Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընտրությունների տեսանկարահանումը կարող է ձախողվել

Ընտրությունների տեսանկարահանումը կարող է ձախողվել

Խորհրդարանական ընտրություններին ընդամենը երկուսուկես ամիս ժամանակ է մնացել, բայց Ընտրական օրենսգրքով սահմանված գլխավոր նորամուծություններից մեկի՝ ընտրական գործընթացի տեսանկարահանման և ուղիղ հեռարձակման հեռանկարը մնում է անորոշ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր ուժերի պահանջով ԸՕ-ում սեպտեմբերին կատարված փոփոխություններից մեկի համաձայն՝ Հայաստանի բոլոր՝ մոտ 2000 ընտրատեղամասերում պետք է տեսանկարահանող սարքեր տեղադրվեն, պետք է ապահովվի քվեարկության ողջ ընթացքի և ձայների հաշվարկի տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ տեսանկարահանող սարքեր պետք է տեղադրվեն նաև ընտրատեղամասերի մուտքերի մոտ: Այսինքն, յուրաքանչյուր ընտրատեղամասի համար անհարժեշտ կլինի 2 տեսախցիկ, ընդհանուր առմամբ՝ մոտ 4000-ը:

Գործընթացն ապահովելու համար տարեվերջին ընդդիմությունից և իշխանությունից կազմված համատեղ հանձնաժողովը մրցույթ էր հայտարարել: Մրցույթի վերջնաժամկետն ավարտվել հունվարի 17-ին, և պարզվել է, որ ընդամենը մեկ ընկերություն է հայտ ներկայացրել՝ հայ-կանադական Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությունը, որը հիմնադրվել է 2011թ. և գործունեություն է ծավալում տեղեկատվական ու հեռահաղորդակցական ոլորտում:

Գումարը չի բավարարում

Քվեարկության գործընթացի նկարահանումը և հեռարձակումն ապահովելու համար անհրաժեշտ գումարը պետք է հատկացնի Եվրամիությունը: Միջազգային այդ կառույցը հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել 1 մլն 800 հազար եվրո: Մինչդեռ Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությունը ներկայացրել է այդ գումարից կրկնակի ավելի՝ 3 մլն 800 հազար եվրո արժողությամբ առաջարկությունների փաթեթ: Հայտը բացվել է հունվարի 17-ին և մինչ այժմ հանձնաժողովի անդամները ընկերության ներկայացուցիչները գրեթե ամեն օր հանդիպում են, փորձում ընդհանուր եզրեր գտնել, որպեսզի գործընթացը չձախողվի:

Քննարկվում են ընտրատեղամասերի մուտքերի մոտ տեսախցիկների տեղադրման պայմանը հանելու կամ ոչ բոլոր տեղամասերում դրանք տեղադրելու տարբերակները: Դեռ հայտնի չէ, թե ինչ զիջումների է պատրաստ հայտ ներկայացրած ընկերությունը: Տարբերակներից մեկն էլ Եվրամիության կողմից հատկացվող գումարի ավելացումն է, ինչի համար անհրաժեշտ է իշխանությունների միջնորդությունը:

Առանց տեսախցիկների էլ թափանցիկ է

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով ԸՕ-ի հեղինակներից է և ամիսներ շարունակ ընդդիմության հետ բանակցել է կատարված փոփոխությունների շուրջ, չի բացառում, որ ապրիլի 2-ին ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն: «Տեսախցիկների հարցը ԸO-ում չի ամրագրվել որպես պարտադիր պահանջ, այն ֆակուլտատիվ՝ լրացուցիչ պահանջ է, և, բնականաբար, կախված էր, թե ինչ գին կառաջարկեն այն կազմակերպությունները, որոնք դա պետք է իրականացնեն: Գործընթացը այսօր էլ վարում է երկկողմ հանձնաժողովը, և տեսնենք, թե ինչ եզրահանգումների կհասնի»,- ասում է Դ.Հարությունյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի կարծում, որ եթե ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքեր չտեղադրվեն, ընտրական գործընթացի թափանցիկությունը կնվազի: «Իհարկե, շատ լավ կլինի, որպեսզի տեղադրվեն այդ տեսախցիկները, բայց ԸՕ-ում ամրագրված են այնպիսի իրավակարգավորումներ, որոնք ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հանրային վերահսկողության լիարժեք հնարավորություն են տալիս: Այս առումով, կարծում եմ, օրենսդրության մեջ ամրագրված թափանցիկությունն ապահովող իրավադրույթներն ամբողջական են ու լիարժեք»,- պնդում է Տ.Մուկուչյանը:

Իրականանում է ընդդիմության մտահոգությունը

Երկկողմ հանձնաժողովում «Դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հայտ ներկայացրած ընկերության հետ քննարկվում է ինչպես երկրորդ տեսախցիկի պայմանից հրաժարվելու, այդպես էլ շատ փոքր՝ մինչև 50 ընտրող ունեցող ընտրատեղամասերում տեսախցիկներ չտեղադրելու տարբերակները: «Բայց մենք չգիտենք, թե ինչ զիջման է պատրաստ գնալ այդ ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչներն իրենց առաջարկությունները պետք է ներկայացնեն հաջորդ շաբաթ»,- հավելեց նա:

Հանձնաժողովում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը չկարողացավ ասել, թե արդյոք ողջամիտ առաջարկ և գումար է ներկայացրել այդ ընկերությունը՝ 3,8 մլն եվրոյի պահանջ դնելով: Կամ արդյոք ավելի փոքր գումարով՝ ԵՄ-ի խոստացած 1,8 մլն դոլարով հնարավոր չէր այդ գործընթացն ապահովել: «Դա մասնագիտական ուսումնասիրության հարց է, որի հնարավորությունը մենք չունենք: Փաստն այն է, որ ընդամենը մի ընկերություն է հայտ ներկայացրել: Բայց ինձ համար էականն այն է, թե կողմերն ինչքան կառուցողական տրամադրությամբ կմոտենան խնդրի լուծմանն այն առումով, որ ի վերջո գործը գլուխ գա: Ես կարծում եմ, իրավիճակն այնքան էլ անհույս չէ: Եթե բոլոր կողմերը դրսևորեն քաղաքական կամք, հարցը կարելի է լուծել»,- ասաց նա:

Նշենք, որ այդ հանձնաժողովի ձևավորումից անմիջապես հետո ՀԱԿ-ը մտահոգություն ուներ, որ իշխանություններն այս գործընթացը կտապալեն: Կարծիք էր հնչում, թե մրցույթն այնպես կկազմակերպվի, որ դրան ընդամենը մեկ ընկերություն կմասնակցի, որն էլ այնպիսի առաջարկություն կներկայացնի, որը հնարավոր չի լինի բավարարել: Փաստորեն՝ ընդդիմության կանխատեսած սցենարը մոտ է իրականությանը: Ա.Ավագյանը չցանկացավ կրկնել մտահոգությունը: «Քանի որ պրոցեսն ընթանում է, ես գնահատական չեմ կարող տալ: Ինձ համար գնահատականն արդյունքն է, եթե արդյունք չլինի, նոր գնահատական կտամ: Եթե արդյունք եղավ, ուրեմն բոլոր կողմերը կառուցողական և ազնիվ են եղել: Արդյունքն է գնահատման չափանիշը»,- հավելեց նա:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները