Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ոչ իշխանական ուժերը դեռ մտածում են՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ

Ոչ իշխանական ուժերը դեռ մտածում են՝ դիմե՞լ ՍԴ, թե՞ ոչ

Ոչ իշխանական ուժերը քննարկում են ապրիլի 2-ը խորհրդարանական ընտրությունների օր նշանակելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրամանագիրը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Ընդդիմադիր ուժերից ՀԱԿ-ն ու «Համախմբումը» կարծում են, որ ընտրությունների օրը հաշվարկվել ու նշանակվել է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների` դեռևս ուժի մեջ չմտած հոդվածով, մինչդեռ պետք է կիրառվեր 2005-ի սահմանադրական կարգավորումը, և ընտրությունները պետք է նշանակվեին ապրիլի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում:

Սահմանադրակա՞ն, թե՞ թվացյալ խնդիր

ՀՀԿ խորհրդի հունվարի 26-ի նիստում, անդրադառնալով այս անհամապատասխանությանը, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դեմ չէ քվեարկության օրը 4-5 օրով հետաձգելուն: Իր առաջարկը, սակայն, հանրապետության նախագահը պայմանավորեց ոչ թե սահմանադրական խնդիրներով, այլ ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով: Իրավական առումով մեր մասնագետներն ունեն համոզիչ փաստարկներ, և դրանք հանգամանորեն կներկայացվեն՝ ասաց Սարգսյանը։ Այս հայտարարությանը հետևեց ԱԺ աշխատակազմի ղեկավար-նախարարի գրավոր պարզաբանումը: Դավիթ Հարությունյանը, ըստ էության, չի հերքում, որ «ներսահմանադրական անհամապատասխանություն» կա, բայց դա «թվացյալ խնդիր» է որակում. «Հաշվի առնելով նոր ընտրական համակարգին բնորոշ մի շարք հնարավոր գործընթացներ (օրինակ՝ կոալիցիաների ձևավորման ժամկետները, ընտրությունների երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը, ընտրությունների արդյունքների բողոքարկման արդյունքում վերաքվեարկությունը և այլն) ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածով նախատեսվել է հենց 60 օր և 50 օր ժամանակացույցը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի ապահովել օրենսդիր իշխանության հաջորդայնությունը և չառաջացնել իշխանության վակուում»:

Այսինքն, Հարությունյանն իր մեկնաբանության մեջ կարևորում է ոչ այնքան ընտրությունների օրը Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու, որքան հետընտրական հնարավոր գործընթացների համար անհրաժեշտ ժամանակ ունենալու խնդիրը:

Ս.Սարգսյանն իր ելույթում նաև նշել էր, որ ընտրությունների օրը փոփոխելու հարցում կարևորում է ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի համաձայնությունը. «Եթե մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝ բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝ մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եվ եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրա հիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»,- ասել էր նա:

Ընտրությունների բոլոր մասնակիցները հայտնի կդառնան փետրվարի 6-ից 16-ն ընկած տասնօրյակում, քանի որ հենց այդ ժամանակ նրանք պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվեն առաջադրման փաստաթղթերը:

ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կմիանա՞ն

Հայ ազգային կոնգրեսն ու «Համախմբում» կուսակցությունը քննարկում են նախագահի հրամանագրի սահմանադրականությունը վիճարկելու հարցը:
«Քննարկումներ կան, այս պահին չեմ ցանկանում ինչ-որ տեղեկություն տալ: Եթե լիարժեք որոշում կայացնենք,, կտեղեկանաք»,- Parliamentmonitoring.am-ին կարճ պատասխանեց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը:

ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն: «Ժառանգություն» խմբակցությունից նախաձեռնությանը միանալու պատրաստակամություն հայտնել են միայն Զարուհի Փոստանջյանն ու Թևան Պողոսյանը: ԲՀԿ խմբակցությունն առայժմ դիրքորոշում չի հայտնել: Խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը միայն հայտարարել է, որ դեմ չեն ընտրությունների օրվա փոփոխությանը:

Գրեթե նույնն է նաև ՕԵԿ-ի մոտեցումը: Երկու խմբակցություններն էլ խուսափում են հստակ դիրքորոշումներ հայտնելուց՝ հավանաբար սպասելով իրադարձությունների զարգացմանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները