Իմ առաջարկությամբ՝ միաձայն

Մեր երկիրն այլևս անվարչապետ չէ: Նոր վարչապետը նշանակվեց Ծաղկազարդի տոնին՝ կիրակի, իսկ երկուշաբթի՝ Ավագ շաբաթվա առաջին օրը, պաշտոնապես ներկայացվեց պաշտոնակատարների կառավարությանն ու հրավիրվածներին: Այսպիսով, Զատկին ընդառաջ կսկսվի նոր կառավարության ձևավորման գործընթացը, և Մեծ պահքի վերջին շաբաթվա ընթացքում հայ քաղաքական էլիտայի միտքը զբաղված կլինի միայն նրանով, թե ինչպես անի, որ առավելագույնը շահի այդ խիստ բարեպաշտ ու աստվածահաճո գործընթացից:
Ի դեպ, վարչապետի ու Զատկի թեմաները զուգահեռելու հեղինակային իրավունքն ամենևին էլ իմը չէ, այլ՝ Հայաստանի հանրային ռադիոյինը, որի առավոտյան բոլոր լրատվական թողարկումները Ավագ երկուշաբթի օրը սկսվում էին երկու ավետումով՝ հայտնի է դարձել ՀՀ նոր վարչապետի անունը և երկրորդ՝ Զատկին ընդառաջ հավկիթը չի թանկանա: Հուսանք, որ երկու նորություններն էլ հավասարապես ու հավասարաչափ ուրախացրեցին ռադիոլսող հայ ժողովրդին: