Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հրաժեշտ 5-րդ գումարման Ազգային ժողովին

Հրաժեշտ 5-րդ գումարման Ազգային ժողովին

«Ցտեսություն, մնացեք բարյավ». այսպես հրաժեշտ տվեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստերի դահլիճում ներկա սակավաթիվ պատգամավորներին մարտի 2-ին: Խորհրդարանական հերթական քառօրյայի վերջին օրը ԱԺ-ում նիստեր չկայացան՝ դահլիճում քվորում չկար: Շարմազանովը, ըստ էության, պատգամավորներին «մնաս բարով» արեց ոչ թե հաջորդ քառօրյայում, այլ հաջորդ գումարման ընթացքում հանդիպելու ակնակալիքով: 5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյան ժամանակացույցով սահմանված է մարտի 20-ին, բայց կա գոնե նախորդ՝ 4-րդ գումարման ավարտից մնացած նախադեպ, որ գումարման վերջին քառօրյան չի կայանում: Հաջորդ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախընտրական քարոզարշավը մարտի 5-ին մեկնարկել է, ու պատգամավորների ճնշող մեծամասնությունը մտահոգված է ոչ թե ընթացիկ գումարման հարցերով, այլ եկող խորհրդարանում հայտնվելու գերխնդրով:

Նոր Ազգային ժողով՝ հին կազմով

5-րդ գումարման Ազգային ժողովի 130 պատգամավորների կեսից ավելին՝ 89-ը, ուզում են պատգամավոր լինել նաև 6-րդ գումարման Ազգային ժողովում: Նրանցից 57-ը ՀՀԿ-ի նախընտրական ցուցակում են: Այս 57-ի թվում են նաև 2012-ին ԲՀԿ-ի հետ խորհրդարան եկած Մարտուն Գրիգորյանը, Արագած Ախոյանը, Մուշեղ Պետոյանը, Բազմասեր Առաքելյանը: ԲՀԿ-ի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորության թեկնածուներից 15-ը այսօրվա՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր են. 14-ը՝ ԲՀԿ, 1-ը՝ ՀՀԿ խմբակցությունից: Այդ մեկը Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանն է: ՕԵԿ և ՀՅԴ խմբակցությունների բոլոր պատգամավորները այսօր նաև պատգամավորության թեկնածու են՝ ընդգրկված ընտրական ցուցակներում: ՀԱԿ-ի 7 պատգամավորից 6-ը նույնպես պատգամավորության թեկնածու են, բայց ընդգրկված 3 տարբեր ընտրական ցուցակներում՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփայն Դեմիրճյանը՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կազմում են, Նիկոլ Փաշինյանը՝ «ԵԼՔ» դաշինքում է, Հրանտ Բագրատյանի անունը «Ազատ դեմոկրատների» ցուցակում է: ՀԱԿ-ից որևէ ընտրական ցոուցակում ընդգրկված չէ միայն Լյուդմիլա Սարգսյանը: «Ժառանգություն» խմբակցությունը պատգամավորության ոչ մի թեկնածու չունի:

5 տարի՝ ընդդիմության և իշխանության արանքում

Հայտնի է, որ ընտրություններից առաջ ոչ իշխանական ուժերը չեն դիմանում ու տրվում են իշխանությանը քննադատելու գայթակղությանը. մեկը դա անում է անողոքաբար ու խիստ, մյուսը՝ մեղմ ու առանց կամուրջները մինչև վերջ այրելու: ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, օրինակ, քննադատում են՝ միաժամանակ չբացառելով, որ ընտրությունից հետո կարող են համագործակցել իշխող ՀՀԿ-ի հետ: Հատկանշական է, որ այս ուժերը 5 տարվա ընթացքում, տարբեր հանգամանքներից ելնելով, համագործակցել են իշխանության հետ. ՀՅԴ-ն նախ եղել է ընդդիմություն, իսկ Սահմանադրության փոփոխությունից հետո դարձել է իշխանության մաս, ՕԵԿ-ը եղել է իշխանություն, բայց Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո դարձել է ընդդիմություն, ԲՀԿ-ն նախ իրեն հռչակել էր այլընտրանք, իսկ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունը թողնելուց հետո դարձավ ընդդիմություն: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», չհաշված այս խմբակցությունների առանձին անդամների առանձին քվեարկություններ, իշխանության նկատմամբ դիրքորոշում փոխելու մասին հայտարարությամբ հանդես չեն եկել:

Շարքերը կնոսրանան

5 տարիների ընթացքում 5-րդ գումարման Ազգային ժողովը երկու նախագահ է ունեցել՝ Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը: 17 պատգամավոր դադարեցրել է լիազորությունները: Այս խորհրդարանը գործունեությունը սկսեց 131, ավարտում է 130 պատգամավորով. ՀՀԿ-ական Մանվել Բադեյանի՝ Քուվեյթում դեսպան նշանակվելուց հետո, մեծամասնական ընտրակարգով ընտրություն չանցկացվեց: Ի դեպ, նոր՝ 6-րդ գումարման Ազգային ժողովում պատգամավորների թիվը կարող է ավելի քիչ լինել. 2015-ին փոփոխված Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները