Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հին ու նոր ծրագրերի արանքում

Հին ու նոր ծրագրերի արանքում

5-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր 6 խմբակցությունները ներկայացնող քաղաքական ուժերը մասնակցում են 2017թ. խորհրդարանական ընտրություններին: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն մասնակցում են առանձին: ՕԵԿ-ն ընտրությունների է գնում անվանափոխված՝ իբրև «Հայկական վերածնունդ» կուսակցություն, որի նախագահը և խմբակցության 5 անդամներից 4-ը ՀՎԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականներում են: «Ծառուկյան» դաշինքը ձևավորվել է ԲՀԿ առանցքի շուրջ: Դաշինքը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, ով ԲՀԿ խմբակցության նախկին ղեկավարն էր: ՀԱԿ-ն ընտրություններին գնում է «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինքով: Խմբակցության 7 անդամներից դաշինքի ցուցակում ընդգրկվել են 4-ը: «Ժառանգություն» կուսակցությունը ներգրավված է «ՕՐՕ» դաշինքում, իսկ խմբակցության մեջ ընդգրկված «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է գալիս առանձին:

Որո՞նք են խորհրդարանական ուժերի ծրագրային առանձնահատկությունները, որքանո՞վ են պահպանվել 2012թ. ներկայացված առաջնահերթությունները, ի՞նչ է փոխվել նոր ծրագրերում:

ՀՀԿ. Իշխող կուսակցությունը որևէ ոլորտում չափելի ցուցանիշ չի նշել: 2017թ. ծրագրում միայն մեկ ցուցանիշ է ամրագրել. ՀՆԱ-ում արտահանման տեսակարար կշիռը հասցնել 40-45%-ի: Նկատելի է նախընտրական ծրագրերի գործնական նշանակությունը նվազեցնելու հետևողական միտում: 2007թ. ՀՀԿ ծրագիրը բավական որոշակի էր, նշված էին տնտեսական աճի, ՀՆԱ-ի, ստվերային տնտեսության կրճատման կոնկրետ ցուցանիշեր: 2012թ. դրանք արդեն չկային, թեև քաղաքականության ուղղությունների և արդյունքների առումով որոշակիության սկզբունքը պահպանվում էր: 2017թ. ծրագիրը, չնայած հռչակագրայնությանը, տնտեսական, սոցիալական, կրթության, առողջապահության ոլորտներում կառուցված է խնդիրների ախտորոշման, մարտահրավերների թիրախավորման և դրանց լուծմանն ուղղված նորարարական գաղափարներ պարունակող, բայց ընդհանրական մոտեցումներով: Մինչդեռ մյուս ոլորտներում՝ արտաքին քաղաքականություն, անվտանգություն, Հայաստան-Սփյուռք կապեր, ԼՂ հիմնահարց, նկարագրողական ձևակերպումներ են: Այնպիսի տպավորություն է, որ ծրագրի վրա աշխատել է երկու առանձին թիմ՝ տարբեր մեթոդաբանությամբ:

ՀՅԴ. 2017թ. ծրագիրը խիստ հռչակագրային է և այս առումով ոչ շահեկանորեն տարբերվում է 2012թ. ներկայացված պրագմատիկ ու չափելի ծրագրից: Այնպիսի տպավորություն է, որ ՀՅԴ-ն ոչ թե կոնկրետ գործողությունների ծրագիր է ներկայացրել, այլ համալիր սկզբունքների ամբողջություն՝ նպատակ ունենալով դրանց շուրջ համագործակցել այլ ուժերի հետ: Այսուհանդերձ, ՀՅԴ-ն հավատարիմ է մնացել 2012թ. ծրագրի «մարդակենտրոնության» և «հայաստանակենտոնության» գաղափարին: Նոր ծրագիրը բնույթով պահպանողական է, ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Ծրագրից դուրս են մնացել արդարադատության, դատաիրավական ոլորտները:

ՕԵԿ-ՀՎԿ. Նոր ծրագիրն անվանել է «30 քայլ, որոնք կփոխեն Հայաստանը»: Թվարկվում են սոցիալական, տնտեսական, առողջապահական և անվտանգության ոլորտներում անհրաժեշտ համարվող քայլերը, որոնց ներքին պատճառահետևանքային կապերը չեն զգացվում: Արտաքին քաղաքականության ոլորտը դուրս է մնացել ծրագրից: Ակնհայտ է, որ ծրագրի հիմնական նպատակը հասարակության սոցիալապես խոցելի, անպաշտպան շերտի ընտրաձայները գրավելն է՝ նրանց ակնկալիքները բավարարող, որոշ հատվածներում անիրատեսական, տնտեսագիտորեն չհիմնավորված խոստումներով:

Պոպուլիզմը նաև ՕԵԿ-ի 2012թ. նախընտրական ծրագրի հիմքում էր: Այն, սակայն, կառուցված էր ոչ թե քայլերի տրամաբանության, այլ ոլորտային հայեցակարգերի, ծրագրերի, ռազմավարությունների նախանշման սկզբունքով: «30 քայլ» ծրագրում դրա հետքն անգամ չկա: Չնայած դրան՝ նոր ծրագրում կան առանձին ուշագրավ գաղափարներ: Օրինակ՝ առողջապահության ոլորտում պետպատվերի համակարգի բարեփոխման կամ սեփական հողամաս ունեցող կանանց գյուղատնտեսական աշխատանքը աշխատանքային ստաժ համարելու առաջարկները

ՀԱԿ-«ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք. ՀԱԿ-ը 2012թ. համահավաք նախընտրական ծրագիր չէր ներկայացրել: Այն կազմված էր ՀԱԿ առաջնորդի ծրագրային ելույթներից, տնտեսական, դրամավարկային և հարկաբյուջետային ոլորտներն ընդգրկող «100 քայլ» ծրագրից: 2017թ. դաշինքը հանդես է եկել կոնկրետ ծրագրով, որտեղ հիմնական շեշտադրումը ԼՂ հիմնահարցի շուտափույթ կարգավորման և դրա սոցիալ-տնտեսական ազդեցության վրա է: Տնտեսական և սոցիալական քաղաքականության ոլորտներում ՝ հարկեր, նվազագույն աշխատավարձ, կենսաթոշակ, սահմանվել են իրատեսական և երկրի պոտենցիալից բխող ցուցանիշներ: Ծրագրի հիմնական թիրախներն են կոռուպցիան ու մենաշնորհները, ուշադրության առանցքում է նաև գիտակրթական համակարգի միասնականացումը:

ԲՀԿ-«Ծառուկյան» դաշինք. Նախորդ գումարման խորհրդարանի միակ քաղաքական ուժն է, որը գնացել է նախընտրական ծրագիրն ավելի որոշակիացնելու, որակական և թվային ցուցանիշներ նախատեսելու, ծրագիրն ավելի չափելի դարձնելու ճանապարհով: 2012թ. ԲՀԿ ծրագիրը բավական դեկլարացիոն էր: Նոր ծրագրային առաջնահերթություններում պահպանել է սոցիալական շեշտադրումը. առաջարկվող փոփոխությունների թիրախը սոցիալական խնդիրների լուծումն է, կենսամակարդակի բարելավումը: Միևնույն ժամանակ 2017թ. նախընտրական ծրագրում տեղ են գտել նաև խոստումներ, որոնք ամբոխահաճո են, իրականացման տեսանկյունից բարդ, որոշ դեպքերում նաև հակասական: Օրինակ, դաշինքը խնդիր է դնում վերացնել կուտակային կենսաթոշակային համակարգը, այն դեպքում, երբ համապատասխան օրենսդրական փոփոխությունների ժամանակ՝ 2011թ., կողմ էր կամավոր կուտակային բաղադրիչի ներդրմանը: Նոր ծրագրում կան հատվածներ, որոնք 2012թ. ԲՀԿ ծրագրային դրույթների բառացի կրկնություններն են. օրինակ՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման մոտեցումների ձևակերպումները: Այսինքն, անվտանգային նոր մարտահրավերներն այնքան էլ չեն կարևորվել:

«Ժառանգություն»- ՕՐՕ և «Ազատ դեմոկրատներ». «Ժառանգության»՝ 2012-ին ներկայացրած ծավալուն, իրավիճակի վերլուծության և առաջարկների համակողմանիության ու կոնկրետության առումով առանձնացող ծրագիրը բազային է եղել «Ազատ դեմոկրատներ»-ի և ՕՐՕ-ի համար: Առաջինի դեպքում՝ դրա լիբերալ-ազգային դիմագծի յուրացման, երկրորդի դեպքում՝ առատ հղումների առումով: Թեև երկուսն էլ ծրագրերը կառուցել են միայն ոլորտային առաջնահերթությունները նշելու մեթոդաբանությամբ:

Ծրագրերի համեմատական դիտարկումը ի հայտ է բերել մի հետաքրքիր կազուսային իրողություն: «Ազատ դեմոկրատներ»-ը և ՕՐՕ-ն այնքան ուղղակի են օգտվել «Ժառանգության» ծրագրից, որ օրինակ երկուսի մոտ էլ կրթության ոլորտին առնչվող ծրագրային որոշ մոտեցումներ նույնն են:

ՕՐՕ-ի պարագայում իրավիճակը նույնիսկ զավեշտի է հասնում: Մասնավորապես բնապահպանության, գիտության ոլորտների ծրագրային հիմնադրույթների մեծ մասն արտատպվել է «copy-paste» սկզբունքով: Դաշինքում անգամ հոգ չեն տարել փոխելու տարեթվերը: Օրինակ 2017թ. ՕՐՕ նախընտրական ծրագրում այսպիսի ձևակերպում կա. «Ապահովելու ենք «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրառում պահանջվող շրջակա միջավայրում արտադրության եւ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց, ինչի հաշվին հանքարդյունահանողներից բնապահպանական վճարների ամբողջական գանձման արդյունքում արդեն 2013թ.-ին առնվազն 428 մլրդ դրամ (շուրջ 1,1 մլրդ ԱՄՆ դոլար) կմուտքագրվի պետբյուջե, ընդ որում՝ դրա մի մասը` գույքի եւ բաժնեթղթերի ձեւով»:

Այս անհեթեթ իրողությունների պատճառը, թերևս, այն է, որ մինչև նախընտրական շրջանի մեկնարկը քաղաքական ուժերի մեծ մասը կենտրոնացած էր նախընտրական դաշինքների ստեղծման շուրջ բանակցությունների վրա և ծրագրերի մշակման ժամանակ չուներ: Պատահական չէ, որ բառացի արտատպումները բնորոշ են հենց «ՕՐՕ», «Ծառուկյան» դաշինքների և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրերին: Երեքն էլ գրեթե մինչև ԿԸՀ-ում գրանցվելու պահը դեռ դաշինքնաստեղծման կամ ցուցակների հստակեցման գործընթացների մեջ էին:

Երևույթն ինքնին բացահայտում է, որ քաղաքական ուժերի մեծ մասը նախընտրական ծրագրերին այնքան էլ լուրջ չի վերաբերվել: Գործել է «պարտադիր անպետքության» սկզբունքը. ծրագրեր անհրաժեշտ է ունենալ, որովհետև չունենալը սխալ կընկալվի: Պատահական չէ, որ քարոզարշավի ընթացքում ծրագրերի շուրջ որևէ բովանդակային բանավեճ տեղի չունեցավ: Դրա պահանջարկը չկա ո՛չ ընտրողների, ո՛չ էլ քաղաքական ուժերի շրջանում: Վերջինները ծրագրերը չեն դիտարկում որպես ընտրողների կողմնորոշման վրա ազդելու «գործիք»՝ ապավինելով քաղաքական այլ տեխնոլոգիաների: Իսկ ընտրողներն ընտրություն են կատարում լրիվ այլ չափորոշիչներով, իսկ ծրագրերին պարզապես չեն հավատում:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները