապես մարզերում կթեժացնի մրցապայքարը:

- Իհարկե, յուրաքանչյուրը կփորձի առավելագույնը ստանալ, և դա մրցապայքարի տրամաբանությունն է: Բայց եթե թեկնածուները պայքարեն ոչ թե ընդդեմ մեկը մյուսի, այլ հանուն, ապա ձեր նշած լարվածությունը չի լինի: Կարծում եմ՝ յուրաքանչյուրը կաշխատի իր համար ձայն տանելու, իր առավելությունները ներկայացնելու և ոչ թե իր կուսակցին վարկաբեկելու ճանապարհով:

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ ընտրություններին մասնակցեք որևէ կուսակցության, օրինակ, Դաշնակցության հետ դաշինքով:

- Այս պահին նման քննարկում չկա: Եթե ընտրություններին թե մենք, թե ՀՅԴ-ն դրական արդյունքներ ունենանք, համագործակցությունը կշարունակենք:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները