Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ռուբեն Հայրապետյանը պաշտոնապես լքել է խորհրդարանը

Ռուբեն Հայրապետյանը պաշտոնապես լքել է խորհրդարանը
Հայաստանի Ազգային ժողովի երկարակյաց պատգամավորներից մեկը` Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո) սեպտեմբերի 28-ից սկսած այլևս պատգամավոր չէ, թեպետ մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում էր ընտրվել պատգամավոր Երևանի թիվ 1 ընտրատարածքից: Նույն օրը, սեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել էր Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը և ուղարկել այն Կենտրոնական ընտրական հանձնաժաղով:

Սեպտեմբերի 29-ին արդեն ԿԸՀ արտահերթ նիստում որոշվեց Երևանի թիվ 1 ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 2-ին: Հանրապետական խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը դեռ հուլիսին էր հայտարարել, որ հրաժարվում է իր մանդատից: Գործարար պատգամավորն այդ քայլին գնաց այն բանից հետո, երբ իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում նույն համալիրի աշխատակիցների կողմից դաժան ծեծից հետո մահացավ Պաշտպանության նախարարության բուժծառայության սպա, մայոր երիտասարդ Վահե Ավետյանը:

Զինվորական բժշկի մահվանից հետո «Պահանջում ենք անհապաղ պատժել «Հարսնաքար»-ի մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից հասարակական մեծ շարժում սկսվեց, որն էլ տարբեր ակցիաների միջոցով Հայրապետյանից պահանջում էր վայր դնել պատգամավորական մանդատը: Այդ ճնշման ներքո Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից: Բայց մինչ այդ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այնուհետև տարածեց հայտարարություն, որում, մասնավորապես,  նշում էր. «Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ: Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: Ուզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար: Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»:

Ռուբեն Հայրապետյանը 3-րդ և 4-րդ գումարումնների ԱԺ պատգամավոր է: 2012 թ.մայիսի 6-ին կայացած 5-րդ գումարման խորհրդարանի ընտրություններից առաջ հայտարարել էր, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, սակայն հանգամանքների բերումով չկատարեց  խոստումը և առաջադրվեց:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները