Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ես մեղավո՞ր եմ, որ իրենք ուզում են լուսանցքում ապրել

Ես մեղավո՞ր եմ, որ իրենք ուզում են լուսանցքում ապրել

Փետրվարի 3-ին խորհրդարանը ձայների 66 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեց, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովն այսուհետ 7 անդամի փոխարեն պետք է ունենա 11 անդամ: Առաջարկությունը ներկայացրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատճառաբանելով, թե այդպիսով կպահպանվի խմբակցությունների անդամների թվի համամասնությունը: Փոփոխության արդյունքում հաշվիչ հանձնաժողովում ՀՀԿ-ն կունենա 5, ԲՀԿ-ն`2, իսկ ՕԵԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները՝ մեկական անդամ: Նախկինում ՀՀԿ-ն Հաշվիչ հանձնաժողովում ուներ 2 անդամ, իսկ մյուս 5 խմբակցությունները՝ մեկական:

ՀՀԿ-ն որոշեց այդ հանձնաժողովում իր անդամների քանակն ավելացնել այն բանից հետո, երբ դեկտեմբերի 23-ին գազային հայտնի համաձայնագրերի քվեարկությունից հետո ոչ կոալիցիոն 4 խմբակցությունների ներկայացուցիչները, առանց կոալիցիոն անդամների, հանձնաժողովի նիստ հրավիրեցին ու ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի փոխարեն այդ կառույցի նախագահ ընտրեցին ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանին: Եվ ահա գարնանային նստաշրջանի մեկնարկին, օգտագործելով հաշվիչ հանձնաժողովի նոր կազմ ձևավորելու առիթը, խորհդարանական մեծամասնությունը որոշեց ոչ միայն նոր անդամներ, այլ նաև հանձնաժողովի ձևավորման նոր կարգ առաջարկել: Ընդ որում, Գ.Սահակյանն այդ առաջարկությունը ներկայացրեց շատ անսպասելի, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ հարցը քննարկելու հնարավորություն չտվեց: ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չմասնակցեցին քվեարկությանը և հայտարարեցին, որ հանձնաժողովի անդամության թեկնածուներ չեն ներկայացնի ,  չեն մասնակցի դրա աշխատանքներին:

Հանձնաժողովի կազմավորման նոր կարգի մասին ParliamentMonitoring-ը զրուցել է  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ:

- Պարոն Սահակյան, ոչ իշխանական չորս խմբակցությունները հայտարարեցին, որ Հաշվիչ հանձնաժողովի կազմը փոփոխելու մասին որոշումն անօրինական է, քանի որ նախապես որևէ նախագիծ  շրջանառության մեջ չի դրվել, քննարկում չի կազմակերպվել: Ինչո՞ւ քվեարկությունից  առաջ այդ հարցի շուրջ քննարկում չկազմակերպվեց:

-Նախ նման նախադեպ չենք ունեցել, և ժամանակավոր Հաշվիչ հանձնաժողովը քննարկման որևէ սցենար չունի: Պարզ ասում ենք, որ յուրաքանչյուր խմբակցություն անդամ ներկայացնելու իրավունք ունի: Մենք ընդամենը ցանկացաել ենք առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքի 25 հոդվածով և հանձնաժողովում պահպանել խմբակցությունների անդամների համամասնությունը: Նախկինում այդ հանձնաժողովում խմբակցությունները հավասարակշիռ կերպով չէին ներկայացված, քաղաքական համաձայնության արդյունքում՝ ընդդիմադիրները  շատ էին:

- Փաստորեն այս որոշումով Հաշվիչ հանձնաժողովում որոշում կայացնելու լիազորությունն արդեն վերապահվում է կոալիցիոն խմբակցություններն:

- Հեռուստատեսությամբ, թերթերով ցույց են տալիս, թե իբր այնքան ընդդիմադիր և այնքան հուժկու ուժ են դարձել, որ արդեն  հանձնաժողովի նախագահ են  հանում և այլ որոշումներ կայացնում: Ժամանակավոր հանձնաժողովները նման խնդիրների հետ կապ չունեն, դրանց հիմնակասն գործառույթը տեխնիկական գործընթացի պահպանումն է: Հանձնաժողովն իմ որոշման վրա չի կարող ազդեցություն ունենալ. ես կամ ձեռքով եմ քվեարկելու, կամ` քվեաթերթիկով:

- Եթե հանձնաժողովի դերն այդքան անկարևոր է, այդ դեպքում ինչո՞ւ կազմավորման կարգը փոխելու առաջարկ արեցիք:

- Որպեսզի անհեթեթ վիճակներ չստեղծվեն: Անգամ եթե նույնը մնա, և իրենք էլ չմասնակցեն այդ հանձնաժողովի կազմավորմանը, միևնույնն է, եթե ես քվեարկել եմ, իմ քվեարկությունը պիտի հաշվի առնեն: Պարզապես անհեթեթ վիճակ էր ստեղծվում, թե իրենք որոշելու իրավունք ունեն: Իրենք որոշելու իրավունք չունեն: Հիմնական որոշողը  քաղաքական մեծամասնությունն է: Իրենք կարող են ընդդիմադիր լինել, քննադատել, երևույթները վեր հանել, բողոքել, պայքարել, բայց լիագումար նիստերին որոշողը քաղաքական մեծամասնությունն է: Ընտրություններից հետո Հաշվիչ հանձնաժողովի արձանագրությունը ընդամենը հրապարակման համար է, որոշումների վրա չի կարող ազդել: Այդ արձանագրության տակ կարող է որևէ մեկը չստորագրել, բայց ընտրությունը համարվի վավեր:

- Կոալիցիոն ՀՀԿ և ՕԵԿ խմբակցություններն այսուհետ Հաշվիչ հանձնաժողովում կունենան 6 անդամ, ոչ իշխանական 4 խմբակցությունները միասին` 5: Չե՞ք կարծում, որ այդպիսով այդ հանձնաժողովի կազմավորումն ու աշխատանքը պակաս ժողովրդավար կդառնան:

- Չեմ կարծում, բյուլետեն հաշվելը ժողովրդավարության կամ լեգիտիմության հետ կապ չունի: ԱԺ-ում որոշում կամ օրենք ընդունվում է միայն լիագումար նիստի ընթացքում: Որևէ հանձնաժողով, այդ թվում՝ մշտական, որոշում չի ընդունում: Հանձնաժողովներն ընդամենը կարծիք են հայտնում: Իսկ այս 4 խմբակցությունները հասարակությանը ներկայացնում են, որ արդեն Քուռկիկ Ջալալին հեծած, Թուր Կեծակին ձեռները՝ ամեն ինչ որոշում են ու խառնում են հասարակական տրամաբանությունը: Նման անհեթեթ վիճակներից խուսափելու համար ես Հաշվիչ հաանձնաժողովի կազմավորման փոփոխություն եմ առաջարկել, որն ընդունվել է:

- Մոտ մեկ տարի առաջ ՀՀԿ-ի նախաձեռնությամբ նույն կերպ փոխվեց նաև Էթիկայի հանձնաժողովի կազմավորման կարգը: Ինչի՞ց է վախենում մեծամասնությունը, որ այս հանձնաժողովներում ավելացնում է անդամների քանակը:

- Մեծամասնությունը որևէ բանից չի կարող վախենալ, նույնիսկ եթե նորից ընտրություններ լինեն, և ամբողջ խորհրդարանը գնա ու հաշվի  ձայները: Մեծամասնությունը ոչ թե վախենում է, այլ ընդամենն ուզում է հասարակությանը ապակողմնորոշող քաղաքական թիմ չլինել: Նրանք կարողացան մի ամսվա մեջ ապակողմնորոշել, որ իրենք չորսով կարող են 70 հոգանոց խմբակցությանը ձիգ ոտքի վրա կանգնեցնել: Հասարակությանն ապակողմնորոշելուց մեծ զանցանք չեմ տեսնում:

- Ոչ իշխանական չորս խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու Հաշվիչ հանձնաժողովի կազմավորմանը: Չե՞ք կարծում, որ այդպիսով այդ կառույցի աշխատանքը ոչ լեգիտիմ կդառնա:

- Այդ հանձնաժողովն ընտրություններին չի մասնակցելու, դա տեղական կամ համապետական ընտրությունների հանձնաժողով չէ, որոշումը կայացնում է ԱԺ լիագումար նիստը:

- Բայց եթե ԱԺ նախագահի, փոխնախագահների կամ հանձնաժողովի նախագահների ընտրություններին Հաշվիչ հանձնաժողովն ընդդիմադիր անդամ չունենա, դուրս կլինի վերահսկողությունից:

- Հենց դրա համար էլ թող լինեն: Ես մեղավո՞ր եմ, որ իրենք ուզում են լուսանցքում ապրել, ես ասում եմ՝ եկեք, դաշտում ապրեք: Մենք` որպես քաղաքական մեծամասնություն, մեր լիազորությունների շրջանակում մեր տեսակետը ապացուցելի ենք դարձնում և իրենց չենք ասում՝ դուրս կորեք: Մի ժամանակ «Միասնության» տարբեր ուժեր մեկուկես տարի ԱԺ չեկան: Չեկան ու փոշիացան, ավերակ դարձան: Անցյալից պետք է դասեր քաղել: Ես չեմ ուզում, որ ընդդիմությունն ավերակ դառնա, բայց եթե իրենք ինքնասպանության են գնում, ապա որևէ մեկը չի կարող նրանց ձեռքը բռնել:

Քվեարկության պատմություն

Սահակյան Գալուստ Գրիգորի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Սահակյան Գալուստ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» 886 10 0 5 62 1 21
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները