Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

«Գազային» հանձնաժողովն սկսեց աշխատել

«Գազային» հանձնաժողովն սկսեց աշխատել

Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը մարտի 3-ին անցկացրեց իր անդրանիկ նիստը: Դռնփակ նիստի ընթացքում քննարկվել են կազմակերպչական հարցեր. ընտրվել են հանձնաժողովի նախագահն ու փոխնախագահը, որոշվել է, թե ինչպես է աշխատելու հանձնաժողովը:

Հիշեցնենք՝ հանձնաժողովն ունի 10 անդամ. հինգը կոալիցիոն խմբակցություններից են, հինգը՝ ոչ իշխանական խմբակցություններից: Հանրապետականը ներկայացված է 4 անդամով՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյան, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան, ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյան և պատգամավոր Խոսրով Հարությունյան: «Օրինաց երկիրը» ներկայացրել է Հովհաննես Մարգարյանին: Ոչ իշխանական 5 անդամներից երկուսը՝ Միքայել Մելքումյանն ու Գուրգեն Արսենյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից են: Մյուս երեք խմբակցությունները հանձնաժողովում ունեն մեկական ներկայացուցիչ՝ Ռուբեն Հակոբյան (Ժառանգություն»), Արամ Մանուկյան (ՀԱԿ) և Աղվան Վարդանյան («Դաշնակցություն»): Ինչպես և սպասվում էր, հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, փոխնախագահ՝ Միքայել Մելքումյանը:

Ի՞նչ են որոշել

Հանձնաժողովում որոշել են 4 ենթախումբ ձևավորել, որոնք քննարկելու են Հայաստանի գազամատակարարման ոլորտին վերաբերող 7 խումբ հարցեր: Դրանք հանձնաժողովի ստեղծման որոշման մեջ ընդգրկված հարցերն են, վերաբերում են սպառողների շահերի պաշտպանության, 2011-2013թթ. գազի դիմաց կուտակված 300 մլն դոլար պարտքի ձևավորման, «ՀայՌուսգազարդ» ընկերության կանոնադրական կապիտալում ՀՀ ունեցած բաժնեմասի գնահատման, բնական գազի այլընտրանքային ներկրման և տարանցիկ փոխադրման հնարավորությունների կանխատեսման, «ՀայՌուսգազարդի» կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հետ կապված խնդիրների ուսումնասիրմանը:

Հանձնաժողովի անդամ 10 պատգամավորներն առաջիկա մի քանի օրերին պետք է որոշեն, թե որ ենթախմբում են ցանկանում ընդգրկվել և գազամատակարարման ոլորտի հատկապես որ հարցերն են ցանկանում ուսումնասիրել: Հանձնաժողովի նիստերը լինելու են դռնփակ, սակայն անդամները կարող են որոշակի հայտարարություններ անել, եթե դրանք չեն պարունակում պետական գաղտնիք: Նախնական առաջարկության համաձայն՝ հանձնաժողովը նիստեր կհրավիրի շաբաթը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում նիստերը կարող են ավելի հաճախ հրավիրվել:

Ճշմարտության բացահայտումը գաղտնիության պայմաններում

Հիշեցնենք, որ ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունները նախապես ցանկանում էին, որ գազային հանձնաժողովի նիստերը բաց լինեն, սակայն ՀՀԿ-ն ընդդիմացավ առաջարկին: ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները նույնպես դեմ չէին, որ նիստերը դռնփակ լինեն: Դ.Հարությունյանը հայտարարեց, որ բաց նիստերի դեպքում հանձնաժողովի անդամները գայթակղությանը չեն դիմանա և հանձնաժողովի գործունեությունը կվերածեն քաղաքական շոուի, իսկ եթե ցանկանում են լուրջ աշխատել, ապա նիստերը պետք է դռնփակ լինեն:

«Միանշանակ, դռնփակ անցկացնելն ամենաճիշտ որոշումն էր, և դա մեզ հնարավորություն տվեց արդյունավետ աշխատել»,- այսօր նիստից հետո հայտարարեց Դ.Հարությունյանը: Ա.Վարդանյանը նույնպես նշեց, որ դռնփակ ռեժիմով աշխատելը ճիշտ էր: «Եթե լրագրողների մասսան լիներ այստեղ, հինգ ժամում այս գործը կանեինք»,- ավելացրեց նա:
Իսկ Ա.Մանուկյանը կարծիք հայտնեց, թե բոլորի մոտ ճշմարտությանը հասնելու տրամադրվածություն կա: «Թաքցնելու բան էլ չկա, բացահայտելը հեշտ է: Հույս ունեմ, որ կբացահայտվի այն, ինչ մենք մեծ առումով ուզում ենք, որ բացահայտվի»,- նշեց նա:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները