Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Գերխնդիրը զբաղվածությունն է

Գերխնդիրը զբաղվածությունն է

2014 թվականի բյուջեի նախագծով սոցիալական ոլորտին կհատկացվի 362 մլրդ դրամ, ինչը 56 մլրդ դրամով ավելին է 2013 թվականի ոլորտային հատկացումից: Այս մասին Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը նախորդած քառօրյայում թեժ քննարկման առարկա դարձած նախագծերը սոցիալական ոլորտից էին` «Պետական պաշտոնյաների վարձատրության  մասին» օրինագիծ` աշխատավարձերի միասնական սանդղակի ներդրման  առաջարկով և «Զբաղվածության մասին օրենք», որով առաջարկվում էր գործազրկության համար տրվող նպաստների դադարեցում: Ենթադրվում էր, որ այս հարցերը թեժ կպահեին նաև  սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվում էին սոցիալական ոլորտին տրվող հատկացումները 2014 թվականին: Այդպես, սակայն չեղավ: Չնայած հանձնաժողովի գրեթե ամբողջ կազմը մասնակցում էր նիստին, հիմնական զեկուցողներին` ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցեր գրեթե չտրվեցին: Լրացուցիչ հատկացումներ բյուջեի նախագծում պատգամավորները չէին ակնկալում, բացառությամբ, թերեւս մեկի. Արմեն Մխիթարյանի հարցը` աֆղանական պատերազմի մասնակիցներին տրվող 5000 դրամը նպաստը բարձրացնելու մասին, մնաց անպատասխան: Նիստը տևեց հազիվ մեկ ժամ:

Որպես սոցիալական ոլորտում իրականացվող կարևոր ձեռքբերում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց հաջորդ տարվա հունվարի 1-ից  կենսաթոշակների բարձրացումը:  «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրի համար նախատեսվում է 10 937 մլն դրամ, «Աշխատանքային կենսաթոշակների» համար` 195 668 մլն դրամ:

Կառավարությունը որոշել է կենսաթոշակների բարձրացումն իրականացնել նոր  սկզբունքով՝ ավելի շատ ավելի քիչ ստացողներին: Ակնկալվում է, որ    32 հազար մարդու համար կենսաթոշակի չափը կգերազանցի ծայրահեղ աղքատության շեմը: 15-20 տոկոսով կաճի 101 հազար կենսաթոշակառուի կենսաթոշակ:   164 հազար անձի կենսաթոշակ կբարձրանա 20-40 տոկոսով: 90 հազար դրամից բարձր թոշակ ստացող 450 անձանց թոշակը չի բարձրանա:

2014-ին առաջին անգամ բյուջեում միջոցներ են նախատեսված կուտակային կենսաթոշակների  համար: 2014-ի հունվարի 1-ից տրվում է պարտադիր բաղադրիչով այս համակարգի մեկնարկը։ Բյուջեն այդ նպատակի համար նախատեսել է 20 մլրդ 683 մլն դրամ։

Շարունակվելու է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստ» ծրագիրը: 2014 թվականին նախատեսվում է 1-ին եւ 2-րդ երեխայի ծննդյան դեպքում պահպանել միանվագ նպաստի չափը՝ 50.000 դրամ, իսկ 3-րդ եւ ավելի երեխայի ծննդյան դեպքում կիրառել նոր մոտեցում՝ ներդնելով ընտանեկան դրամագլխի համակարգը և  կանխիկ վճարելով 500 հազ. դրամ:

Շարունակելու է գործել ընտանեկան նպաստի համակարգը, որի համար բյուջեն  37 մլրդ 105 մլն դրամ գումար է նախատեսել : Փոփոխություններ այս ոլորտում գործադիրը չի պլանավորել։ «Նպաստի չափը լինելու է 29 հազար 537 դրամ և համակարգից օգտվելու է մոտ  105 հազար մարդ: Այստեղ փոփոխություններ չկան ոչ նպաստի չափի, ոչ էլ ընտանիքների թվի հետ կապված», - քննարկման ժամանակ ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:  

Փոխարենը՝ փոփոխություն կա գործազրկության նպաստի համակարգում: Ինչպես հայտնի է,  կառավարությունն այստեղ արմատապես փոխել է խաղի կաննոները՝ որոշելով  2014-ից հրաժարվել գործազրկության նպաստի ինստիտուտից: Ֆինանսների փոխնախարարն ասում է, որ գործազրկության նպաստի համար  նախորդ տարի նախատեսված 1.7 մլրդ դրամը  նորից լինելու է հաջորդ տարվա բյուջեում, բայց  որպես  նպաստ կանխկի վճարվելու փոխարեն ուղղվելու է գարծազրկության կրճատման այլ ծրագրերին: Թե ինչ է դա նշանակում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն է  փորձում բացատրել: «Նպատակը ձևակերպվել է այսպես. զբաղվածության կենտրոններ դիմող անձինք, ովքեր աշխատանք փնտրող են, պետք է դիմեն  ոչ թե նպաստ ստանալու համար, մենք դրա համար ունենք ընտանեկան նպաստի համակարգ, այլ պետք է իրապես աշխատանք փնտրեն, և մենք էլ օգնենք այդ հարցում»։

Նախարարն ասաց, որ նոր ծրագրով գործազուրկ քաղաքացին կստանա սոցիալական աջակցություն,  կընդգրկվի առավել ակտիվ ծրագրերում` նպատակով, որ ծրագրի ավարտից հետո աշխատաշուկայում դառնա մրցունակ ու զբաղված: Իսկ դրան կնպաստեն ծրագրով նախատեսված` մասնագիտական ուսուցման և վերապատրաստումների դասընթացները: «Եթե նոր ծրագրով գործազուրկի վեց ամսվա զբաղվածությանը չհասնենք, կնշանակի, որ այն իր նպատակին չի հասել»,- ասաց նախարարը:

 

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները