Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հանուն պետության իմիջի

Հանուն պետության իմիջի

Պետական պաշտոն զբաղեցնողների վարձատրությունը կարգավորող օրենսդրական  փաթեթի քննարկման առաջին փուլն անցավ առանց քվեարկության ու ամփոփվեց խմբակցությունների դիրքորոշումներն արտահայտող ելույթներով: Օրինագծի քվեարկությունը կկազմակերպվի հաջորդ քառօրյա նիստերի մեկնարկին: Մինչ այդ արտահատված դիրքորոշումներն ուրվագծեցին քվեարկության մոտավոր պատկերը:

ՀԱԿ-ը հստակ չհայտարարեց՝ կո՞ղմ է քվեարկելու փաթեթին, թե՞ ոչ, բայց քննադատեց այն:   Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տակտիկական սխալ համարեց այն մոտեցումը, որ գործազրկության նպաստը վերացնելու մասին օրինագծից հետո խորհրդարան է ներկայացվում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագիծը: «Տպավորություն է, թե գործազրկության նպաստը կտրում եք, որ ուղղեք աշխատավարձերի բարձրացմանը», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը: Նա նշեց, որ նախագիծը նպաստելու է գնաճին ու չի լուծելու բարեկեցության հարցը: «Դուք այս համակարգով, այս կոնցեպտով չեք կարող լուծել մարդկանց բարեկեցության հարցը»,-հայտարարեց Մանուկյանը՝ առաջարկելով իսկապես քաղաքական լուծումներ տալ` պայքար մենաշնորհնի, կոռուպցիայի ու ստվերի  դեմ, պետական ապարատի կրճատում:

Հստակ կողմնորոշված է  «Օրինաց երկիր»-ը. խմբակցությունը կողմ  կքվեարկվի և առաջին ընթերցումից հետո կներկայացնի իր առաջարկները: Խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը ՕԵԿ-ի դիրքորոշումը ներկայացնելիս հայտարարեց. «Ինչո՞ւ չբարձրացնենք աշխատավարձը, եթե հաշվի առնենք ժամանակի ընթացքում արձանագրված գնաճը, կտեսնենք, որ աշխատավարձերի բարձրացման տեմպերը բավական հետ են մնում»:

Խորհրդարանի  այլընտրանքային թևը կառավարության ներկայացրած օրինագիծը խնդրահարույց է համարում, քվեարկության հարցում  դեռ կողմնորոշված չէ:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս հայտարարեց, որ օրինագիծը քաղաքական ենթատեքստ ունի: «Այն բերել է մի կառավարություն, որը համարում է, որ խորհրդարանն իր կցորդն է», -ասաց Զոհրաբյանը: Նա գործընկերներին հորդորեց նաև հիշել, թե ով է նախագիծը ներկայացնողը ու հիշեցրեց.  «Մի կառավարություն, որի ղեկավարը, երբ Կենտրոնական բանկի նախագահ էր, այս ամբիոնից հրավիրում էր պատգամավորներին ԿԲ-ում հավաքարար աշխատել, որովհետև մեր որոշ գործընկերներ կարծիք էին հայտնել, որ ԿԲ հավաքարարը ավելի բարձր աշխատավարձ է ստանում, քան ԱԺ պատգամավորը: Պետք չէ զարմանալ, որ բերվում է մի նախագիծ, որն իր մեջ լուրջ քաղաքական ենթատեքստ է պարունակում և որի մեջ սուբորդինացիայի խախտում կա: Իրենք օգտվում են իրենց արտոնյալ կարգավիճակից»:

Կառավարության ներկայացրած օրինագծին դեմ արտահայտվեց նաև «Ժառանգություն»-ը: Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը «անբարոյական» որակեց պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու կառավարության մտադրությունը, և դիմելով ԱԺ նախագահին՝ ասաց. «Պարոն Աբրահամյան, ինչո՞ւ պետք է Ձեր աշխատավարձը բարձրանա, նույնը ինձ է վերաբերում, ինչո՞ւ պետք է իմ աշխատավարձը բարձրանա: Ես հինգ տարի եմ պատգամավոր, բայց չեմ կարծում, որ նպաստել եմ մեր քաղաքացու հոգսերի թեթևացմանը»: Փոստանջյանն ասաց, որ մինչև երկրորդ ընթերցում «Ժառանգությունըշ առաջարկություններ կներկայացնի օրինագծի վերաբերյալ:

Անվրդով էր ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:  Նրա կարծիքով՝ օրինագիծը կարևոր է,  քանի որ «Էդ աշխատավարձը մեզ չեն տալու, մի անձնավորեք, մենք հավերժ պատգամավոր չենք լինելու, ոչ էլ նախարարն է հավերժ մնալու» և  անհրաժեշտ, քանի որ ապահովելու է  «պետության իմիջը»: Սահակյանը  բնական համարեց  ընդդիմության քննադատությունը և նույնիսկ մի դեպք հիշեց. «2000-ին թե 2002-ին մի օրինագիծ ներկայացրինք, որը վերաբերում էր պատգամավորների թոշակին: Բավականին լավ օրինագիծ էր, առաջին ընթերցումով էլ անցավ: 4-5 ընդդիմություն կար, 3-4 օր վանկարկում էին՝ խեղճ ժողովուրդը էս վիճակում է, էս թոշակների բարձրացումը որտեղից բերին, ամեն ինչ իրանց համար են անում ու այսպիսի հուզումնալից ճառեր: Լսեցինք ընդդիմությանը, նախագիծը հետ վերցրեցինք, բայց երկու օր հետո ամբողջ ընդդիմությունն իմ առանձնասենյակում էր՝ թե մի բան էինք ասել, կարելի՞ էր հետ վերցնել նախագիծը: Այնպես որ պատասխանատվությունը մերն է»: Խորհրդարանական մեծամասնության ղեկավարը  օրինագշին ընդդիմացող իր գործընկերներին  առաջարկեց ՝ թող աշխատավարձերը բարձրացնեն, դուք էլ գումարը փոխանցեք որևէ մանկապարտեզի կամ մանկատան:

Նախագծի վերաբերյալ դիրքորոշումը չհայտնեց ԱԺ ՀՅԴ  խմբակցությունը: Մտքերի փոխանակության փուլում  խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ դաշնակցությունը ողջունում է օրենսդրական փաթեթի ներկայացումը, թեև սկզբունքային որոշ առարկություններ ունի:  

 

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները