Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Անցումային շրջանի բարդույթներից ազատված եմ. Ա. Արզումանյան

Անցումային շրջանի բարդույթներից ազատված եմ. Ա. Արզումանյան

-Պարոն Արզումանյան, Պաշտպանի արտահերթ զեկույցը հրապարակվել էր դեկտեմբերի 9-ին. ավելի քան 1 ամիս անց Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդրադարձը դրան ինքնանպատակ չէ՞ր:


-Ցավոք, ԱԺ կանոնակարգը չի նախատեսում արտահերթ զեկույցի քննարկման որևէ մեխանիզմ: Սա առաջին փորձն էր: Զեկույցին անդրադառնալու առաջարկը մերն էր, որը ՄԻՊ գրասենյակը ընդունեց: Իսկ ուշացման պատճառը տոներն էին, դրանից առաջ էլ ԱԺ-ն արտահերթ ռեժիմով ինտենսիվ աշխատում էր պարտադիր կուտակայինի ու գազային համաձայնագրերի շուրջ:


-Բայց այս քննարկումից հանձնաժողովի դիրքորոշումը բավական մեծ աղմուկ բարձրացրած զեկույցի շուրջ պարզ չդարձավ:


-Մենք դիրքորոշում չենք հայտնում, այլ ընդունում ենք ի գիտություն:


-Իսկ Ձեր գնահատմա՞մբ:


-Ցանկացած բան, որ առաջարկում է բանավեճ, դրական է: Մյուս կողմից` դեռ որևէ օմբուդսմեն չի արել այնպիսի քայլ, որ հասարակությունն այդ ինստիտուտը ընկալի որպես լիովին անկախ մարմին: Զեկույցում ես որևէ նոր բան չեմ տեսել, բայց դրական է, որ ինստիտուտը գրավոր հայտարարում է բազմաթիվ արատավոր երևույթների մասին: Այդ ինստիտուտի կայացումը նաև մեր ֆունկցիաներից մեկն է:

-Հունվարի 25-ին Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց ԱԺ 4 ուժերի միջնորդությունը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2 հոդվածների գործողությունը կասեցնելու մասին: ՍԴ-ի այս որոշւմը լավատես լինելու հիմքեր տալի՞ս է մարտի 28-ի որոշումից առաջ:

-Ես չեմ կիսում իմ գործընկերների ոգևորությունը, թե ՍԴ-ն աննախադեպ քայլ է արել: ՍԴ-ն գործել է ինչպես միշտ. կատարել է հանձնարարություն: Հաշվի առնելով ժողովրդի դժգոհությունը` կապված գազի վարձերի հետ, փորձել է ինչ-որ կերպ թուլացնել այն, ժամանակ ձգել մինչև մարտ: Մարտին կասեն, որ օրենքի հետ կապված խնդիր չկա ու կգտնեն մեխանիզմներ` հունվարից սկսած պահումներ անելու համար:

-Ի՞նչ պիտի անեն այդ դեպքում 4 ուժերը:


-Ես մեր խմբակցության անունից միայն կարող եմ ասել, որ պետք է գնալ մինչև վերջ, պետք է չթուլացնել ճնշումը ՍԴ-ի վրա:


-4 ուժերի ակցիան համընկավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցների հետ, և ակնհայտ էր ասելիքի ընդհանրությունները. այս հանգամանաքը ինչպե՞ս կանդրադառնա պայքարի հետագա ընթացքի վրա:


-Քոչարյանը չպետք է վերադառնա ակտիվ քաղաքականություն: Շատ անելիքներ կունենա, որ երիտասարդ տարիներին չի հասցրել անել, թող զբաղվի դրանցով: Ես վտանգավոր եմ համարում նախկին նախագահների վերադարձը ընդհանրապես ու չեմ կարծում, թե այս քաղաքական ուժերին որևէ դրական բան կարող է տալ Ռոբերտ Քոչարյանի հետ թեկուզ ասոցացվելը:


-Կարծում եք` բոլոր 4 ուժերը կիսո՞ւմ են Ձեր այս տեսակետը:


-Վստահ եմ, որ ոչ: Եթե բոլորը կիսեին, ապա մենք կունենայինք բոլորովին այլ Հայաստան:


-Իսկ տարակարծությունը այդ հարցում կարո՞ղ է այս ուժերի համար ինչ-որ պահի միասին չգործելու պատճառ դառնալ:


-Կարող է: Ոմանց համար էլ, ովքեր ինչ-որ հույսեր են փայփայում Քոչարյանի վերադարձի մասին, կարող է մերձեցման առիթ դառնալ: Ինձ համար դա վերադարձ է, իսկ որևէ վերադարձ չի կարող համեմատվել առաջ քայլելու հետ. թեպետ արտագաղթածների վերադարձը տուն` շատ լավ բան է, վերադարձը միջնադար` շատ վատ բան է:


-Հունվարի 30-ին կառավարությունը 180 մլն դոլարով Որոտանի կասկադը վաճառեց ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը: Երբ առքուվաճառքի համաձայնագիրը բերվի խորհրդարան, դրա՞ն էլ դեմ կարտահայտվեք, ինչպես գազային համաձայնագրերին:

-Ոչ: Ես կողմ եմ հանդես գալու և ողջունելու եմ այս գործարքը, որովհետև անկախ նրանից, թե ում է վաճառվել, վաճառվել է մեկ այլ կողմի: Սա փոքր-ինչ մեղմացնում է այն ստրկական վիճակը, որում հայտնվել է Հայաստանը: Ես դեմ եմ եղել գազային պայմանագրերին ոչ այն պատճառով, որ կարծում եմ, թե դա մեզ պետք չէ ընդհանրապես: Ես գտնում եմ, որ չի կարող մեկ երկիր 100%-ով տիրապետել մեկ այլ երկրի ամբողջ էներգետիկ համակարգին: Դա ոչ միայն մեր անկախությանն է սպառնալիք, այլ մեր ժողովրդին խեղդելու ուղիղ ճանապարհ է: Ես դեմ չեմ. թող պայմանագիր կնքեն այլ երկրների հետ` Իրանի, Վրաստանի, որևէ այլ երկրի հետ, ու թող այդ պայմանները շահեկան լինեն մեր երկրի համար: Այդ դեպքում կասեմ, որ իշխանությունը իրականացնում է մեր բոլոր կառավարությունների հայտարարությունը այն մասին, թե էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացված քաղաքականություն է վարում:


-Բայց Ռուսաստանին թե ԱՄՆ-ին, արդյունքը նույնն է. վաճառվում է երկրի էներգետիկ հերթական ռեսուրսը. սա մտահոգիչ չէ՞:

-Սա բիզնես է, և բիզնես-գործարք կնքելիս նայում ես պայմաններին: Համաձայնագիրը դեռ խորհրդարան չի բերվել: Եթե բերեն, ու տեսնենք, որ դրանով նախատեսվում է, որ Ամերիկան հարյուր տարով տիրապետելու է այդ կասկադին, և որևէ միջամտության իրավունք մենք չենք ունենալու, ես նույն կերպ դեմ կլինեմ: Կքննարկենք, կնայենք, թե որքանով է մեր շահերից բխում: Եթե մեր կառավարությունը կարողանար շահագործել, ներդրումներ ապահովել, ուրիշ բան, բայց այս պարագայում պիտի ընտրենք չարյաց փոքրագույնը, որը այդ կազմակերպությունն է:


-Օրերս Ազգային ժողովում կայացավ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի հիմնադիր նիստ: Ինչո՞վ է Ձեր կարծիքով զբաղվելու այդ ակումբը:

-Ես լուրջ չեմ վերաբերվում: Ինչ  ուզում են, թող անեն: Դա մրցակցություն է տիրոջը ցույց տալու, թե ով է ավելի շատ նվիրված: Կան քաղաքական գործիչներ, որոնք մշտապես ուզում են ցույց տալ, թե իրենք շատ նվիրված են այն վեհ գաղափարներին, որոնք սփռում է մեծ Ռուսիան: Դա բարդույթ է, և խորհրդարանոմ էլ կան բարդույթավորվածներ: Ես անցումային շրջանի բոլոր բարդույթներից ազատված եմ:

Քվեարկության պատմություն

Արզումանյան Ալեքսանդր Ռոբերտի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Արզումանյան Ալեքսանդր «Ժառանգություն» 398 268 205 29 63 28 21
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները