Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընտրական գործընթացը քաղաքական չէ. քուչի մակարդակ է

Ընտրական գործընթացը քաղաքական չէ. քուչի մակարդակ է

Նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, և ընդամենը մի քանի օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են խորհրդարանական կառավարման համակարգի Ազգային ժողով, որը լինելու է միակ ներկայացուչական կամ առաջնային մանդատ ունեցող մարմինը: Այս ընտրությունների արդյունքում է որոշվելու, թե 9 քաղաքական ուժերից որն է առաջիկա 5 տարիներին կառավարելու մեր երկիրը: Ինչո՞վ առանձնացավ այս նախընտրական քարոոզարշավը նախորդներից, ունեցա՞վ այն քաղաքական բնույթ, տեսա՞վ ընտրողը գաղափարական կամ ծրագրային հարցերի քննարկում:

Այս հարցերի շուրջ Parliamentmonitoring.am-ը զրուցել է քաղաքագետներ Արմեն Բաղդասարյանի, Արմեն Գրիգորյանի և մերդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

Հիմնական առանձնահատկությունները

Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ այս ընտրությունների քարոզարշավը տարածքային ցուցակների պատճառով առանձնացավ ավելի սուր անձնական դիմակայություններով, որոնք դրսևորվեցին ծեծկռտուքով, դանակահարությամբ, կրակոցներով: «Հաջորդ անձնահատկությունն այն է, որ իշխող «Հանրապետական» կուսակցության գլխավոր քարոզչական դեմքը ընդգրկված չէ նախընտրական ցուցակում: Ցուցակում չկա նաև կուսակցության առաջնորդի անունը: Այսինքն, նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս ընտրողներին գցել թյուրիմացության մեջ: Բացի այդ՝ ընտրական համակարգն այնպես է կառուցված, որ ցուցակի 150-րդ հորիզոնականի թեկնածուն կարող է անցնել խորհրդարան, 30-րդը՝ ոչ»,-ասում է վերլուծաբանը: Ըստ նրա՝ հասարակությանը խաբելու հնարավորությունները շատ են, և քաղաքական ուժերը դա շատ լավ օգտագործում են:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ այս քարոզարշավն առանձնացավ նրանով, որ պատգամավորության թեկնածուների մեծ մասը չէր պատկերացնում, թե ինչ է առաջարկում ընտրողներին, և նրանց առաջարկները սկսեցին ձևավորվել միայն ընտրարշավի ընթացքում: «Այսինքն, պատրաստի պլատֆորմներ գրեթե գոյություն չունեին, քանի որ դաշինքների մեծ մասը ձևավորվեց վերջին պահին և ամենևին ոչ քաղաքական գաղափարախոսությամբ: Միավորվել են բավականին իրարամերժ քաղաքական ուժեր: Օրինակ, ՕՐՕ դաշինքը: Կամ «Ծառուկյան» դաշինքը, որտեղ ՀՀՇ-ի անդամների հայտնվելը շատ զարմանալի էր: Ներքաղաքական շարժումները կամ կուսակցությունները հիմնականում չունեն հստակ քաղաքական պատկերացումներ, դիրքորոշում, և ամեն ինչ սիտուատիվ է որոշվում: Դաշինքների հիմքում ավելի շատ անձն է, քան գաղափարախոսությունը: Դրա համար դժվար է հասկանալ ձախակողմյան կամ աջակողմյան կուսակցություններ կան թե ոչ: Այս ընտրությունների երկրորդ կարևոր առանձնահատկությունը այն է, որ քարոզարշավն անցավ որպես PR գործողություն, ինչը մեզ համար նորություն : Իմիջային գործողություններ էին արվում: Ուժերը փորձում էին ստեղծել սեփական դրական իմիջը և ոչ թե սևացնել հակառակորդին: Նախորդ ընտրությունների ժամանակ մրցակիցներին վարկաբերող ահռելի քանակությամբ նյութեր էին լցվում համացանց»,- ասում է փորձագետը:

Արմեն Գրիգորյանի կարծիքով էլ այս նախընտրական քարոզարշավը հեռուստատեսությունից տեղափոխվել էր օնլայն մեդիա-տիրույթ, քանի որ հեռուստատեսությունը միակողմանի էր լուսաբանում:

Քաղաքակա՞ն, թե՞ կենցաղային ընտրություններ

Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելիս՝ իշխանությունները, մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումը կնպաստի կուսակցությունների և քաղաքական դաշտի կայացմանը: Այս ընտրությունները այդ համակարգին անցնելու առաջին քայլն է: Մեր զրուցակիցները, սակայն, կարծում են, որ ավարտին մոտեցող նախընտրական քարոզարշավը պակաս քաղաքական էր և պակաս բովանդակային: Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ գործընթացը կենցաղային է, քանի որ ընտրողները կուսակցությունների ու թեկնածուների հետ հանդիպումներում հիմնականում հենց կենցաղային հարցեր են բարձրացրել: Տարածքային ցուցակները հետին պլան են մղել կուսակցություններին, և ընտրությունների ժամանակ ավելի ազդեցիկ են դարձել թեկնածուների հնարավորությունները, թաղային հեղինակությունների, ծանոթ-բարեկամների ինստիտուտը:

«Այդ ինստիտուտը միշտ է շեշտված եղել, պարզապես հիմա առավել ակնհայտ է, որովհետև իշխանություններն այնպիսի խորամանկ մեխանիզմ են սարքել, որ թաղային հեղինակությունն ու փողատերերը աշխատեն իրենց համար, իսկ ստացած ձայները մեխանիկորեն գնան կուսակցությանը: Դրա համար էլ քաղաքական բանավեճը երկրորդ պլան է մղվել, կարելի է ասել՝ ընդհանրապես չկա: Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հավաստիացումներին, ապա տեսել ենք, որ նման հայտարարությունները ճիշտ հակառակ ուղղությամբ են իրականանում: Օրինակ, 2012թ. ընտրություններից առաջ էլ նախագահը հայտարարեց, որ իր կուսակցության ցուցակում գործարարներ չեն լինելու, բայց անցավ մի երկու օր, նա սկսեց անձամբ քարոզել գործարար թեկնածուների օգտին: Իսկ հիմա կուսակցությունների դերը զրոյացավ, փոխարենը մեծացավ փողի դերը: Մարդկանց թվում է, թե իշխող կուսակցության հիմնական քարոզչական դեմքը Կարեն Կարապետյանն է, բայց իրականում նա չէ: ՀՀԿ-ի քարոզչական թիվ մեկ դեմքը Մարտիրոս Սարյանն է, որովհետև քսան հազարանոցի վրա նրա նկարն է»,- եզրափակում է Արմեն Բաղդասարյանը:

Արմեն Գրիգորյանը նկատում է, որ ներկուսակցական բռնությունների այսպիսի բարձր մակարդակ ոչ մի ընտրարշավի ժամանակ չի եղել. «Ներկուսակցական բռնության արդեն հինգ դեպք է գրանցվել: Դրա գլխավոր պատճառը ներդրված նոր ընտրական համակարգն է»,-ասում է քաղաքագետը:

Այս իրավիճակում Սամվել Մարտիրոսյանը կարևորում է հասարակության դերը: Նրա խոսքով՝ եթե մեր ընտրողները քաղաքական գործընթացներում ավելի շատ ներգրավված լինեին և դրանով չհետաքրքրվեին միայն ընտրությունից ընտրություն, ապա մենք կունենայինք ձևավորված քաղաքական դաշտ և ոչ թե միմյանց դեմ դուրս եկած թեկնածուներ: «Բայց այսօր հարց է լուծում նա, ով ավելի զոռբա է: Ավելի շատ ուժային, քան քաղաքական պայքար է գնում: Այս պահին ռեյտինգային կոչված ընտրակարգն աշխատում է քաղաքական դաշտի դեմ, որովհետև առաջ են գալիս այն մարդիկ, որոնք կկարողանան գողականներին ներգրավել, ընտրությունների օրը լավ կռիվ տալ: Սա քուչի կռիվների մակարդակի բախում է, քաղաքականություն չէ»,- հավելում է Սամվել Մարտիրոսյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները