Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հանրապետականը խուսափում է կոնկրետ խոստումներից

Հանրապետականը խուսափում է կոնկրետ խոստումներից

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Հրանտ Բագրատյանի հետ:


- Պարոն Բագրատյան, Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում գերակշռում են ընդհանուր բնույթի ձևակերպումները: Չկան կոնկրետ խոստումներ, թե առաջիկա հինգ տարիներին մեր երկրի տնտեսությունն ինչ աճ կունենա, տնտեսության այս կամ այն ոլորտում ինչ փոփոխություններ կլինեն: Իշխանություններն ինչո՞ւ են խուսափել կոնկրետ խոստումներից:


- Խնդիրը միայն Հանրապետական կուսակցությանը չէ: Ընդհանրապես, երբ տնտեսական ծրագիր եք ներկայացնում, պետք է ցույց տաք, թե ինչի եք ունակ, ինչքան կարող եք աճեցնել հանրապետության ՀՆԱ-ն, փոփոխել մակրոտնտեսական ցուցանիշները: Դրանից հետո նոր կկարողանաք սոցիալական խոստումներ տալ: Այս առումով ՀՀԿ-ի ծրագիրը շահեկանորեն պետք է տարբերվեր մյուսներից, վերջին հաշվով իշխող քաղաքական ուժ է: Բայց երբ կարդում ես այդ ծրագիրը, տեսնում ես, որ ծրագիր չկա: Այսինքն՝ վիճակն այնքան բարդ է, որ ՀՀԿ-ն բացահայտորեն խուսափում է որևէ թիվ, որևէ կոնկրետություն նշելուց:

- Միգուցե պատճառն այն է, որ աչքի առաջ ունի նախորդ ընտրություններից առաջ ներկայացրած, բայց իրականություն չդարձրած ծրագրերը: Այսինքն, խուսափում է կոնկրետ խոստումներից, որ հետո ստիպված չլինի բացատրել, թե ինչու չստացվեց:

- Կարծում եմ՝ այո:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում անցած հինգ տարիների տնտեսական կառավարումը Հայաստանում:

- Իշխանությունները խոստացել էին, որ տնտեսությունը պետք է աճեր տարեկան 7 տոկոս, որն այս 5 տարիններին 90 տոկոսից ավելի կկազմեր, բայց աճել է դրա ընդամենը մեկ քառորդի չափով՝ 25 տոկոս: Դրա համար էլ հիմա չեն խոստանում: 2007թ. հայտարարեցին տասնամյա ծրագրի մասին, նույնը արեցին 2012-ին արդեն հնգամյա ծրագրով: Թեև հետո էլ կառավարությունը ծրագիր բերեց, թե տարեկան աճը պետք է լինի 4-6 տոկոս: Մինչդեռ վերջին հինգ տարիներին տնտեսական աճը կազմել է 14 տոկոս: Այն դեպքում, երբ ճգնաժամ գրեթե չկար:

- Վերջին հինգ տարիներին երեք վարչապետ ենք փոխել: Նրանցից որևէ մեկը ՀՀ տնտեսության զարգացման համար իրական քայլեր իրականացրե՞լ է:

- Հազվագյուտ քայլեր են արվել: Օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կա տեղաշարժ, աշխատեցին ընդդիմության հետ և արտոնություններ տվեցին այդ ոլորտին, հիմա էլ փորձում են դա երկարաձգել: Մեզ չհաջողվեց հարկային ոլորտում փոփոխություններ իրականացնել և փոքր ու միջին բիզնեսի համար որոշակի մեղմացում սահմանել: Վերջին հաշվով այսօր խոշոր բիզնեսն ավելի քիչ է հարկվում, քան թե փոքր ու միջին բիզնեսը: Եղավ միայն խոստում, որ վերջապես կստեղծեն ներդրումային ժողովրդական հիմնադրամ: Վերջին երկու վարչապետները խոսք են տվել, բայց մենք դեռ սպասում ենք դրա իրականացմանը: Այդ խոստումից անցել է երեք տարի, մինչդեռ դա ընդամենը 15 օրում լուծելու հարց էր:

- Կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգը կնպաստի՞ տնտեսության զարգացմանը:

- Ոչ, չի նպաստի զարգացմանը, քանի որ ծրագիր չկա : Հանրապետական կուսակցությունը չի տիրապետում և պատրաստ էլ չի հայտարարելու, որ ունի կամ որդեգրում է մեկ ուրիշ ծրագիր, որը տնտեսություն կզարգացնի: Այս խորհրդարանական ընտրությունները դրա ապացույցն են: Մարդիկ պարզապես ծրագիր չունեն:

- ՀՀԿ-ն այս անգամ իր քարոզչությունն իրականացնում է հիմնականում վարչապետ Կարեն Կարապետյանի միջոցով, ով ասում է՝ վստահեք մեզ և չեք փոշմանի: Կարապետյանի այս 6 ամսվա գործունեությունը հուսադրո՞ղ է, որ ՀՀ քաղաքացիները վստահեն իրեն ու ՀՀԿ-ին, հետո չփոշմանեն:

- Ես չեմ ուզում անձնավորել: Վարչապետը խոսում է պետական պաշտոնյայի իմիջի փոխարեն, բայց ասենք՝ նույն կերպ 2013-ին իմիջ էր փոխում Րաֆֆի Հովհաննիսյանը, և գիտեք, թե այդ ամենն ինչով ավարտվեց: Այնուամենայնիվ ուզում եմ կոնկրետ հասկանալ, թե ինչ է արել և ինչ է պատրաստվում անել ՀՀԿ-ի կառավարությունը: Ես դա չեմ տեսնում նրա ծրագրում: Հիմա, երբ 2016 թվականը ճանապարհել ենք և գիտենք, որ տնտեսական ցուցանիշների պատկերը շատ վատ է, մենք ուզում ենք հասկանալ և ստանալ հարցի պատասխանը, թե տնտեսությունն ի վերջո աճելո՞ւ է, թե՞ ոչ, կամ ի վիճակի՞ են աճեցնել, թե՞ ոչ: Այ, խոսում են ներդրումների մասին, բայց ովքե՞ր են անելու այդ ներդրումները: Անորոշ է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները