Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Մարտի 5-ից պաշտոնապես մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 5 կուսակցություն և 4 դաշինք: Հանրապետական, «Դաշնակցություն», «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ», Կոմունիստական կուսակցություններն ու «ՀԱԿ-ՀԺԿ», «Ծառուկյան», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» և «ԵԼՔ» դաշինքներն առաջիկա 25 օրերին կներկայացնեն իրենց ծրագրերն ու կփորձեն բացատրել, թե ինչու նախապատվությունը պետք է հենց իրենց տրվի: Խորհրդարանում ներկայացված լինելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն ընտրողների ձայների 5, իսկ դաշինքները՝ 7 %-ի սահմանագիծը: Ընտրություններին մասնակից 9 ուժերից իշխանական են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն: Մյուսները հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից:


Անվտանգություն և առաջընթաց:
ՀՀԿ-ն քարոզարշավը սկսեց Երևանի «Դինամո» մարզադահլիճից՝ փակ հանդիպումով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և այլոք: Իշխող կուսակցությունն այս ընտրությունների համար ընտրել է «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը: «Ինձ համար, որպես Հայաստանի կառա¬վարող կուսակցության ղեկավարի, բացառիկ կարևորություն ունեն այս ընտրությունները: Ամենակարևորը՝ մեր քաղաքացիների վստա¬հու¬թյունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրու¬թյուններ, որ որևէ մեկի մեջ կասկածներ չառա¬ջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ»,- քարոզարշավի մեկնարկին հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նոր սկիզբը գործը ավարտին հասցնելն է: ՀՅԴ-ն իր քարոզարշավի մեկնարկն ազդարարեց «ԱրմենիաՄարիոթ» հյուրանոցում հանդիսավոր հավաքով։ Միջոցառմանը ներկայացվեց կուսակցության նախընտրական պլատֆորմը: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացրեց այն առանձնահատկությունները, որոնցով ՀՅԴ-ն տարբերվում է ընտրություններին մասնակցող մյուս ուժերից: «Մասնակից ուժերից ո՞րն է, որ մեկ անձի, մեկ առաջնորդի կուսակցություն չէ, ո՞ր ուժն է, որ ներկա է ոչ միայն Հայաստանում, այլեւ Արցախում ու աշխարհի 30-ից ավելի երկրներում, եւ ամենուր հայկական շահերի պաշտպանության հարցում ազդեցություն ունի։ Ո՞ր ուժն է, որ հետեւողական է, չի շեղվել իր սկզբունքներից, ամբոխավար չէ, մարմնավորում է եւ՛հայ զինվորին, եւ՛աշխատավորին, եւ՛մտավորականին։ Ո՞ր ուժն է, որի ապագա խմբակցությունը նոր Ազգային ժողովում բացառված է, որ քայքայվի, տարբեր մասերի բաժանվի»,- նշեց Ա.Ռուստամյանը։ ՀՅԴ-ն ընտրություններին մասնակցում է «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով:

Քվեարկիր հանուն վերածննդի: «Հայկական վերածնունդը» նույնպես նախընտրական պայքարի մեկնարկը տվեց մարտի 5-ին և ներկայացավ երիտասարդ դեմքերով: ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի երկրորդ օրը ներկայացրեց նախընտրական ծրագիրը: Նրա խոսքով՝ ՀՎԿ ծրագրի 30 քայլերը 30 նպատակներ են: Ծրագրային դրույթներից մեկը վերաբերում է զինվորականների աշխատավարձերի բարձրացմանը, առաջարկվում է դրանք հասցնել 800-1000 դոլարի : ՀՎԿ նախընտրական կարգախոսն է՝ «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»:

Նրանք կարող են:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն իր մարզային այցելությունները սկսելու է Տավուշից՝ մարտի 10-ին: Մինչ այդ ընտրատարածքներում կուսակցության ռեյտինգային թեկնածուները հանդիպելու են ընտրողների հետ ու ներկայացնելու են իրենց ծրագրերը: ԱԴ նախագահ Խաչատուր Քոքոբելյանը քարոզարշավի մեկնարկի ժամանակ նշել է, որ Հայաստանը երկու գերխնդիր ունի: Առաջինը ԼՂՀ խնդիրն է, որի լուծումը պատկերացնում են փաթեթային տարբերակով , երկրորդը՝ ներդրումների ներգրավումն է: «Մեր ցուցակում չկան մարդիկ, ովքեր գործ են ունեցել ստվերի, կոռուպցիայի հետ, ոտնահարել են մարդու իրավունքները, մեր ցուցակում մարդիկ են, որոնք պայքարել են մարդու իրավունքների ոտնահարման դեմ»,- ներկայացնելով թիմին՝ նշել է Խ.Քոքոբելյանը: Կուսակցություն-դաշինքի կարգախոսն է՝ «Մենք կարող ենք»:

Աշխատանք և սոցիալիզմ: Կոմկուսն, ի տարբերություն մյուս կուսակցությունների, մարտի 5-ին եղավ Տավուշում, իսկ մայրաքաղաքային հանդիպումն անցկացրեց հաջորդ օրը: «Մեզ մեղադրում են, թե տառապում ենք խորհրդային տարիների կարոտախտով, բայց մենք ուզում ենք մեկ անգամ ևս ընդգծել այն խոշոր ձեռքբերումները, որոնք ունեցանք այդ տարիներին»,- հայտարարեց Կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնակատար Տաճատ Սարգսյանը: Կոմկուսը հանդես է գալիս «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ» կարգախոսով և նախընտրական ծրագրով առաջարկում է աշխատանք յուրաքանչյուրի համար, արժանավայել աշխատավարձ, անվճար, որակյալ կրթություն, մատչելի առողջապահություն, տարեցներին՝ բարեկեցիկ, ապահով ծերություն, երեխաներին՝ երջանիկ մանկություն, երիտասարդ ընտանիքներին՝ բնակարանային ապահովություն:

Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը մարտի 5-ին հանդես եկավ նախընտրական ասուլիսով, որին ներկա չէր դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ծրագրային դրույթներից է «շնորհապետություն» կառուցելու գաղափարը, որն այլ լեզուներով կոչվում է՝մերիտոկրատիա»,- քարոզարշավի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նաև հավելեց, որ ընտրություններին դաշինքը ներկայանում է խաղաղության ծրագրով: Դաշինքի կարգախոսն է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն», որը սահմանվել է դեռևս դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարի ժամանակ: ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, որ իշխանության գալով՝ դաշինքը վերականգնելու է կառավարման նախագահական-խորհդարանական մոդելը: «Մենք առաջարկում ենք մեր հաղթանակի դեպքում 2018թ. անցկացնել նախագահական ընտրություններ»,- ասաց նա:

Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան:ՕՐՕ դաշինքը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց մարտի 5-ին՝ Եռաբլուր այցով: Ավելի ուշ տեղի ունեցած դահլիճային հանդիպման ժամանակ ներկայացվեց «365 օր. ամենօրյա միջոցառումների ժամանակացույց» անվանումով նախընտրական ծրագրի 12 առաջարկները։ Դրանք են՝ բարձրացնել պայմանագրային զինծառայողների աշխատավարձը, խրախուսել ծնելիությունը, փոքր ու միջին բիզնեսի համար հարկային համաներում հայտարարել և այլն: Դաշինքի նախընտրական կարգախոսն է «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»: «Պետք է փոխվի այսօրվա իշխանությունը, մեզ նոր որակի իշխանություն է պետք, մենք հանդիպակաց մարտ ենք մղելու բոլոր խնդիրների դեմ»,- հայտարարեց դաշինքի ցուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Ելք կա
: Մարտի 5-ի առավոտյան Եռաբլուր այցով իր նախընտրական քարոզարշավը սկսեց նաև «ԵԼՔ» դաշինքը: Նույն օրը երեկոյան դաշինքը կազմակերպեց դրամահավաք-երեկո՝ նախընտրական հիմնադրամը ձևավորելու համար դրամական միջոցներ ներգրավելու նպատակով: Դաշինքի նախընտրական կարգախոսն է «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»: «ԵԼՔ-ը իրավունքի գերակայության դաշինք է, մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների դաշինք է» դրամահավաք-երեկոյի ժամանակ հայտարարեց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

Փոփոխվելու ժամանակը:«Ծառուկյան» դաշինքը մարտի 5-ին քարոզարշավը սկսեց Տավուշի մարզից: Դաշինքի անդամները կազմել են քարոզչական խմբեր, որոնք երկու օր շարունակ շրջել են մարզում ու իրենց ուղերձները հասցրել ժողովրդին։ Երրորդ օրը խմբերին միացել է դաշինքի առաջնորդը: «Ծառուկյան» դաշինքը հանդես է գալիս «Փոփոխելու և կառուցելու ժամանակն է» կարգախոսով:

Նախընտրական քարոզարշավը տևելու է մինչև մարտի 31-ը: Ապրիլի 1-ը լռության օր է, ապրիլի 2-ը՝ ընտրությունների:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները