Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՎՊ նախագահի ընտրությունը՝ փետրվարի 27-ի քառօրյայում

ՎՊ նախագահի ընտրությունը՝ փետրվարի 27-ի քառօրյայում

Մինչև ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները Ազգային ժողովն ունի երկու քառօրյա նիստ՝ փետրվարի 27-ից մարտի 2-ը և մարտի 20-23-ը: Նախընտրական գործընթացներով պայմանավորված՝ անմիջապես ընտրություններին նախորդող քառօրյան կարող է ընդհանրապես տեղի չունենալ, քանի որ պատգամավորների գերակշիռ մասը նորից առաջադրվել է համամասնական և ռեյտինգային ցուցակներում և, ամենայն հավանականությամբ, զբաղված կլինի նախընտրական քարոզարշավով:
ԿԸՀ սահմանած ժամանակացույցի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է մարտի 5-ին, բայց կուսակցություններն ու թեկնածուներն ընտրատարածքներում արդեն արդեն սկսել են նախընտրական գործընթացները:

ՎՊ նախագահ կընտրեն

Նույն նախընտրական գործընթացներով պայմանավորված՝ կառավարությունը չեղյալ համարեց փետրվարի 14-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու որոշումը: Գործադիրը բացատրեց, թե ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում հանգել են եզրակացության, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը հնարավոր կլինի ամբողջովին ընդունել ԱԺ փետրվարի 27-ին սկսվող քառօրյայում:

Առաջիկա քառօրյայի օրակարգում նաև Վերահսկիչ պալատի նախագահի ընտրության հարցն է: ՎՊ արդեն նախկին նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո նախագահ Սերժ Սարգսյանը պետք է փետրվարի 20-ին հաջորդող տասնօրյակում խորհրդարանին ներկայացնի ՎՊ նոր նախագահի թեկնածություն, և ԱԺ-ն էլ փակ գաղտնի քվեարկությամբ ընտրություններ կազմակերպի: Հայտնի է, որ Ս.Սարգսյանն այդ պաշտոնի համար ներկայացնելու է էներգետիկայի նախկին նախարար և ՎՊ խորհրդի նախկին անդամ Լևոն Յոլյանի թեկնածությունը:

ՎՊ նախագահի ընտրություններից բացի՝ քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 139 հարց, 28 միջազգային պայմանագիր:

Չմասնակցելու լեգիտիմ իրավունք ունեն

Նախորդ՝ 2012թ. մայիսի 5-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին նախորդող նստաշրջանը ևս մասամբ է անցկացվել: Չորրորդ գումարման ԱԺ վերջին նիստը տեղի է ունեցել մարտի 21-ին:

«Մենք նիստերին կգանք, ի վերջո դա մեր պարտավորություն է, բայց կարծում եմ, պատգամավորների թիվը պակաս կլինի: Կարող են օրեր լինել, որ քվորում չլինելու պատճառով նիստերը չկայանան»,- ասում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նաև ավելացնում է, որ քվորումի հիմնական պատասխանատուն խորհրդարանական մեծամասնությունն է՝ ՀՀԿ խմբակցությունը իր 70 պատգամավորով: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն: «Մյուս կողմից էլ պատգամավորների մեծ մասը ընտրատարածքներում առաջադրված է և բացակայելու համար ունի լեգիտիմ պատճառ՝ զբաղված է նախընտրական քարոզարշավով: Սա միանշանակ կխանգարի նիստերի կայացմանը: Հենց այդ նույն պատճառով չկայացավ արտահերթ նիստը»,- ասում է Ռուստամյանը:

Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նույնպես կարծում է, որ նախընտրական գործընթացների ժամանակ ոչ միայն իրենց, այլև մյուս խմբակցությունների պատգամավորները ցանկանում են մասնակցություն ունենալ «օրենքով իրենց վերապահված գործընթացներին, որոնց մեջ մտնում են թե ԱԺ քառօրյա նիստերը և թե նախընտրական քարոզարշավը»: «Թերևս պատգամավորները քաղաքական թիվ մեկ ամբիոնից ավելի ակտիվ կմասնակցեն կառավարության հետ հարցուպատասխանին և ելույթներին: Բայց չեմ կարող վստահ լինել, որ բոլոր նիստերը կկայանան»,- ասաց Գ.Մելիքյանը:

Ի դեպ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորություններն ավարտվում են մայիսի 31-ին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները