Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԵՄ-ն 2 մլն եվրո կհատկացնի, տեսախցիկները կտեղադրվեն

ԵՄ-ն 2 մլն եվրո կհատկացնի, տեսախցիկները կտեղադրվեն

Հունվարի 25-ին ընդդիմության և իշխանության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովը , ՀՀ կառավարությունը և Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությունը համաձայնության եկան առաջիկա ընտրական գործընթացները նկարահանելու և ուղիղ հեռարձակելու հարցի շուրջ: Հիշեցնենք, որ 4+4+4 ֆորմատով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Ընտրական օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ, որոնցից մեկը էլեկտրոնային գրանցման համակարգի ներդրումն էր, մյուսը՝ մոտ 2000 ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը, ընտրական գործընթացի տեսանկարահանումն ու ուղիղ հեռարձակումը: 

Փոխզիջում

Տեսախցիկների ձեռքբերման, դրանց տեղադրման ու սպասարկման, ինչպես նաև նկարահանման ուղիղ հեռարձակումն ապահովելու համար հայտարարված մրցույթին մասնակցած միակ ընկերությունն այդ գործընթացն ապահովելու համար ներկայացրել էր 3,8 մլն եվրոյի բյուջե: Մինչդեռ ծրագրի ֆինանսավորումը ստանձնած Եվրամիությունը մինչ այդ հայտարարել էր, որ տրամադրում է 1,6 մլն եվրո: Շաբաթներ տևած բանակցությունների արդյունքում որոշվեց փոխզիջումների գնալ: Ընդդիմությունը համաձայնեց հրաժարվել ընտրատեղամասերից դուրս երկրորդ տեսախցիկը տեղադրելու պահանջից, ընդունեց նաև ՀՀ ոչ բոլոր ընտրատեղամասերում դրանք տեղադրելու նախապայմանը:

Արդյունքում, որոշվեց տեսախցիկ տեղադրել 1500 ընտրատեղամասում: Ընդ որում՝ ընդդիմությանն է վերապահված ընտրելու իրավունքը, թե դրանք որ ընտրատեղամասերը պետք է լինեն: ԵՄ-ն ավելացրեց ևս 400.000 եվրո, որ բավարարի գոնե այդքանին: Կառավարությունն էլ իր հերթին որոշեց տրամադրել մոտ 300 հազար եվրո, որով պետք է վճարվի տեսախցիկների և այլ տեխնիկական միջոցների ներկրման համար պահանջվող ավելացրած արժեքի հարկը:

Մեկ օրվա ինտերնետ կապի համար՝ 300 եվրո

Ըստ առաջարկի՝ Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությունը յուրաքանչյուր տեսախցիկի ձեռք բերման համար նախատեսել է մոտ 600 եվրո, մեկ ընտրատարածքն ընդամենը մեկ օր ինտերնետ կապով ապահովելու համար՝ 300 եվրո, ուղիղ հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների համար՝ 300.000 եվրո: Այդպիսով՝ միայն տեսախցիկների համար ընկերությունը պահանջել է մոտ 907.500 եվրո, ինտերնետ կապի համար՝ 450 հազար եվրո, ընդհանուր առմամբ՝ մոտ 1 մլն 657 հազար եվրո: Գումարի մնացած մասը գործընթացի սպասարկման, այսինքն ընկերության աշխատանքի վարձատրությունն է, ինչը յուրաքանչյուր ընտրատեղամասի համար կազմում է մոտ 225 եվրո:

93 տոկոս ապահովում

Երկկողմ հանձնաժողովում իշխանությունը ներկայացնող «Դաշնակցություն» կուսակցության անդամ Համլետ Աբրահամյանը Parliamentmonitoring.am ընկերության հետ զրույցում ասաց, թե միայն ֆինանսների բացակայությունը չէ պատճառը, որ որոշվել է 2000 ընտրատարածքներից միայն1500-ում տեսախցիկներ տեղադրել: Նրա խոսքով՝ անգամ ինտերնետ-ծառայություն տրամադրող Ucom ընկերությունը, որն ամենահզորն է Հայաստանում, այսօրվա դրությամբ իրական կապ կարող է ապահովել մոտ այդքան տեղամասում: «Նաև նկատի ունեցեք, որ այդ 1500 տեղամասը ընդգրկում է ընտրողների 93 %-ը։ 7%-ը այն տեղամասերն են, որտեղ ընդամենը 30-100 ընտրող կա։ Տեսախցիկներ կտեղադրվեն մեծ տեղամասերում»,- հավելեց նա։

Հանձնաժողովում ՀԱԿ-ը ներկայացնող Ավետիս Ավագյանն էլ հավելեց, թե իրենք սկզբունքորեն դեմ չեն եղել, որ որոշ ընտրատեղամասերում տեսախցիկներ չլինեն: Նա կարևորեց այդ ուղղությամբ բոլոր կողմերի և հատկապես Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու գործադրած ջանքերը, ինչի անուղղակի ճնշման արդյունքում կառավարությունը նույնպես համաձայնել է որոշակի գումար հատկացնել: Ավագյանը հավելեց, թե այն ընտրատեղամասերում, իսկ դրանք հիմնականում գյուղական համայնքներն են, որտեղ տեսանկարահանում չի լինի, իրենք վստահված անձիք կամ դիտորդներ կունենան: «Իհարկե, առաջին չափանիշն այն է, որ դիտորդներն ու վստահված անձինք այդ տեղամասերում լինեն, բայց, մյուս կողմից էլ, մեր մոտեցումն այն է, որ մեծ տեղամասերը վերահսկվեն, հատկապես որ փոքր տեղամասերում գործընթացը տևում է ընդամենը մի քանի ժամ: Այնտեղ տեսախցիկն ի՞նչ անի, եթե ուղիղ հեռարձակում ապահովելու համար ինտերնետ-ծածկույթ չկա»,- հավելեց Ա.Ավագյանը:

Առաջիկա օրերին հանձնաժողովը հայ –կանադական Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ ընկերությանը ծրագիրն իրականացնելու համար հայտարարված մրցույթի հաղթող կճանաչի: Հետո ընկերության հետ պայմանագիր կկնքվի և ԵՄ-ն կհատկացվի նախատեսված 2 մլն եվրոն:


Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները