Հին ու նոր ծրագրերի արանքում
Որո՞նք են խորհրդարանական ուժերի ծրագրային առանձնահատկությունները, որքանո՞վ են պահպանվել 2012թ. ներկայացված առաջնահերթությունները, ի՞նչ է փոխվել նոր ծրագրերում:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 20-ին Ազգային ժողովում ներկայացրեց կառավարության գործունեության ծրագիրը: Մոտ 84 էջանոց փաստաթուղթն, ըստ էության, մատնանշում է այն առաջնահերթությունները, որոնք գործադիրի ուշադրության կենտրոնում են լինելու 2014-2017 թվականների ընթացքում:
Գործունեության 3 տարիների ընթացքում 5-րդ գումարման խորհրդարանն արդեն 3-րդ անգամ է կառավարության ծրագրին հավանություն տալու հարց քննարկում: Երեք ծրագրերն էլ ներկայացրել է Հանրապետական կուսակցությունը. առաջին երկուսը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, 2012 թ. խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրություններից հետո: Նույն խորհրդարանին երրորդ ծրագիրն արդեն ներկայացնում է Հովիկ Աբրահամյանը, ով վարչապետ է նշանակվել Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: