Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Խորհրդարանի լույսն ու ստվերը

Խորհրդարանի լույսն ու ստվերը

Կառավարության 5-ամյա ծրագրի խորհրդարանական քննարկումները և քվեարկության արդյունքներն առարկայորեն ցույց տվեցին, թե ինչ նոր իրողություններ են ի հայտ են եկել նոր խորհրդարանում: Դրանք որոշ դրական ու բացասական փոփոխություններ են մտցրել օրենսդրի ընդհանուր պատկերում:

Դրական փոփոխությունները

Առաջին փոփոխությունը, իհարկե, երկրի քաղաքական օրակարգի ձևավորման վրա էապես ազդող ուժի` Հայ ազգային կոնգրեսի մուտքն էր խորհրդարան: Կոնգրեսը քանակական և թե բովանդակային առումով բարձրացրեց խորհրդարանական ընդդիմության քաղաքական կշիռը: Քաղաքական մեծամասնությունը ստեղծված նոր հարաբերակցության պայմաններում բախվելու է  ընդդիմության լուրջ ու բազմավեկտոր քննադատությանը: Դրա ֆոնին ավելի է ընդգծվելու իշխող քաղաքական ուժի պատասխանատվությունը կոնկրետ խնդիրների ու որոշումների համար, եւ մեծանալու է առարկայական դեբատների անհրաժեշտությունը:  Սա հենց այն որակն է, որ չկար նախորդ խորհրդարանում, որտեղ ՀՅԴ-ի ու «Ժառանգության» սկզբունքային հարցադրումները պարզապես անպատասխան էին թողնվում մեծամասնության կողմից:

Նոր քաղաքական իրավիճակի երկրորդ դրական փոփոխությունը ՀՀԿ-ի պատասխանատվության կոնկերտացումն է` օրենսդրի և գործադրի գործունեության ու արդյունքների համար: Մայիսի 28-ին ՀՀԿ-ն կոալիցիա կազմեց «Օրինաց երկրի» հետ և ԱԺ-ում ու Կառավարությունում նրան մի քանի պորտֆելներ հանձնեց, բայց այս կոալիցիան այնքան էլ պայմանավորված չէր քաղաքական իրողություններով, որովհետեւ  բացարձակ մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն կարող էր կառավարություն կազմել նաեւ առանց ՕԵԿ-ի: Ուստի, կարելի է ասել, որ կոալիցիայի ձեւավորման հիմքում  ՀՀԿ-ի  ցանկությունն ու  2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու հարցում ՕԵԿ-ից ստացած երաշխիքներն էին: ՀՀԿ-ն, ըստ այդմ, ամբողջական պատասխանատվություն է կրում բոլոր ոլորտներում վարվող քաղաքականության համար: Այն ստիպված է լինելու ավելի շատ ջանք թափել` ապացուցելու իր քայլերի անհրաժեշտությունն ու արդյունավետությունը` անընդհատ գտնվելով ընդդիմության ուշադրության կենտրոնում: Այս իմաստով երկում ստեղծված իրավիճակը աննախադեպ է առնվազն վերջին 10 տարվա կտրվածքով:

Քաղաքական պայքարը խորհրդարանում տեղափոխվում է  գաղափարական ու ծրագրային հարթություն, եւ սա երրորդ դրական փոփոխությունն է: ԱԺ-ում ներկայացված են ծայրահեղ աջ լիբերալներ, սոցիալիստներ ու պահպանողականներ: Սոցիալական ու տնտեսական բազմաթիվ մարտահրավերների չեզոքացման հարցում քաղաքական ուժերը գրեթե նույն պատկերացումներն ունեն, եւ գաղափարական պայքարի ու բազմազանության դրսևորման համար դաշտն իսկապես սահմանափակ է, սակայն դա հնարավորություն կտա խնդիրները քննարկել տարբեր գաղափարական դիտանկյուններից: Սա մեծացնելու է օրենսդրի ու գործադրի կատարած քայլերը օբյեկտիվորեն գնահատելու  հնարավորությունը:

Չորրորդ դրական փոփոխությունը ԲՀԿ-ի`«կառուցողական այլընտրանք» դառնալն է, ինչը ՀՀԿ-ին զրկում է որոշումներ ընդունելու հարցում ունեցած նախկին ինքնավստահությունից: ԲՀԿ-ի միջանկյալությունն ու ընդդիմության սկզբունքայնությունը լրջագույն մարտահրավեր են ԱԺ-ում քվեարկություններ կազմակերպելու և ցանկալի արդյունքներ ստանալու համար: Սա նպաստելու է մեծամասնության պատգամավորների հաճախելիությանը եւ ստիպելու է ավելի լուրջ վերաբերվել օպոնենտների քննադատությանը: Այս ամենի արդյունքում խորհրդարանը կդառնա ավելի հետաքրքիր ու դինամիկ: ԲՀԿ-ի ընդդիմացման մշտական վտանգը ՀՀԿ-ին դարձնելու է  ավելի մոբիլիզացված ու ուշադիր, իսկ ընդդիմությանը` ավելի ինքնավստահ: Վերջինիս համար օրախնդիր է դառնալու ԲՀԿ-ի աջակցությունը ցանկացած հարցում, ինչը բարձրացնելու է այս ուժի պահանջարկը ընդհանրապես: Պարզ չէ, սակայն, թե որքան կտևի այս իրավիճակը. մինչև նախագահական ընտրություններ, թե նաև դրանից հետո: Ամեն ինչ կախված է ԲՀԿ-ի` ինքնուրույն ուժ լինելու կամքից և քաղաքական հեռահար նպատակներից:

Բացասական կողմերը

4-րդ գումարման Ազգային ժողովում մի կողմում կոալիցիոն իշխանությունն էր, որն անվերապահորեն կատարում էր գործադիր իշխանության կամքն ու թելադրանքը, մյուսում` փոքրաթիվ եւ թույլ ընդդիմությունը, որը ի վիճակի չէր ազդելու որոշումների կայացման եւ գործընթացների վրա: ԲՀԿ-ի այսօրվա կարգավիճակը խախտել է այս պարիտետը և մեծացրել անորոշության գործոնը: Ե’վ մեխին, և’ նալին խփելու ԲՀԿ-ի մարտավարությունը, որը դրսևորվեց կառավարության ծրագրին դեմ, իսկ մի քանի օրենսդրական  նախաձեռնություններին կողմ քվեարկելով, կառավարությունում, ի դեմս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի, փաստացի պորտֆել ունենալով, չի կարող անվերապահ հավատ ներշնչել ԲՀԿ-ի նկատմամբ, չնայած բոլոր ընդդիմադիր ուժերն անխտիր հայտնվել են ԲՀԿ-ի անուղղակի ազդեցության գոտում` պայմանավորված այս ուժի` խորհդրարանում մեծությամբ երկրորդը լինելու, այսինքն, գործընթացների վրա առարկայական ազդեցություն ունենալու պոտենցիալով: Ընդդիմությունը չի կարողանալու շրջանցել ԲՀԿ-ի գործոնը եւ չի կարողանալու իր գործողությունները պայմանավորել նրանով, որովհետև ցանկացած դեպքում արդյունքը երաշխավորված չի լինելու: Մինչդեռ եթե Աժ-ում ԲՀԿ-ն հայտարարեր ընդդիմություն լինելու մասին, այդ հայտարարույթունը կենթադրեր որոշակի կարգավիճակ` դրանից ծնվող պատասխանատվությամբ:

Երկրորդ-իշխանությունը հասկանում էր, որ ընդդիմադիր ուժերի թիվը խորհրդարանում ավելանալու է, եւ որակապես նոր ընդդիմությունը սահմանափակելու է իր մանևրի ու ազատությունների դաշտը, սակայն չփորձեց որակական փոփոխություններ կատարել իր պատագամավորների կազմում: Քաղաքական մեծամասնությունը որակական աճ չունեցավ` ապահովելով ընդամենը մարդկանց մի փոքր խումբ, որը ունակ է քաղաքական բանավեճի ընթացքում պաշտպանել իր գաղափարական ու ծրագրային մոտեցումները, հակադարձել հակառակ ճամբարի քննադատություններին: Հենց այս խումբն էլ իր վրա է վերցնելու պատասխանատվությունը հրապարակային քաղաքականության համար: Նրանց մի մասը մտավորական-լրագրողական շրջանակներից են, մյուսը` քաղաքական «լեգիոներներ»:

Նկատենք նաեւ, որ «կոճակ սեղմելու» պարտականության ու գիտակցության սահմաններում էլ ամրապնդվել է ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի բացարձակ մեծամասնությունը: Այսուհանդերձ, ինչ կարող է անել մեծամասնության այս կոնտիգենտը ընդհանուր առմամբ` քաղաքական պրոցեսներին փողոցային-կենցաղային, առանձին դեպքերում նաև քրեական պաստառ հաղորդել: Նրանց ազդեցությունը, իհարկե, կփորձի սահմանափակել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս իմաստով խորհրդարանի ղեկավարի թեկնածությունն իսկապես ճիշտ է ընտրված, որովհետև ՀՀԿ-ում գործնականում չկա որևէ այլ ֆիգուր, որը կարող էր իր վրա վերցնել այդ խնդիրը:

Սակայն խմբակցությունում կան գործիչներ, ինչպես օրինակ գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, Էրեբունու նախկին համայնքապետ Մհեր Սեդրակյանը, գործարար, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և այլք, որոնց վրա անգամ ԱԺ նախագահն ի զորու չէ ազդել: Հենց խմբակցության այս երկատվածության պատճառով էլ ԱԺ մեծամասնության արդյունավետությունը տուժելու է: Դրա առաջին նշաններն ի հայտ եկան հենց առաջին նստաշրջանի ժամանակ, երբ  ՀՀԿ-ի ամենաակտիվ պատգամավորներն անգամ  չկարողացան համարժեք արձագանքել ընդդիմության առարկայական քննադատություններին և պաշտպանել իրենց կառավարության դիրքերն ու դիրքորոշումները:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները