Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ոչ իշխանական ուժերը չաջակցեցին ՀԱԿ-ին

Ոչ իշխանական ուժերը չաջակցեցին ՀԱԿ-ին

Խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու համար Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ նախաձեռնությանը միացավ ընդամենը 19 պատգամավոր՝ ՀԱԿ խմբակցության 7 անդամները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը և Վահե Էնֆիաջյանը, նույն խմբակցության «Համախմբում» կուսակցության հինգ պատգամավորները և «Ժառանգություն» խմբակցության անդամները: ՕԵԿ խմբակցությունից ոչ մի պատգամավոր չստորագրեց փաստաթղթի տակ: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 պատգամավորի ստորագրություն:

Ոչ թե նոր, այլև նախկին Սահմանադրությունը

ՀԱԿ-ն իր դիմումով ՍԴ-ին առաջարկում էր հակասահմանադրական ճանաչել նոր ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը, որը կարգավորում է խորհրդարանական ընտրությունների օրը և Սերժ Սարգսյանի՝դեկտեմբերի 29-ի թիվ ՆՀ-1260-Ն հրամանագիրը, որով նա ապրիլի 2-ը նշանակել է քվեարկության օր:
2016թ. հունիսի 1-ին ուժի մեջ մտած նոր ԸՕ-ի 103-րդ հոդված ի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է խորհրդարանի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60, եւ ոչ ուշ, քան 50 օր առաջ: ԱԺ լիազորություններն ավարտվում են մայիսի 31-ին: Ըստ ԸՕ վերոհիշյալ կարգավորման՝ ընտրությունները կարող էին անցկացվել ապրիլի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, ընտրվել է ապրիլի 2-ը:

Մինչդեռ 2015թ. ընդունված Սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթներում ամրագրվում է, որ ԱԺ ընտրությունները կանոնակարգող և խորհրդարանին վերաբերող այլ հոդվածներ ուժի մեջ են մտնում «ԱԺ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը»: Այսինքն՝ ընտրությունների օրը նշանակվել է Սահմանադրության դեռևս ուժի մեջ չմտած հոդվածի կարգավորումների համաձայն:

Մինչ այդ գործում է 2005թ. Սահմանադրությունը, որի 68-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ հերթական ընտրությունները անցկացվում են «նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ»: Ըստ այս կարգավորման՝ հերթական խորհրդարանական ընտրությունների օրը պետք է նշանակվի ապրիլի 22-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում՝ապրիլի 2-ից առնվազն 20 օր հետո:

Սահմանադրության ո՞ր հոդվածն է գերակա

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ով ժամանակին ԸՕ-ի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավարն էր, ընդունում է, որ Սահմանադրության մեջ առկա է անհամապատասխանություն, և որ երկու՝ 89-րդ ու 209-րդ հոդվածները միմյանց չեն համապատասխանում: Նրա խոսքով՝ այս դեպքում կարևոր է, թե 2 նորմերից որն է ավելի գերակա: ՍԴ նախխկին որոշումներից մեկի համաձայն՝ համանման իրավիճակներում գերակա է այն հոդվածը, որը բովանդակային է և ոչ ընթացակարգային: Տվյալ դեպքում, ըստ Դ.Հարությունյանի, 89-րդ հոդվածը ավելի գերակա է: Այն կարգավորում է նոր ընտրակարգից բխող մի շարք իրավահարաբերություններ՝ տեղամասային քվեարկության արդյունքների չեղյալ համարելու և վերաքվեարկություն կազմակերպելու հնարավորություն, որից հետո միայն կարող են ամփոփվել ընտրությունների արդյունքները, խորհրդարանական կայուն մեծամասնության չձեւավորման պարագայում քաղաքական կոալիցիայի ձեւավորման հնարավորություն, կայուն մեծամասնության և կոալիցիայի չձեւավորման դեպքում՝ ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպում:

Հետաձգել, բայց ընդամենը 4-5 օրով

Հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Ս.Սարգսյանը հայտարարել էր, որ դեմ չէ ընտրությունները 4-5 օրով հետաձգելուն: Իր առաջարկը նա պայմանավորել էր ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցով: «Բայց մի փոքր էլ սպասենք, երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, և մենք կկարողանանք նրանց հետ գալ համաձայնության՝բոլորի հետ առանց բացառության, ես կարծում եմ՝մեզ ոչինչ չի խանգարի, եթե ընդամենը մի քանի օրով հետաձգենք ընտրությունները: Եթե գանք քաղաքական համաձայնության, ապա, վստահ եմ՝ մեր իրավաբանները դրահիմնավորումները շատ հանգիստ կարող են տալ, և ընտրական պրոցեսը ոչնչով չի խաթարվի: Բայց համբերենք, սպասենք, տեսնենք՝ ի՞նչ է լինելու»,- ասել էր Ս.Սարգսյանը:

Համախմբվել Ս.Սարգսյանի առաջարկի շուրջ

Արձագանքելով առաջարկին՝ քաղաքական ուժերը հայտարարեցին, որ դեմ չեն ընտրությունների օրը տեղափոխելուն:

Կոալիցիոն ՀՅԴ-ն չմիացավ ՀԱԿ-ի ստորագրահավաքին՝ առաջարկելով, որ Հանրապետականն ուղղակի հարցում անի մյուս խմբակցություններին: « Թող Հանրապետական խմբակցությունը նախաձեռնի, ԱԺ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին հարցում անի՝ համաձա՞յն եք այս տարբերակը անելու, միասնական որոշելո՞ւ, թե՞ չէ»,- ասում է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը փոխանցեց, որ իրենք նպատակահարմար չեն համարում միանալ ստորագրահավաքին, քանի որ ընտրական գործընթացն արդեն սկսված է, և օրվա փոփոխությունը որևէ ազդեցություն չի ունենա:

«Բայց եթե հարցն այդքան զգայուն է, ապա ՀՀ նախագահի հարցադրումը շատ պարզ է. քանի որ մենք կարող ենք մեկ շաբաթով տեսականորեն տեղափոխել ընտրությունների օրը, ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է գան համաձայնության, որ այս երկարաձգումը էական նշանակություն չի ունենալու, պաշտպանում են դա և առիթը չեն օգտագործի քվեարկության արդյունքները վիճարկելու համար»,- քաղաքական ուժերին նման մարտահրավեր նետեց Դ.Հարությունյանը։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ պնդում է, որ սահմանադրական խնդիրն ակնհայտ է: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ոչ իշխանական պատգամավորները՝ հատկապես ՕԵԿ-ն և ԲՀԿ-ի անդամների մեծ մասը, չմիացան ՍԴ դիմելու նախաձեռնությանը, ապա նա հավելում է. « Գոնե հիմա մենք մեզ համար պարզեցինք, թե ովքեր են կողմ վեճը լուծելում, ովքեր են համաձայն, որ ընտրություններն անցկացվեն Սահմանադրությանը համապատասխան, և ովքեր են փակում իրենց աչքերը այդ խախտման վրա»:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները