Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պոպուլիզմից ռոմանտիզմ. նախընտրական ծրագրերի ընդհանրությունները

Պոպուլիզմից ռոմանտիզմ. նախընտրական ծրագրերի ընդհանրությունները

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերը պայմանականորեն կարող ենք բաժանել երեք խմբի՝ պոպուլիստական, դեկլարատիվ և «ռոմանտիկ»:

Առաջին խմբում «Հայկական վերածնունդ» կուսակցության, «Ծառուկյան» դաշիքի և մասամբ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ծրագրերն են: Դրանց բնորոշ են ընդհանուր սոցիալական ուղղվածությունը, առանց նորարարկան մտքի՝ ստանդարտ առաջարկները, սոցիալական առաջնային հիմնահարցերի լուծման շռայլ խոստումներն ու անիրատեսական ցուցանիշները: «Ծառուկյան» դաշինքի և ՀՎԿ-ի ծրագրերում բազմաթիվ խոստումներ կան, որոնք բյուջետային լրացուցիչ միջոցներ են պահանջում: Սակայն ծրագրերից հնարավոր չէ անգամ մոտավոր պատկերացում կազմել, թե որոնք են նման միջոցների աղբյուրները, ինչ լրացուցիչ ռեսուրսների են ապավինում դրանց հեղինակները: Դրանք առավելապես հիմնված են ընտրողների սոցիալական ծանր վիճակի, ակնկալիքների շահագործման ու մանիպուլյացման վրա:

«Դեկլարատիվ» խմբում «Հանրապետական» և ՀՅԴ կուսակցությունների ծրագրերն են: Դրանց ամենաբնորոշ առանձնահատկությունն կոնկրետությունից, թվային ու քանակական ցուցանիշներից զուրկ լինելն է: Ծրագրերի կազմվել են այնպես, որ հնարավորինս քիչ չափելի լինեն: Դրանք հիմնականում ցանկությունների, ընդհանրական նպատակադրումների ամբողջություն են: Այս առումով ՀՅԴ-ն ավելի ազնիվ է գտնվել՝ իր ներկայացրածը ոչ թե ծրագիր, այլ պլատֆորմ անվանելով: Այն իսկապես պլատֆորմային է և կառուցվածքի, մեթոդաբանության տեսանկյունից շատ նման 2016թ. փետրվարին ընդունված ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրին:

Երրորդ՝ «ռոմանտիկ»-ների խմբում «ԵԼՔ» դաշինքի, «Ազատ դեմոկրատներ»-ի և «ՀԱԿ-ՀԺԿ» ծրագրերն են: Դրանց ընդհանրությունը տարբեր ոլորտներում նորարարական, միջին վիճակագրական ընտրողի համար ոչ այնքան հասկանալի գաղափարներ պարունակող լուծումների առկայությունն է: «Ազատ դեմոկրատներ»-ի ծրագրում հիմնական խնդիրը եվրասիական ուղղությունից եվրոպականի կտրուկ անցման ռիսկերի և դրանց չեզոքացման կամ դրանց ազդեցության նվազնեցման կառուցակարգերի անորոշությունն է: «Ելք»-ի ծրագրում բացակայում է հայեցակարգայնությունը. ոլորտային լուծումների, առաջարկների միջև կորելացիոն, պատճառահետևանքային կապերն այնքան էլ պարզ չեն: «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքի ծրագրի «ռոմանտիզմը» փոքր-ինչ այլ է: Տնտեսական քաղաքականությունը թեև իրատեսական է, բայց Հայաստանի բոլոր խնդիրների լուծումը կապվում է ԼՂ հարցի կարգավորման, Թուրքիայի հետ սահմանների բացման և Հայաստանի ապաշրջափակման հետ: Ծրագիրը չի տալիս այն հարցի պատասխանը, թե որքանո՞վ կամ ինչպե՞ս այդ իրավիճակը Հայաստանը կդարձնի ավելի ժոովրդավար, տնտեսությունն ավելի մրցունակ, կոռոuպցիայից ու արհեստական մենաշնորհների ազդեցությունից զերծ:

Բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում այս կամ այն չափով արտացոլված են անցած 5 տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները: Հատկապես մեծ հետք են թողել անվտանգության և Հայաստանի պաշտպանունակության ոլորտում ի հայտ եկած նոր ռիսկերը: Օրինակ՝ գրեթե բոլոր քաղաքական ուժերը նախատեսում են աստիճանաբար անցնել պրոֆեսոիոնալ բանակի գաղափարին, խթանել ներքին ռազմաարդյունաբերությունը՝ հիմնված ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա, այն դարձնել տնտեսության և գիտակրթական համակարգի զարգացման շարժիչ ուժ:

Քաղաքական 4 ուժ՝ «Ելք»-ը, «ՀԱԿ-ՀԺԿ»-ն, «Հայկական վերածնունդ»-ը և «ՕՐՕ»-ն, իշխանության գալով, նախատեսել են սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել: Ծրագրային ձևակերպումներից պարզ է դառնում, որ հիմնական շարժառիթը Սահմանադրության և ընդհանուր իրավակարգի լեգիտիմության վերականգնումն է: ՀԱԿ-ՀԺԿ-ի դեպքում պատճառը գաղափարական է. այս ուժը նախագահական կառավարման մոդելի կողմնակից է:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական սանկցիաների մեծ մասը հանումը ևս զգալի որգևորություն է առաջացրել հայաստանյան քաղաքական ուժերի միջավայրում: Ծրագրերում Իրանը դիտարկվում է առավելապես իբրև տնտեսա-քաղաքական գործընկեր, որի միջոցով հնարավորություն է ստեղծվել ճեղքել տարածաշրջանային շրջափակումը, Հայաստանը ներգրավել կոմունիկացիոն, էներգետիկ տարածաշրջանային ծրագրելում: Առանձին դեպքերում, ինչպես օրինակ «Ազատ դեմոկրատներ»-ի պարագայում, այդ հեռանկարը դրդել է անուշադրության մատնել ծրագրային որոշ հակասություններ:

Մոտեցումները նման են նաև գյուղատնտեսության սուբսիդավորման համակարգ ներդնելու, կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմների առումով: Վերջին հարցում առանձնանում է միայն «Ելք» դաշիքնը, որի առաջարկած՝ պետական պաշտոնյաների եկամունտների և գույքային շարժերի հետ կապված հրապարակայնության և հաշվետվողականության ապահովման, պատասխանատվության կառուցակարգերը կարելի է հեղափոխական համարել:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները