Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Վերահսկիչ պալատը նոր նախագահ ունի

Վերահսկիչ պալատը նոր նախագահ ունի

Ազգային ժողովը փետրվարի 28-ին 99 կողմ ձայնով, առանց դեմ ու ձեռնպահի, Լևոն Յոլյանին ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահ: ՎՊ նախագահի ընտրությանը, փակ գաղտնի քվեարկությամբ, չմասնակցեց ՀԱԿ խմբակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Համախմբում» կուսակցության անդամները: Լևոն Յոլյանի թեկնածությունը, Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովին էր ներկայացրել նախագահ Սերժ Սարգսյանը: ՎՊ-ն նախագահ չուներ 2017թ. փետրվարի 6-ից, երբ Իշխան Զաքարյանը, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և «Ծառուկյան դաշինք» նախընտրական շտաբը ղեկավարելու համար հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահին:

Բարձրացնել ՎՊ աշխատակիցների աշխատավարձը

Դեռևս ՎՊ-ի նախագահի թեկնածու՝ Լևոն Յոլյանը ԱԺ ամբիոնից նախ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար և հիշեցրեց, որ ինքը նոր մարդ չէ պատգամավորների և Վերահսկիչ պալատի համար (2007թ. նոյեմբերին Յոլյանը նշանակվել է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի տեղակալ: 2016թ. փետրվարին ազատվել է պաշտոնից և նշանակվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Կարեն Կարապետյանի կառավարությունում Յոլյանը չվերանշանակվեց):

Նախընտրական իր ելույթում Յոլյանը հայտարարեց, որ բյուջե գումարները, վարկային ու դրամաշնորհային միջոցները ՎՊ-ի համար պետք է վերահսկելի լինեն: Իսկ որպեսզի Պալատի աշխատակիցները կարողանան որակյալ և անաչառ վերահսկողություն իրականացնել, Յոլյանը ԱԺ-ին առաջարկեց բարձրացնել նրանց աշխատավարձը: «Որակյալ և բանիմաց մասնագետներով համալրված պալատն է ունակ արդյունավետ կատարել իր առջև դրված խնդիրները: Գրեթե անհնար է առանց համարժեք վարձատրության հաշվեքննության աշխատանքներում ներգրավել որակյալ մասնագետների և նրանցից պահանջել անաչառ վերահսկողություն: Այս խնդիրները ԱԺ կարգավորման դաշտում են, և ակնկալում եմ, որ Հաշվեքննիչ պալատի մասին նախագծի քննարկման ժամանակ դրանք կունենան համարժեք լուծումներ»,- հայտարարեց նա:

Յոլյանի գնահատմամբ՝ նոր Սահմանադրությունը ավելի է ամրապնդել Ազգային ժողով-Հաշվեքննիչ պալատ համագործակցությունը: Նա շեշտեց, որ ՎՊ-ն պետք է քաղաքական չեզոքություն ունենա, իսկ ՎՊ աշխատակիցները չպետք է լինեն քաղաքացիական ծառայողներ, որպեսզի գործեն պետական համակարգից անկախ և անաչառ:

Կհնչի՞ հարց՝ «ո՞ւր է Լևոն Յոլյանը»

ՎՊ նախագահի պաշտոնում Լևոն Յոլյանի թեկնածությունը երկար չքննարկվեց: Հազիվ ժամուկես տևած քննարկման ընթացքում հնչած հարցերն էլ վերաբերում էին ոչ թե ՎՊ աշխատանքներին, այլ, առավելապես, Իշխան Զաքարյանի գործունեությանն ու 2012թվականի աղմկահարույց հաշվետվությանը, երբ նա հայտարարեց, թե բյուջեի մոտ 70%-ը կոռուպցիոն ռիսկի տակ է: Դրան հաջորդեց Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել»,- հայտարարել էր հանրապետության նախագահը:

Դրանից հետո, ծրագիր կամ հաշվետվության ներկայացնելու համար ՎՊ նախագահն այլևս Ազգային ժողով չէր գալիս, և պատգամավորները առիթը բաց չէին թողնում՝ հարցնելու, թե ուր է Իշխան Զաքարյանը: «Ձեր մասի՞ն էլ է նման հարց հնչելու»,- հարցրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Յոլյանը հույս հայտնեց, որ նման հարց իր պարագայում չի առաջանա:

«Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ՎՊ-ն կոչված է ապահովելու հավասարակշռություն օրենսդիր ու գործադիր մարմինների միջև, և Պալատը պետք է ղեկավարի ոլորտին քաջատեղյակ մեկը: Ռուստամյանի կարծիքով՝ Յոլյանը հենց «ոլորտի նրբությունները հասկացող այդ անձնավորությունն է, որը կօգտագործի իր փորձը՝ լուրջ Հաշվեքննիչ ունենալու համար»:

Շարմազանովի խոսքով՝ Յոլյանը ունի պետական մտածողություն և իր թիմակիցներից շատ՝ սիրում է Հայաստանի Հանրապետությունը: «Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ պարոն Յոյլյանի հաջող ընտրության պարագայում ինքը պիտի պաբլաժկա ունենա, թեկուզ մենք»,-ասաց Շարմազանովը:

Նշենք, որ ՎՊ պալատը գործելու է մինչև 2018թ.՝ մինչև նոր նախագահի լիազորությունների ստանձնումը: 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրության համաձայն՝ Վերահսկիչ պալատի փոխարեն ձևավորվելու է Հաշվեքննիչ պալատ: Այն լինելու է ոչ թե պետական միջոցների ծախսը վերահսկող, այլև հաշվեքննող՝ աուդիտի ենթարկող մարմին:

Հաշվեքննիչ պալատի մասին օրենքի նախագիծը ԱԺ օրակարգում է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները