էթիկայի հանձնաժողովը խախտել էր ԱԺ կանոնակարգը. ո՞վ էր մեղավոր

5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ընթացքում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը հրավիրել է 7 նիստ` քննարկման առարկա ունենալով ընդամենը 3 դիմում. «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ-ների դիմումը` ընդդեմ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի, լրագրողներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի դիմումը` ընդդեմ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի, և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիմումը, որը վերաբերում էր հենց իրեն՝ Փաշինյանին:
Քննարկված 3 դիմումներից միայն 1-ի դեպքում է հանձնաժողովը որոշել, որ պատգամավորը՝ Առաքել Մովսիսյանը, խախտել է էթիկայի նորմերը՝ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով քննարկման մասնակիցների ու դիմողների նկատմամբ: Խոսքը 2013 թվականի դեկտեմբերի 13-ին գազային համաձայնագրերի վավերացման ընթացքում գրանցված հայտնի միջադեպի մասին է, երբ Մովսիսյանը, նկատի ունենալով դահլիճ մտած լրագրողներին, գոռացել էր՝ «էս կապիկներին դուրս արեք ըստուց»:
Հարցազրույց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար, էթիկայի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
-Ինչո՞ւ էթիկայի հանձնաժողովը եզրակացություն չի ներկայացնում եզդիական ՀԿ-ներից ստացված դիմումի վերաբերյալ: Տպավորություն է, թե հանձնաժողովը փորձում է համոզել դիմողներին՝ հետ վերցնել դեռևս 2013-ի ավարտին ստացված դիմումը:
-Բացարձակ սխալ տպավորություն է: Ուղղակի քանի որ էթիկայի հանձնաժողովի նախագահ փոխվեց, որոշեցինք ավելի առարկայական ծանոթանալ հարցին, կարելի է ասել` գործը սկսեցինք սկզբից, չնայած բավական լուրջ աշխատանք էր տարվել: Որևէ ժամկետ չենք խախտել: Համոզելու կամ լեզու գտնելու խնդիր էլ չկա: Սա երկու բարեկամ ժողովուրդներին վերաբերող խնդիր է, որը շատ ավելի լուրջ է, և չենք ուզում, որ որևէ թյուրիմացություն վտանգի այն: