Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Էթիկայի հանձնաժողովը` առանց նախագահի

Էթիկայի հանձնաժողովը` առանց  նախագահի

Կազմը, որով  կաշխատի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն աշնանային նստաշրջանի ընթացքում , արդեն հայտնի  է: Այնտեղ կլինեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները՝ բացի ՀԱԿ- ից: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ  բոյկոտում  են հանձնաժողովի աշխատանքը: Իսկ դա նշանակում է, որ  թափուր է  հանձնաժողովի նախագահի պաշտոնը. այն, ըստ ԱԺ կանոնակարգի, այս նստաշրջանում  պետք է զբաղեցներ ՀԱԿ ներկայացուցիչը։

Փոփոխություններ էթիկայի հանձնաժողովում


Նախորդ` ԱԺ 4-րդ գումարման գարնանային նստաշրջանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կազմված էր 7 անդամից. 3 ոչ ընդդիմադիր, 3 ընդդիմադիր և 1-ը` ԲՀԿ-ից: Նոր նստաշրջանում նրանց թիվը նվազել է ու դարձել 5` Դավիթ Հարությունյան (ՀՀԿ), Հովհաննես Մարգարյան (ՕԵԿ), Վահան Բաբայան (ԲՀԿ), Արծվիկ Մինասյան (ՀՅԴ), Զարուհի Փոստանջյան (Ժառանգություն): Այս նստաշրջանի աշխատանքներին ՀԱԿ-ը չի մասնակցելու: 


ՀԱԿ-ը սպառնաց ու արեց


ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի` էթիկայի հանձնաժողովից դուրս գալուց հետո, խմբակցության աշխատանքը հանձնաժողովում չէր ստացվում: Փաշինյանին փոխարինած Լյուդմիլա Սարգսյանը նիստերին գրեթե չէր մասնակցում ու պարբերաբար հայտարարում էր, որ իրենք, այսինքն, ՀԱԿ-ը, մտածում են հանձնաժողովի աշխատնքներին չմասնակցելու մասին: Պատճառը ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունն էր, որի արդյունքում փոփոխվեց հանձնաժողովի կազմավորման կարգը. ԲՀԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո հանձնաժողովում ստացվել էր մի իրավիճակ, երբ իշխանությունը դարձել էր փոքրամասնություն` կազմված միայն ՀՀԿ-ից ու ՕԵԿ-ից: Մեծամասնությունը փոփոխեց օրենքը, սահմանեց, որ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր ուժերը հանձնաժողովում պետք է ունենան հավասար ներկայացվածություն, իսկ ուժը, որը ոչ ընդդիմադիր է, եւ ոչ իշխանական, հանձնաժողովում կունենա մեկ անդամ: Այս փոփոխությանը հաջորդած նիստից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն գործելու է ըստ իրավիճակի, ինչի արդյունքում, ինչպես նիստերի դահլիճում, այնպես էլ հանձնաժողովում, ընդդիմությունը լինելու է փոքրամասնություն: 5-րդ գումարման աշնանային նստաշրջանի առաջին ճեպազրույցներում, ի վերջ, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ աշնանային նստաշրջանի ըւնթացքում խմբակցությունը չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին:


ՀԱԿ-ով կամ առանց ՀԱԿ-ի


ՀԱԿ-ի բացակայությունը էթիկայի հանձնաժողովից` հանձնաժողովի ներսում դեռ խնդիրներ չի ստեղծել:  Թվում էր, թե խնդիր է լինելու հանձնաժողովի նախագահի հարցըը. համաձայն կանոնակարգի` հանձնաժողովում նախագահում են Ազգային ժողովում ամենամեծ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները:  Նոր` աշնանային նստաշրջանում, էթիկայի հանձնաժողովը պիտի ղեկավարեր ՀԱԿ-ի ներկայացուցիչը, բայց արդեն հայտնի է, որ այս նստաշրջանում էլ նախագահի պարտականությունները կատարելու է ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, այս անգամ, սակայն, որպես հանձնաժողովի փոխնախագահ. ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` նախագահի բացակայության պարագայում նրա պարտականությունները կատարում է փոխնախագահը: ՀԱԿ-ի` էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելը հանձնաժողովում առայժմ միայն մեկ փոփոխություն է առաջ բերել. ՀՀԿ-ն հրաժարվել է հանձնաժողովում երկրորդ անդամ ունենալու որոշումից, ում ընդգրկումը օրենքի պահանջ էր` հանձնաժողովում ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր անդամների հավասար ներկայություն ապահովելու համար: 


Օրենքը փոխել միշտ կարելի է


Հանձնաժողովում ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի համար ՀԱԿ-ի` հանձնաժողովից  դուրս գալը անսպասելի չէր: Դեռ անցած նստաշրջանում էր նա ասել, որ դա իրենց, այսինքն, ՀԱԿ-ի իրավունքն է: Բայց ՀԱԿ-ը միակ ընդդիմադիր ուժը չէր, որ բարձրաձայնել էր հանձնաժողովից դուրս գալու իր մտադրությունը: Դրա մասին խոսել էր նաև ՀՅԴ-ն: Ու չնայած նոր նստաշրջանում հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ՀՅԴ-ն ներկայացրել էր Արծվիկ Մինասյանին, Մինասյանի տեղեկացմամբ` հարցը դեռ ՀՅԴ խմբակցության օրակարգում է: Մինասյանը կմասնակցի հանձնաժողովի` այս նստաշրջանում առաջին նիստին, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 24-ին, բայց նա համոզված է, որ հանձնաժողովի կազմավորման սկզբունքը սահմանափակում է դրա` օբյեկտիվ գործելու հնարավորությունը, ուստի, իրենց մասնակցությունը շարունակելու հարցը վերջնականապես որոշված չէ:  Մինչդեռ պետաիրավական հանձնաժողովի նախագահ ու էթիկայի հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Հարությունյանը գիտե, թե ինչ է պետք անել, եթե հանկարծ ՀՅԴ-ն ու «ժառանգությունն» էլ հետևեն ՀԱԿ-ի օրինակին: «Կփոխենք օրենքը»,-մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: 


Ի դեպ, էթիկայի հանձնաժողովի այս նստաշրջանում կայանալիք առաջին նիստի օրակարգում ընդգրկված դիմումը վերաբերում է դարձյալ ՀՀԿ-ական պատգամավորի, այս անգամ` ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Հիշեցնենք, որ ԱԺ մյուս փոխնախագահ Էդվարդ Շարմազանովին վերաբերող դիմում ևս էթիկայի հանձնաժողովում քննարկվել է անցած նստաշրջանների ընթացում: Հանձնաժողովը դիմումը վարույթ չէր ընդունել: 

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները