Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

11-րդ նստաշրջան. հրաժեշտ 5-րդ գումարմանը

11-րդ նստաշրջան. հրաժեշտ 5-րդ գումարմանը

Փետրվարի 6-ին կմեկնարկի 5-րդ գումարման Ազգային ժողովի 11-րդ նստաշրջանը: Այս նստաշրջանը գործող խորհրդարանի վերջին նստաշրջանն է: Նստաշրջանի առաջին՝ փետրվարի 6-9-ի քառօրյայի օրակարգում 136 հարց է, 33 միջազգային պայմանագիր: Քառօրյայի ու նստաշրջանի օրակարգերից քանի՞ հարց կքննարկեն պատգամավորները և քանի՞սը կընդունեն՝ դժվար է ասել: Գումարման վերջին նստաշրջանները սովորաբար արդյունավետությամբ չեն բնորոշվում, քանի որ քաղաքական ուժերն ու պատգամավորները տարված են նախընտրական աշխատանքներով, նրանց ուշադրության կենտրոնում ոչ թե անցնող, այլ գալիք խորհրդարանն է:

ԱԺ 4-րդ գումարումը փակվել է առանց օրհներգի

Այսօրվա՝ 5-րդ գումարման Ազգային ժողովին նախորդած 4-րդ գումարման խորհրդարանը գործունեության վերջին ամսվա ընթացքում ոչ մի նիստ չի հրավիրել: Ազգային ժողովի պաշտոնական կայքում՝ parliament.am-ում ապրիլ ամսվա ոչ մի նիստ արձանագրված չէ, թեպետ նիստերի ժամանակացույցը հուշում է, որ մինչև ընտրությունների օրը՝ 2012-ի մայիսի 6-ը խորհրդարանը 1 քառօրյա պետք է անցկացներ ապրիլին, ևս մեկը՝ մայիսին: Ուշագրավ է, որ նախորդ խորհրդարանում փոխնախագահ Սամվել Բալասանյանը 4-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները հայտարարել է ավարտված դեռևս մարտի 22-ին, երբ հերթական քառօրյայի վերջին օրը՝ հինգշաբթի, նիստը սկսելու համար դահլիճում քվորում չի եղել:

Ի դեպ, համաձայն 2005-ին ընդունված Սահմանադրության 63-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը ավարտվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին: 5 տարի առաջ Սամվել Բալասանյանը <վաղաժամ> հայտարարել է 4-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների ավարտի մասին՝ խախտելով նաև ՀՀ օրհներգի մասին օրենքը, որի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Ազգային ժողովի նստաշրջանների բացման և փակման ժամանակ հնչում է ՀՀ օրհներգը: Համաձայն Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ 2012-ին 4-րդ գումարումը ավարտվել է առանց օրհներգի, մինչդեռ դահլիճում 39 գրանցված պատգամավոր է եղել:

Սահմանադրությունը պահանջում է աշխատել

Դիտարկումը ցույց է տալիս, որ նախորդ գումարման վերջին նստաշրջանում օրենքների նախագծերի քվեարկություններից բացակայել են հատկապես գործարար պատգամավորները: Քիչ են եղել նաև քվեարկություններին մասնակցած պատգամավորները ընդհանրապես. բացակայությունների պատճառով որոշ օրենքները ընդունվել են ընդամենը 58, 65. 71 ձայնով, մինչդեռ գումարման ընթացիկ քվեարկություններին մասնակցել են սովորաբար 100-ից ավելի պատգամավորներ:

Նախորդ գումարման վերջին նստաշրջանի օրինակը կարող է վատ նախադեպ լինել այս՝ 5-րդ գումարման 11—րդ նստաշրջանի համար, թեպետ կան օրենքներ, որոնց ընդունումը պարտադիր է՝ պայմանավորված է 2015թ-ին ընդունված Սահմանադրության փոփոխություններով. օրինակ, մինչև մարտի 1-ը պետք է ընդունվեն Դատական օրենսգիրքը, Սահմանադրական դատարանի մասին օրենքը: Սրանք, ի դեպ, սահմանադրական, պատգամավորների 3/5-ով ընդունվող օրենքներ են:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները