Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

4+5 կամ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է

4+5 կամ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 9 քաղաքական ուժ՝ 5 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել Հանրապետական, «Դաշնակցություն», «Հայկական վերածնունդ», «Ազատ Դեմոկրատներ» և «Կոմունիստական» կուսակցություններն ու ՀԱԿ-ՀԺԿ, «Ելք», «Ծառուկյան» և Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան դաշինքները: Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին մասնակցում է 22 կուսակցություն, առաջադրվել է 1539 թեկնածու, նրանցից 1191-ը՝ ռեյտինգային ընտրակարգով:

«Ելք» դաշինք: Դաշինքներից առաջինն իր ստեղծման մասին հայտարարեց «Ելքը» դեռևս փետրվարի 12-ին: «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստորագրեցին ապրիլի 2-ի ընտրություններին միասին մասնակցելու վերաբերյալ համաձայնագիր, նաև հայտարարեցին, որ դաշինքը բաց է այլ կուսակցությունների հետ համագործակցության համար: «Ելքի» ցուցակի առաջին հորիզոնականում ԼՀ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, երկրորդը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն է, երրորդը՝ Նիկոլ Փաշինյանը: Առաջին տասնյակում են նաև Մանե Թանդիլյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Հայկ Կոնջորյանը, Արայիկ Հարությունյանը և Խաչիկ Սիմոնյանը: Դաշինքը ներկայացրել է 121 թեկնածու:

«Ծառուկյան» դաշինք: Փետրվարի 16-ին՝ ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջին օրը, «Մոսկվա» կինոթատրոնում ազդարարվեց «Ծառուկյան» դաշինքի կազմավորումը: Մինչ այդ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսել էր քաղաքական մեծ համախմբման և լայն դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին: Դաշինքը, սակայն, ձևավորվեց ընդամենը երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունների ներգրավմամբ: «Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվել է նաև «Հայոց համազգային շարժման» ղեկավար Արարատ Զուրաբյանը, բայց կուսակցությունը դաշինքի անդամ չի դարձել: «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում 165 թեկնածու է: Առաջին տասնյակում են Գագիկ Ծառուկյանը, Իշխան Զաքարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Իվետա Տոնոյանը, Արգամ Աբրահամյանը և Միքայել Մելքումյանը:

ՀԱԿ-ՀԺԿ: ՀԱԿ-ը նորից դաշինք է կազմել իր հին գործընկեր Ժողովրդական կուսակցության հետ: ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակը գլխավորում է հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ հորիզոնականում ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է: Երրորդը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն է, ով նաև ՀԱԿ նախընտրական շտաբի պետն է: Առաջին տասնյակում են նաև Զոյա Թադևոսյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Լիդա Մելիքյանը, Դավիթ Մաթևոսյանն ու Ստեփան Մինասյանը: Ներկայացվել է 141 թեկնածու:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան: Այս դաշինքը ձևավորվեց երկար բանակցությունների արդյունքում: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվելու հարցի շուրջ նախ քննարկումներ սկսեցին Վարդան Օսկանյանի «Համախմբում»,Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» ու Արամ Գ.Սարգսյանի Դեմոկրատական կուսակցությունները: Հունվարի 17-ին այս ուժերն անգամ համագործակցության համաձայնագիր ստորագրեցին: Համագործակցությունը, սակայն, չստացվեց: Վ.Դալլաքյանի հրավիրած ասուլիսից հայտնի դարձավ, որ դաշինքի գործունեությունը ստվերային կերպով համակարգում է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Հենց նա էլ, ըստ Դալլաքյանի, ձևավորել էր դաշինքի նախնական ցուցակը, որտեղ վերջինին ու Ա.Սարգսյանին երկրորդ տասնյակում էր տեղ հատկացվել: Արդյունքում դաշինքը ձևավորվեց Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան առանցքով: Համամասնական ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Ս.Օհանյանը: Ժառանգության փոխնախագահ Ա.Մարտիրոսյանը երկրորդ հորիզոնականում է: Նա նաև դաշինքի շտաբի ղեկավար է: 148 անդամից կազմված ցուցակի առաջին տասնյակում են Էլինար Վարդանյանը, Վահագն Հովհաննիսյանը, Անդրանիկ Թևանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը և Գառնիկ Սահակյանը: Ր.Հովհաննիսյանը 11-րդ հորիզոնականում է: Ի դեպ, այս ցուցակում տեղ ունի նաև Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, կուսակցությունը, սակայն, դաշինքի անդամ չէ:

Հանրապետական կուսակցություն: Իշխող կուսակցության համամասնական ցուցակն այս անգամ չի գլխավորում կուսակցության ղեկավար և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանում վերջին 4 տարում մշտական բնակություն չունենալու պատճառով ցուցակում ընդգրկված չէ նաև անցած տարեվերջին ՀՀԿ-ին անդամակցած Կարեն Կարապետյանը: Ցուցակը գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նրան հետևում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երրորդը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է: Առաջին տասնյակի հաջորդ հորիզոնականներում են պատգամավոր Արա Բաբլոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Մարգարիտա Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը: ՀՀԿ-ի ցուցակի առաջին տասնյակն այս անգամ աչքի է ընկնում իր երիտասարդ կազմով:

«Դաշնակցություն» կուսակցություն: ՀՅԴ 170 հոգանոց ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը, հաջորդում են Աղվան Վարդանյանը, Դավիթ Լոքյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզան Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյանը: Ընտրություններին մասնակից 9 ուժերից միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն են հանդես գալիս իշխանության դիրքերից : Մյուսները համարվում են ընդդիմություն:

«Հայկական վերածնունդ»: Հանրության մեջ այս կուսակցությունը դեռևս ընկալվում է որպես «Օրինաց երկիր», իսկ խորհրդարանական խմբակցությունը հենց այդպես էլ առայժմ կոչվում է: Նախորդ տարի «Օրինաց երկիրն» անվանափոխվեց՝ պատճառաբանելով, թե միավորվել է մի շարք այլ կուսակցությունների ու կազմակերպությունների հետ, ինչը նոր անվանմամբ հանդես գալու անհրաժեշտություն է առաջացրել: Մեկ այլ կարծիքի համաձայն՝ ընտրություններից առաջ փորձ է արվել ձերբազատվել ՕԵԿ անվան հետ կապվող բացասական ընկալումներից: ՀՎԿ-ն ներկայացրել է 164 հոգուց բաղկացած ցուցակ, որը գլխավորում է կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Հաջորդում են Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Իշխան խաչատրյանը, էդգար Առաքելյանը, Մարինե Քոչարյանը, Արթուր Միսակյանն ու Խանիկ Պետրոսյանը:

«Ազատ դեմոկրատներ»: Հանդես է գալիս որպես կուսակցություն, բայց միավորել է «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանին, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամներ Անահիտ Բախշյանին, Ստեփան Սաֆարյանին և Գագիկ Բաղդասարյանին, ինչպես նաև «Էլեկտրիկ Երևան» շարժման մի քանի անդամների: Ցուցակը խորհրդանշորեն ունի 101 անդամ, որն ապագա խորհրդարանի պատգամավորների նվազագույն թիվն է: Այն գլխավորում է կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, երկրորդ հորիզոնականում Հ.Բագրատյանն է, ով նաև ԱԴ-ի վարչապետի թեկնածուն է:

Կոմունիստական կուսակցություն: Կոմկուսի՝ 173 թեկնածու ընդգրկող ցուցակը գլխավորում է կուսակցության գլխավոր քարտուղար Տաճատ Սարգսյանը:

Ըստ Ընտրական օրենսգրքի՝ կուսակցությունների համար անցողիկ շեմը 5, իսկ դաշինքների համար 7 տոկոսն է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները