Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Դեկլարացիոն ծրագրե՞ր, թե՞ խուսափում հաշվետվողականությունից

Դեկլարացիոն ծրագրե՞ր, թե՞ խուսափում հաշվետվողականությունից
5-րդ գումարման խորհրդարանն արդեն ձևավորված է, hայտնի են խմբակցությունները, պատգամավորները, ԱԺ նախագահությունը:  Խորհրդարան անցած 6 քաղաքական ուժերից Հայաստանի հանրապետական կուսակցությունն է ստացել իր ծրագրերը կենսագործելու իրավունքը: Թե ինչպես այն կիրացվի, կերևա առաջիկայում: Իսկ որքանո՞վ են Հանրապետականի և մյուս քաղաքական ուժերի  ծրագրերն արտացոլում  առկա իրողություններն ու   համարժեք լուծումներ առաջարկում:

Ծրագրերի համեմատական դիտարկումը նոր ակնկալիքների հույս չի արթնացնում. ընտրություններում հաղթանակ տարած երկու հիմնական ուժերի` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի նախընտրական ծրագրերը զուրկ են կոնկրետությունից, առավել քան հռչակագրային են.  այս քաղաքական ուժերը ձգտել են որքան հնարավոր է ընդհանրացնել իրենց պատասխանատվությունը և մանևրելու, ճկունություն հանդես բերելու հնարավորություն ստեղծել` թեկուզ ավելի քիչ հաշվետու լինելու մղումով: ՀՀԿ-ն իր ծրագրում ոչ մի մարտահրավեր, ոչ մի հիմնախնդիր չի առանձնացնում: Չնայած որպես լեյտմոտիվ նշում է փոխվելու գաղափարը, սակայն կուսակցությունն ամեն ինչ դիտարկում է ոչ թե փոփոխությունների, այլ վարվող քաղաքականության շարունակականության համատեքստում: Ավելի շատ շեշտվում են այս կամ այն  ոլոտրում նախորդ  տարիներին արձանագրված հաջողությունները, քան անելիքները: Ծրագիրն ավելի շատ ինքնագովազդի է նման, քան կուսակցության գործունեության հիմնական ուղղությունները նախանշող փաաստաթղթի:

Ի տարբերություն նախորդ` 2007-ին ներկայացրած ծրագրի, այս անգամ կուսակցությունը խուսափել է որևէ կոնկրետ ցուցանիշ սահմանել, և ըստ ծրագրի  հնարավոր չէ պատկերացնել, թե 5 տարի հետո Հայաստանի տնտեսական, սոցիալական, դատաիրավական, կրթական և մյուս ոլորտներն ինչ հանգրվանի են հասնելու: Ծրագրային դրույթներն ավելի շատ դասագրքային ճշմարտություններ են հիշեցնում, քան  գործունեության պլատֆորմ ապահովող ամրագրումներ: Պատահական չէ, որ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն այդպես էլ չփորձեց հանրությանը ներկայացնել իր նախընտրական ծրագիրը: Այսինքն ակնհայտ է, որ ՀՀԿ-ի հույսը կրկին մնում է կառավարությունը, որն առաջիկա 7-8 ամիսների համար կներկայացնի իր գործունեության ծրագիրը, որն էլ կդառնա ՀՀԿ-ի ժամանակավոր ուղենիշը մինչև 2013-ի փետրվարը, երբ արդեն  վերընտրվել ցանկացող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհրապարակի իր նախընտրական ծրագիրը:

Գրեթե ոչնչով չի տարբերվում ԲՀԿ-ն: 2007թ. այս կուսակցության նախընտրական ծրագրի հիմնական արժանիքը տնտեսական համակարգում առաջարկվող բարեփոխումների մեխանիզմներն էին: 2012-ին ԲՀԿ-ն ամեն ինչ արել է իր նոր ծրագիրն այդ արժանիքից «ձերբազատելու» համար` ոչ միայն ծրագիրը առավելագույնս հռչակագրի չափանիշներին համապատասխանեցնելու, կոնկրետությունից զրկելու, այլև սուր անկյունները հարթելու միջոցով: Ծրագրից բացակայում են նախկինում առկա այնպիսի ենթաոլորտներ, ինչպիսիք են դրամավարկային քաղաքականությունը, բնական մենաշնորհի կարգավորումը, ներքին շուկայի և ներքին արտադրության պաշտպանության մեխանիզմները և այլն: Նախկին ծրագրում ԲՀԿ-ն առաջ էր քաշում համակարգային տնտեսություն կառուցելու մոտեցումը: Նոր ծրագրում այդ մասին ոչինչ նշված չէ. հասկանալի չէ` ԲՀԿ-ն այն արդեն  կայացած փաստ է համարո՞ւմ, թե՞ այդ գաղափարին այլևս չի հավատում:
ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՕԵԿ-ն իր քարոզարշավը կառուցեց սեփական նախընտրական ծրագրի, դրանով սահմանվող «նորարարությունների» վրա: Հիմնական շեշտադրումներով այն քիչ է տարբերվում 2007թ. ներկայացվածից, բայց   սուր անկյուններն այստեղ ևս  խնամքով հղկված են: Ծրագրում ներառվել են քայլեր, որոնք կուսակցությունը օրենսդրական ոլորտում ձեռնարկել է դեռ նախորդ գումարման խորհրդարանում, բայց չի կարողացել ավարտին հասցնել` մեծամասնություն կազմող կոալիցիոն գործընկերոջը` ՀՀԿ-ին ավելորդ հոգս չպատճառելու «կառուցողական» մոտեցումից ելնելով: Արդյունքում, դեռ 2007-ից ՕԵԿ հեղինակած բազմաթիվ օրինագծեր առայսօր մնում են օդում կախված: Քանի որ ՕԵԿ-ն այս անգամ ևս ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու տարբերակն է ընտրել, ապա պարզ է, որ շարունակելու է իր ծրագրի զոհաբերման գնով «խնայել» քաղաքական մեծամասնությանը:  Հետևաբար, ծրագրային դրույթներն առաջիկա հնգամյակում  կենսագործվելու նույնքան շանս ունեն, որքան նախորդ գումարման ԱԺ-ում: Միանգամայն  հնարավոր է, որ այդ դրույթները բարեհաջող հանգրվանեն նաև 2017թ. մշակվելիք ՕԵԿ նախընտրական ծրագրում:

Խորհրդարանական ընդդիմության ծրագրերից իր կառուցվածքով առանձնանում է «Ժառանգության» հեղինակածը` բոլոր ոլորտների վերաբերյալ համապարփակ գնահատականներով, սահմանվող թիրախներով, առաջնայնություններով ու դրանց ուղղված օրենսդիր, գործադիր կոնկրետ, դետալային քայլերով: Կուսակցությունն իր ծրագրում դնում է հստակ ցուցանիշներ, որոնք ավելի իրատեսական են, քան ՀՅԴ-ի, ինչ-որ տեղ նաև ՀԱԿ-ի ծրագրերում սահմանվածները: Սակայն ընդհանուր առմամբ ընդդիմաադիր ուժերի ծրագրերը  բնույթով մի տեսակ ռոմանտիկ են, կարծես ստեղծվել են հենց այն նկատառումով, որ երբեք չեն կենսագործվելու` խորհրդարանում փոքրամասնություն կազմելու մեջ նախապես համոզված լինելու պատճառով: Այս կանխատրամադրվածությունը մղել է ստեղծելու այնպիսի ծրագրեր, որոնք չնայած պարունակում են կոնկրետ լուծումներ, սակայն գլխավորապես նախընտրական նշանակություն ունեն և ուղղված են ընտրազանգված գրավելու նպատակին: Այս առումով աչքի է ընկնում հատկապես ՀՅԴ ծրագիրը. թեև հստակ են  առաջնայնությունները, ոլորտային առաջարկությունները տրամաբանական ընդհանուր հարթության մեջ են ու սոցիալական պետության տեսլականի համատեքստում, սակայն առկա իրողությունների համեմատ այնպիսի ֆանտաստիկ արդյունքներ են նախանշվում, որ անվստահություն են հարուցում:

Ի տարբերություն նրանց` ընդդիմադիր մյուս ուժը` ՀԱԿ-ը, փաստացի խորհդրարան է գնում առանց կոնկրետ, համապարփակ ծրագրի: Իշխանափոխությանը հասնելը գերնպատակ հռչակած քաղաքական ուժի դեպքում  գուցե այս «բացթողումը» հասկանալի, բայց չհիմնավորված է, թեկուզ այն պատճառով, որ  7 հոգանոց խմբակցությամբ իշխանափոխության ծրագիրն իրագործելու մասին մտածելը դառնում է զավեշտալի: Բայց ՀԱԿ-ը դեռ կարող է կոմպենսացնել այս բացը` հաշվի առնելով անցած տարիներին մշակված մոտ մեկուկես տասնյակի հասնող ոլորտային ծրագրերը, որոնք կարող են խմբակցության համար օրենսդրական գործունեության բազա դառնալ և ուղղորդիչ նշանակություն ունենալ:
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները