Հարցազրույց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ:
- Պարոն Զուրաբյան, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքին վերաբերող խորհրդարանական լսումների ժամանակ մտահոգություններ հայտնեցիք ծրագրում տեղ գտած չարաշահումների մասին: Ինչի՞ մասին է խոսքը:
- Այդ լսումների ժամանակ ներկայացվեց հոյակապ, տպավորիչ մի կլիպ, գլամուրային մի պատկեր, ֆանտաստիկ մի տեսարան, որը մեզ բոլորիս ոգևորում էր: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի կարևոր ռազմավարական օբյեկտ է կառուցվում, որն, իսկապես, կնպաստի տնտեսության զարգացմանը և ժողովրդի համար աշխատատեղերի ստեղծմանը: Այո, այդ ամենի հետ մենք համաձայն ենք: Բայց եթե գումարների մեծ մասը թալանվում է և եթե վտանգ կա, որ այդ ֆանտաստիկ ձեռնարկը չի հասնի ավարտին կամ չի պսակվի հաջողությամբ, ինչպե՞ս կարելի է դրա մասին չխոսել: Ինչպե՞ս կարելի է խոսել վերը նշված դրականի մասին և անտեսել Վերահսկիչ պալատի բացահայտումները: Եվ ես հիմա հարց եմ բարձրացնում. լսումներին ինչո՞ւ ներկա չէին ՎՊ ներկայացուցիչները: Որ այսպես ֆանֆառներով նիստ են կազմակերպել, իրենց մտքով չի՞ անցել, որ պետք է հրավիրեն նաև ՎՊ ներկայացուցիչներին: Այնքան բացահայտումներ եղան, դրանց մասին լրատվամիջոցներում այնքան գրվեց: Եթե հրապարակված բացահայտումները չեն լուծվելու, ուրեմն ի՞նչ նպատակ է հետապնդում այս ներկայացումը, ո՞ւմ է պետք այդ քարոզչությունը: Այդ վիրտուալ իրականությա՞նը պիտի խաբվենք, երբ գիտենք որ իրականում թալան է տեղի ունենում:
Մանրամասն
17/05/2015