Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Անտեսվում են նաև կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ի օրինագծերը

Անտեսվում են նաև կոալիցիոն  գործընկեր ՕԵԿ-ի օրինագծերը
5-րդ գումարման խորհրդարանում պաշտոնապես շրջանառության մեջ դրված, բայց նստաշրջանի օրակարգում դեռևս  չընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների վիճակագրությունը  բավական հետաքրքիր է. մոտ 9 տասնյակ  այդպիսի օրինագծերի մեծ մասի հեղինակը ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցություններն են: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը շրջանառության մեջ են դրել 9-ական, «Ժառանգությունը»՝ 4, ԲՀԿ-ն՝ 7 օրինագիծ: Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից շրջանառության մեջ դրված  նախագծերը 5-ն են, հետաձգվածների ցանկում կան նաև ՀՀԿ-ի, կառավարության նախաձեռնություններ, նաև օրինագծեր, որոնք համահեղինակներ ունեն միանգամից մի քանի խմբակցությունից:

Ամենաուշագրավը, սակայն, ՕԵԿ-ի կողմից շրջանառության մեջ դրված, բայց նստաշրջանի օրակարգում դեռևս չընգգրկված նախաձեռնությունների քանակն է. օրինագծերի ցանկում այս պահին կա ՕԵԿ խմբակցության պատգամավորների հեղինակած 21 նախաձեռնություն, որոնց օրակարգ ընդգրկվելը հետաձգվել է մինչև մեկ տարի ժամկետով:  Հատկանշական է, որ դրանք այն օրինագծերն են, որոնցով կուսակցությունը փորձում է կյանքի կոչել իր ծրագրային հիմնադրույթները: Հետաձգվածների ցանկում, օրինակ, ՕԵԿ պատգամավորների օրենսդրական առաջարկներն են բազմազավակ ընտանիքների աջակցության, նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության, պետական օժանդակության ուսումնական վարկերի,  նախնական մասնագիտական ու արտադպրոցական կրթության մասին: Սրանք խնդիրներ են, որոնց մասին կուսակցությունը խոսել է իր նախընտրական ծրագրում: Այս նախագծերի ընդունումը կառավարությունը կամ նպատակահարմար չի համարել, կամ էլ առաջարկել է առաջադրված խնդիրները լուծել գործադիրի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում:

Այս փաստը, սակայն, ՕԵԿ-ին այնքան էլ չի տխրեցնում: «Մեր ներկայացրած օրինագծերը, ճիշտ է, մերժվել են, բայց մեզ առաջարկվել է  դրանց քննարկումը հետաձգել  մինչև նոր կառավարության ձևավորումն ու ծրագրի հաստատումը, որից հետո պետք է  համատեղ ուժերով անդրադառնանք այդ նախագծերին», -parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով, արդեն լավ է, որ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրենց ներկայացրած, բայց մեկ տարով հետաձգված նախագծի հետքերով հունիսի 7-ին ԱԺ-ում լսումներ կկայանան:

Մարգարյանը պնդում է, որ իրենց ներկայացրած նախագծերի վերաբերյալ գործադիրի բացասական եզրակացություններն ու խորհրդարանի հետաձգման որոշումները չեն նշանակում, որ ՕԵԿ -ի առաջարկներն  ընդունելի չեն: «Կառավարության համար ընդունելի են, մենք միշտ աշխատում ենք գործադիրի հետ, քանի որ կոալիցիոն կառավարության անդամ ենք ու համագործակցության հարուստ փորձ ունենք, որը «աշխատենք միասին» սկզբունքի լավ օրինակ է», -ասում է  Մարգարյանը՝ հիշեցնելով օրինակներ, երբ իրենց ներկայացրած օրինագծերից մի քանիսն ընդունվել են  կառավարության հետ համահեղինակությամբ: Մեծ հաշվով, ըստ պատգամավորի, կարևոր չէ, թե ով է օրինագծի հեղինակը կամ ում համահեղինակությամբ է այն մտնում ԱԺ օրակարգ, կարևորն այն է, որ առաջարկներն ընդունվեն ու խնդիր լուծեն: «Մենք բավականին հեշտ ենք աշխատում  կառավարության հետ՝ փոխընդունելի առաջարկների հիման վրա: Մեր օրինագծերի հետաձգումը ինքնանպատակ չէ: Մենք մաքսիմում ենք աշխատում. մեր խմբակցությունը ամենից շատ օրինագիծ ներկայացրած խմբակցությունն է», -փոխանցեց ՕԵԿ խմբակցության քարտուղարը:

Խորհրդարանում պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստանը» շրջանառության մեջ դրված, բայց նստաշրջանի օրակարգ չընդգրկված 7 օրինագիծ ունի, որոնցից 2-ի քննարկումը մինչև  մեկ տարով հետաձգվել է այս տարվա ապրիլին: «Բայց դա չի նշանակում, թե մենք կանգ ենք առնելու. բազմաթիվ նախաձեռնություններ կան, մանավանդ տնտեսական բլոկի վերաբերյալ, որոնք առաջարկելու ենք: Օրինակ, առաջարկելու ենք, որ ընտանեկան բիզնեսը ազատվի հարկերից», մեզ հետ զրույցում փոխանցեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ միաժամանակ նկատելով, որ մեծ հույսեր չունեն, թե իրենց կհաջողվի անցկացնել այդ առաջարկությունը: «Բայց էնպես չի, որ մերժում են, և մենք էլ  հանգիստ նստում ենք, չէ, մենք խոսում  ենք, հանրությանն ասում ենք  այդ մասին, որ գոնե իմանան կարևոր բաներ», նկատեց ԲՀԿ-ական պատագմավորը:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները