Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Իսկ Բաղրամյան 19-ում անդորր էր

Իսկ Բաղրամյան 19-ում անդորր էր
Նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահին մեկնարկած ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյան ընթացավ զարմանալիորեն անվրդով մթնոլորտում, անհաղորդ այն ամենին, ինչ տեղի էր ունենում խորհրդարանի պատերից դուրս: Ասես այնտեղՙ դրսում, նախագահի 8 թեկնածուների միջև ծավալված նախընտրական պայքարը երկրի քաղաքական կյանքին ամենևին չէր վերաբերում, ասես թեկնածուներից մեկի վրա չէին կրակել, իսկ մյուսն էլ հենց դիմացի մայթին արդեն տասն օրից ավելի հացադուլի մեջ չէր՝ նման ծայրահեղ քայլով արտահայտելով իր գլոբալ բողոքը ստեղծված քաղաքական իրավիճակի դեմ: Խորհրդարանական անդորրը չխախտեցին նաև քառօրյայի մեկնարկի օրը Բաղրամյան 19-ի մոտ խմբված ատամնաբույժները, ովքեր եկել էին օրենսդիրներին գանգատվելու, որ նրանց ընդունած օրենքը հինգ թե յոթն անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը՝ հարվածի տակ դնելով մասնագիտական գործունեությունը հայրինիքում շարունակելու նպատակահարմարությունը: Ճիշտ է, ատամնաբույժները, որպես ինտելիգենտ մարդիկ, ԱԺ շենքի մոտ չէին աղմկում և «անկարգություններ» չէին անում. նրանք ընդամենը սպառնում էին հեռանալ երկրից, եթե «Արտոնագրային վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունը չվերանայվեր և իրենց չվերադարձվեին նախկինՙ առողջապահության համակարգին ներդաշնակ, աշխատելու հնարավորությունները: Ատամնաբույժներն անգամ, ինտելիգենտ կոռեկտությամբ, չէին ակնարկում, թե ստիպված կլինեն բարձրացնել իրենց մատակարարած ծառայությունների սակագները: Հավանաբար տեղյակ եք, որ ատամնաբույժներին ընդունեց Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Բաբլոյանը, ով, ամենայն հավանականությամբ, կողմ էր քվեարկել տնտեսական ոլորտի այդ օրենքի ընդունմանը և սակայն, ամենայն հավանականությամբ, ատամնաբույժներից էր տեղեկանում փոփոխությունների «նրբություններին»: Ատամնաբույժներն ի դեմս ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարող են խորհրդարանում իրենց շահերը պաշտպանող ունենալու հույսեր փայփայել, քանի որ պարոն Բաբլոյանը, ինչպես գիտեք,    ՀՀ-ում գործող ամենախոշոր ապահովագրական ընկերություններից մեկի հիմնադիրն է և, ուրեմն,  ամենևին շահագրգռված  չպետք է լինի առողջապահական ծառայությունների սակագների բարձրացմամբ: Սակայն տվյալ դեպքում Բաբլոյանից, թերևս, քիչ բան է կախված: Խորհրդարանից ստացված տեղեկություններից դատելով, եթե անգամ այդ չարաբաստիկ օրենքը վերանայվի, ապա միայն «մասնակիորեն» և խիստ կոսմետիկ, որից հետո, ամենայն հավանականությամբ, ատամնաբույժների մի մասը, այնուամենայնիվ, կլքի երկիրը, մնացողները, անկասկած, կբարցրացնեն ատամնաբուժական ծառայությունների սակագները: Իսկ խորհրդարանում, միևնույնն է, անվրդով ու ստեղծարար աշխատանքային մթնոլորտ էր տիրում: Մանավանդ՝ շատ բեղմնավոր: 1-ին, 2-րդ ընթերցումներով, ամբողջությամբ՝ մեկը մյուսի հետևից օրենքներ էին ընդունվում՝ ամենատարբեր ոլորտներին առնչվող: Երեք տասնյակից ավելի բազմաբնույթ օրինագծեր՝ կանանց իրավունքներին ու ՀՀ նախագահի աշխատավարձին, զինված ուժերին ու բարձրագույն կրթությանը, էներգետիկային ու քրեական օրենսգրքին, երկաթուղուն ու քաղծառայությանը, բռնադատվածներին ու վիճակագրությանը, մաքսային օրենսգրքին ու գիտատեխնիկական գործունեությանը, ստուգումներին, լիցենզավորմանն ու քրեական օրենսգրքին վերաբերող կարգավորումներով, քննարկվում ու հավանության էին արժանանում այնպիսի հերթականությամբ ու արագությամբ, որ կարելի էր զարմանալ, թե ինչպես պատգամավորների գլուխը չի պտտվում: Քաղաքական փոքրամասնությունը քննարկումներին գրեթե չէր մասնակցում՝ ամբիոնը համարյա ամբողջովին տրամադրելով հանրապետականին: Ընդհանրապես ընդդիմությունը խորհրդարանում գարնանայինի առաջին քառօրյայի ընթացքում շատ պասիվ էր՝ մի տեսակ սպասողական թե անորոշ վիճակում: Աշնանային նստաշրջանի ակտիվությունը մարել էր: Բացառություն էր միայն Արծվիկ Մինասյանը, ով նույնիսկ առաջվանից ավելի հաճախակի էր մոտենում ամբիոնին: Սակայն բացառված չէ, որ դաշնակցական պատգամավորի մոտիվացիան անձնական էր. նա գլխավորում է parliamentmonitoring-ի ամենաակտիվ պատգամավորների տասնյակը և, հնարավոր է, առաջիկայում էլ մտադիր է պահպանել այդ դիրքը: Թվում է՝ ինչ վատ բան կա, որ օրենսդիր մարմինն աշխատում է այդպիսի խաղաղ մթնոլորտում, ամեն քառօրյայի տասնյակներով համալրում է օրենսդրական բազան, նույնիսկ որոշ օրինագծերի քննարկումներ է ապահովում... Կարող էինք ձևացնել, թե դա նորմալ է, նույնիսկ՝ լավ, եթե գոնե չլիներ այդ ատամնաբույժների անկոչ այցը խորհրդարան... «Ինչ կապ ունեն դրանք միմյանց հետ»՝  կմտածեք: «Ուղղակի»՝ կպատասխանեմ: «Արտոնագրային վճարների մասին» օրենքում դեկտեմբերին  կատարված փոփոխությունները միայն մեկ, բայց շատ տիպական օրինակ է, թե ինչպես են քննարկվում ու պատգամավորների կողմից «մարսվում» օրինագծերը, որոնց հետո հավանություն են տալիս՝ կողմ քվեարկելով: Չեմ հիշում, թե այդ նախագիծը տարաձայնություններ էր հարուցել խորհրդարանի (թեկուզ առանձին պատգամավորների) ու կառավարության միջև: Խորհրդարանն իր ընդունած օրենքի մանրամասների մասին այս դեպքում տեղեկանում էր ատամնաբույժներիցՙ  օրենքը կիրառման մեջ դրվելուց հետո, իհարկե: Փետրվարի 4-ից 7-ը ՀՀ Ազգային ժողովը հանգիստ, անվրդով պայմաններում ստեղծագործում էր: Ստեղծագործում էր գարնանային ավյունով՝ անդրադառնալով հնարավոր բոլոր ոլորտներին, հնարավորինս շատ օրենքներ ընդունելով: Իսկ թե ինչ խութեր են թաքնված դրանցում, կարող է հայտնի դառնալ միայն դրանց գործողության մեջ դրվելուց հետո: Ինչպես հաճախ է պատահում:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները