Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՕԵԿ-ն առաջարկում է հրաժարվել Դոնթի բանաձևից և ողջամիտ դարձնել ընդդիմության արտոնությունները

ՕԵԿ-ն առաջարկում է հրաժարվել  Դոնթի բանաձևից և ողջամիտ դարձնել ընդդիմության արտոնությունները
Համաձայն  ԱԺ կանոնակարգ  օրենքի՝  խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների եւ նրանց տեղակալների պաշտոնները խմբակցությունների միջեւ բաշխվում են  ըստ Դոնթի բանաձևի. պաշտոնների  քանակն ուղիղ համեմատական է խմբակցության պատգամավորների թվին: 5-րդ գումարման ԱԺ 6 խմբակցություններից 4-ը նշված բանաձեւի կիրառման արդյունքում զրկվեցին մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքից: ՕԵԿ-ն առաջարկում է հանձնաժողովի նախագահներ ու տեղակալներ ընտրելիս հրաժարվել Դոնթի բանաձևից և սահմանել, որ այդ պաշտոններում թեկնածուների առաջադրման իրավունքը ընդհանուր փոխհամաձայնությամբ բաշխվի այնպես, որ յուրաքանչյուր խմբակցության համար առնվազն ապահովվի մեկ հանձնաժողովի նախագահի եւ մեկ տեղակալի պաշտոն:

ParliamentMonitoring.am-ը զրուցել է «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի հետ:

-ՕԵԿ -ը  «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծ է մշակել , կներկայացնե՞ք, թե ինչ  եք առաջարկում:
-Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին ու նրանց տեղակալներին: Այս պաշտոնները  մեր խորհրդարանում բաշխվում են   «Դոնթի բանաձևի» հիման վրա: Ես ուսումնասիրել եմ միջազգային փորձը: Շատ  երկրներ հրաժարվել են այդ բանաձևից, և այն հիմնականում կիրառվում է բաժնետիրական ընկերություններում: Դոնթի բանաձևը նաև Սահմանադրության հետ կապված խնդիրներ է առաջացնում. պատգամավորին զրկում է հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի պաշտոնում առաջադրվելու իրավունքից: Այլ բան է չընտրվելը: Իսկ այդ բանաձևը հնարավորություն չի տալիս առաջադրվել: Մենք առաջարկում ենք վերանայել այդ մոտեցումը և, ի դեպ, առաջարկում ենք դա կիրառել հաջորդ գումարման խորհրդարանում: Չենք ուզում, որ այս պառլամենտում գործի՝ ավելորդ շահարկումներից զերծ մնալու համար: 

-Այսինքն, պարոն Մարգարյան, դուք առաջարկում եք հրաժարվե՞լ Դոնթի բանաձևից: 
-Մենք առաջարկում ենք, որ հավասար պայմաններ լինեն, որ այլ մոտեցում կիրառվի: Այսպես պայմաններն անհավասար են: Այսօր, փաստորեն,  խորհրդարանում փոքրաթիվ խմբակցությունները  թեկնածություն ներկայացնելու իրավունքից զրկված են:   

-Այս փոփոխությունն առաջարկում եք  Ձեր խմբակցության շահերից ելնելո՞վ:
-Ոչ միայն մեր:  Նախորդ խորհրդարանում բոլոր քաղաքական ուժերն ունեցել են հանձնաժողովի նախագահներ,  ՕԵԿ-ը նույնպես: 2006-ին,  երբ դարձանք ընդդիմություն, մեր հանձնաժողովի նախագահներն հրաժարվեցին իրենց պաշտոններից: Նախորդ գումարման խորհրդարանում Դաշնակցությունն ընդդիմություն էր, բայց ուներ 2 հանձնաժողովի նախագահ՝ ի դեմս Արմեն Ռուստամյանի և Հրայր Կարապետյանի: Այս խորհրդարանում  այդ բանաձևը հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրվելու հնարավորություն տալիս է միայն Հանրապետական ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին:

-ԱԺ կանոնակարգ օրենքում ո՞րն է Ձեր առաջարկած հաջորդ փոփոխությունը:
-Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ԱԺ- կառավարություն հարցուպատասխանին, որի ժամանակ մենք ընդդիմադիր ուժերին երեք արտահերթ հարց տալու իրավունք ենք տվել: Հիմա պարզ հաշվարկ ենք անում և ստացվում է այսպես. հարցը հնչում է 3 րոպե, պատասխանը՝ 3 րոպե ,  երկուական  րոպե էլ կարող են տևել  արձագանքները հարց տվողի ու պատասխանողի կողմից: Ստացվում է՝ տասը րոպե մեկ հարցի համար: Մենք կողմ ենք, որ ընդդիմությունը խորհրդարանում արտահերթ հարց տալու  իրավունք ունենա: Բայց հիմա ընդդիմադիր խմբակցությունների քանակն այնպիսին է, որ եթե յուրաքանչյուրից  երեքական պատգամավոր օգտվի այդ  իրավունքից, ապա կստացվի 90 րոպե: Այսինքն, մյուս պատգամավորները կզրկվեն հարց տալու իրենց իրավունքից:

-Այսինքն, 90 րոպեն  ընդդիմության վրա է ծախսվո՞ւմ:
-Այո: Ստացվում է, որ եթե դու ընդդիմությունից չես, ուրեմն ժողովրդի հարցերին չես կարող անդրադառնալ: Մենք այս փոփոխությամբ առաջարկում ենք արտահերթ հարց տվող պատգամավորների քանակը նվազեցնել և դարձնել մեկ կամ երկու, որպեսզի մյուս պատգամավորներին էլ հարց տալու ժամանակ մնա: Իմ օրինակն ասեմ՝ նախորդ քառօրյայում հերթագրվել եմ,  առաջին համարի տակ պետք է հարց տայի, բայց չեմ կարողացել օգտվել հարց տալու իրավունքից: Շիրակի մարզին վերաբերող շատ կարևոր հարց ես հնարավորություն չեմ ունեցել բարձրացնել նախորդ քառօրյայի ժամանակ: Սա լուրջ փաստ է, և նման դեպք երկու անգամ եղել է:

-Ստացվում է, որ  ընդդիմությունը  խանգարո՞ւմ է:
-Չի խանգարում, դրա համար շահարկումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք  քննարկել, որ փոփոխությունները գործեն հաջորդ խորհրդարանում: Ընդդիմության արտոնություններին դեմ չենք, բայց ողջամիտ սահմաններում: Երբ ես ընդդիմություն էի ներկայացնում,  նման արտոնություն խորհրդարանում չկար:

-Պարոն Մարգարյան, փաստորեն դուք այս փոփոխություններն առաջարկում եք հաջորդ գումարման խորհրդարանի համար: Իմաստը ո՞րն է, որ Ձեզ մտահոգող հարցը այս խորհրդարանում լուծում չի ստանալու:
-Գիտեք, աշխատող մարդը միշտ էլ ելքեր գտնում է: Սա միայն իմ խնդիրը չէ, և պետք չէ անձնավորել: Մենք ունենք պատգամավոր, որը մեր խմբակցությունից չէ , բայց ինքն էլ  իրեն հուզող հարցերը չի կարողանում ներկայացնել: Ես խոսել եմ ընդդիմության մեր գործընկերների հետ, նրանք ըմբռնումով են մոտենում, հատկապես առաջին հարցին, որովհետև իրենք էլ են ուզում հանձնաժողովներում նախագահ ունենալ: Ես ընդամենն ասում եմ՝ Դոնթի բանաձև կկիրառեք, թե այլ անուն կդնեք, այնպես արեք այդ ամենը, որ իրավունքից հավասար օգտվեն բոլորը՝ իհարկե արտոնություն տալով ընդդիմադիր ուժերին: Բայց դա չի նշանակում 100 տոկոսով տալ իրենց:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները