Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ընդդեմ նյարդային հիվանդության

Ընդդեմ նյարդային հիվանդության

Կամ Թեւան Պողոսյանի պատմական պահը


Դեկտեմբերի 12- ին Հայաստանում պատմական իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց ընդդիմադիր պատգամավորի օրինագծին։ Պահն այնքան պատմական էր, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ուղղակի հայտարարեց. «Հետո էլ ասում են՝ ընդդիմությանը բացասական եզրակացություն ենք տալիս»։

Հաջողակ պատգամավորը «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանն էր, հաջողակ օրինագիծն էլ «Գովազդի մասին» օրենքում առաջարկվող լրացումը։ Ընդդիմադիր պատգամավորն առաջարկեց եւ կառավարությունն էլ դրական գնահատական տվեց, որ «Արգելվում է գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումը»։ Թե ի՞նչ ասել է ձայնային ռեժիմի կտրուկ բարձրացում եւ ի՞նչպես է այն չափվելու, օրենքը չի նշում։ Չի նշվում նաեւ, թե ինչ պատասխանատվություն է սահմանվում այն խախտելու համար։

Սակայն, օրինագծի հեղինակը բացահայտել է բավականին լուրջ խնդիր եւ կառավարության հետ միասին կպայքարի նյարդային հիվանդությունների դեմ։ «Ժառանգության» պատգամավորն օրինագծի հիմնավորման մեջ նշել է, որ նախաձեռնության նպատակն է «նպաստել Հայաստանի Հանրապետությունում նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների տարեցտարի աճող տեմպերի կրճատմանը: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների 2007-2011 թվականներին հանրապետությունում նկատվել է նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների աճ եւ որ ամենամտահոգիչն է՝ այդպիսի աճ նկատվել է նաեւ 0-14 տարիքային խմբի երեխաների մոտ»։


Իհարկե գովազդի ժամանակ «ձայնային ռեժիմի կտրուկ բարձրացումը» կարող է նյարդայնացնել ոմանց, մյուսներին էլ նյարդայնացնում են հեռուստահաղորդումները չափազանց հաճախ ընդմիջող գովազդները, որը օրենքով արգելված է, սակայն օրենքին նայողն ո՞վ է։ Ըստ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի դիտարկման « հեռուստաալիքները տարբեր չափով խախտել են մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումները մեկից ավելի անգամ գովազդով չընդմիջելու օրինական պահանջը: Ոմանց նյարդայնացնում է հեռուստատեսության հաղորդումների բովանդակությունը։ Սակայն այս նյարդային գրգռումները դադարեցնելու բավականին հեշտ միջոց կա՝ անջատել հեռուստացույցը։

Ընդհանրապես՝ մինչ այս օրինագիծը կարծում էի, որ համահասարակական դեպրեսիայի պատճառը երկրի սոցիալ- տնտեսական վիճակն է, ոչ միայն իշխանության, այլեւ ապագայի նկատմամբ անվստահությունը, գործազուրկ եւ աշխատանք ունեցող ծնողների՝ իրենց երեխաներին կերակրելու, երբեմն անլուծելի թվացող հիմնախնդիրը, ու ծնողներից երեխաներին անցնող անհանգստությունը, նյարդային գրգռվածությունը, ագրեսիան։ Այնինչ պարզվում է՝ պատճառը «ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումն» է։

Այնպես որ՝ հայրենի ընդդիմությունն ու կառավարությունը կարողացել են գտնել մեր երկրի համազգային դեպերսիայի պատճառը եւ, կսկսեն պայքարը բարձրաձայն գովազդի դեմ։

Արմեն Վարդանյան

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները