Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՀԿ-ն խոստումը կդրժի՞

ՀՀԿ-ն խոստումը կդրժի՞
2013 թվականի մարտի 15-ին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությույն տվեց ՀԱԿ խմբակցության հեղինակած նախագծին` «2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»:

Այս նախագիծը հանձնաժողովում քննարկման թեմա էր դառնում արդեն երրորդ անգամ. առաջին անգամ, 2012թ-ի դեկտեմբերին, նախագծի հեղինակները մինչեւ 1 տարով հետաձգեցին նախագծի քննարկումը, իսկ երկրորդ անգամ հանձնաժողովում  ներկայացվեց, թե մեծամասնության առաջարկություններից որոնք են ընդունվել: Ընդունվել էին բոլոր առաջարկությունները: Ոչ հաճախ, բայց պատահում է, որ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս ընդդիմության օրենսդրական նախաձեռնությանը, մինչդեռ գրեթե բացառվում է, որ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակցությունը՝ տրված մեծամասնության կողմից, նույն մեծամասնությունը վիճարկի լիագումար նիստում: 

Որպես կանոն` մեծամասնությունը, լինի հանձնաժողովում թե նիստերի դահլիճում, նույն կերպ մտածում է, նույն կերպ քվեարկում, բայց մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում այս ավանդույթը կարող է խախտվել, եթե մեծամասնությունը հետ կանգնի ընդդիմությանը տված իր խոսքից: 2012 թվականի դեկտեմբերի 28-ին հանրապետական Դավիթ Հարությունյանի ղեկավարած պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ՀԱԿ-ի նախաձեռնությունը` մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Զարմանալի էր, բայց Դավիթ Հարությունյանը դեմ չարտահայտվեց ՀԱԿ-ի նախաձեռնությանը, ավելին, բացատրեց, որ եթե հեղինակները նախագծի հիմնավորումներից հանեն քաղաքական գնահատականները, եթե նշվի, որ հանձնաժողովը ներկայացնում է բացառապես իր գնահատականները, եթե նախագծի հեղինակները կողմ լինեն, որ հանձնաժողովի կազմում ընդգրկվեն իշխանության եւ ընդդիմության հավասար թվով ներկայացուցիչներ, իրենք կողմ կքվեարկեն, ու ՀԱԿ-ի նախագիծը կընդունվի: Այս դիրքորոշումը, ըստ Դավիթ Հարությունյանի, քննարկվել էր նաև ՀՀԿ խմբակցությունում: 

Նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը ընդունեց ՀՀԿ-ի բոլոր պահանջները: Նա համաձայնեց նաև հարցը նախագահական ընտրություններից հետո քննարկելու իշխանության առաջարկին, որպեսզի ընտրություններից առաջ մարտի 1-ի թեման չշահարկվի: Այսքանով հանդերձ, ապրիլի 11-ին, արդեն նիստերի դահլիճում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցի քննարկումը ցույց տվեց, որ ՀՀԿ-ն «փոշման էլ է»:  Նախ, քառօրյայի վերջին օրվա, վերջին նիստի համար ՀՀԿ-ն անսովոր ակտիվ էր. ելույթ ունենալու համար հերթագրված 9 պատգամավորներից 7-ը ՀՀԿ-ականներ էին, և նրանցից միայն Դավիթ Հարությունյանն էր կողմ հանձնաժողովի ստեղծմանը` ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ միասին:

Դեմ արտահայտվողները մտահոգված էին, որ, ինչպես մարտի 1-ի նախորդ`«Նիկոյանի հանձնաժողովը», այնպես էլ սա, չի կարողանալու շոշափելի որևէ արդյունքի հասնել, «օգնելու է», որ որոշ մարդիկ ու խմբեր նորից խնդիրը քաղաքականացնեն ու շոուի վերածեն մարտի 1-ը` ավելորդ անգամ հուզելով մարտի 1-ի զոհերի հարազատներին: Նշում էին նաև, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հրավիրելու  և նրանց հարցաքննությունը պարտադրող որևէ լծակ հանձնաժողովը չունի: Ըստ հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանի էլ, հենց իրավապահ մարմիններն են  անհանգստացած հանձնաժողովի ստեղծումով, ու  դրա պատճառով է, որ հանրապետականը կարող է վերանայել իր որոշումը: Ի դեպ, նիստերի դահլիճում հարցի քննարկումից հետո արդեն Դավիթ Հարությունյանն ասում էր, թե ինքը ՀԱԿ-ին խոստացել է, որ նախագծին կողմ կքվեարկի ոչ թե մեծամասնությունը ամբողջությամբ, այլ միայն պետաիրավական հանձնաժողովը:

Մեծամասնության հավաքական դիրքրորոշումը կներկայացվի  հաջորդ քառօրյայում` խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կողմից:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները