Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ՀՀ կառավարությունը չի սիրում ՀՀ Սահմանադրությունը

ՀՀ կառավարությունը չի սիրում ՀՀ Սահմանադրությունը

Հարցազրույց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:

- Պարոն Ջհանգիրյան, ինչպե՞ս եք գնահատում այս քառօրյայի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունված «Քննչական կոմիտեի մասին» օրինագիծը:

- ՀԱԿ-ի իմ գործընկերները, նաև իմ խնդրանքով, ձեռնպահ քվեարկեցին այդ նախագծին: Մենք կարևոր առաջարկություններ ենք արել, տեսնենք` կառավարությունը դրանք կընդունի՞, թե՞ ոչ: Առաջարկներ ենք ներկայացրել ենթակայության համակարգի, կենտրոնական մարմնի կառուցվածքի, քննիչների ինքնուրույնության ապահովման խնդիրների հետ կապված: Այդ կարևորագույն հարցերի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը պետք է ճշտենք, որ  կարողանանք որոշել`կողմ թե դեմ քվեարկել:

- Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նախատեսված էր, որ այդ կոմիտեի մեջ պետք է ընդգրկվի նաև Պետեկամուտների կոմիտեի քննչական բաժինը, բայց երբ օրինագիծը ԱԺ ներկայացվեց, հայտնի դարձավ, որ այն չի ընդգրկվել: Դուք կառավարության ներկայացուցչից սպառիչ պատասխան ստացա՞ք, թե ինչու առայժմ ՊԵԿ-ի քննչականը դուրս մնաց այդ միավորումից:

- Մեզ ասում են, թե դա քաղաքականություն է, էքսպերիմենտ է արվում, այդ պատճառով էլ առայժմ միայն Պաշտպանության նախարարության և Ոստիկանության քննչական կառույցներն են միավորվում: Գուցե ճիշտ է, որ ինչ-որ կետից սկսեն: Հիմա տեսնենք, թե ինչպես են սկսում, ինչպիսի օրենք, ինչպիսի ծառայություն են ուզում, որովհետև քննիչն ու նախաքննական մարմինը պիտի բավարար ինքնուրույնություն ունենան: Քննչական կառույցները այլ գերատեսչությունների կազմից հանելով` չպետք է ոտնահարենք դրանց ինքնուրույնությանը, պետք է փորձենք պաշտպանել այն: Ես ուզում եմ տեսնել, թե վերջնական ինչ ձևակերպումներով են այս օրենքը ներկայացնում, որովհետև կարող է ջրից հանեն, գցեն ջրհորը:

- Իսկ Միասնական քննչական կոմիտե ստեղծելու անհրաժեշտություն կա՞ր,  Դուք անձամբ կո՞ղմ եք դրան: 

- Մեղմ է ասված, թե կողմ եմ դրա ստեղծմանը: Այդպիսի մարմին ստեղծելու նպատակահարմարությունը դեռ 2009թ. մեր կողմից հրապարակված հայեցակարգի կարևոր դրույթներից, առաջարկություններից մեկն է եղել:

- Այս քառօրյային ընդունվեց նաև «Դատախազության մասին» և «ԱԺ կանոնակարգ» օրենքներում լրացումներ և փոփոխություններ առաջարկող նախագծերը, որը հեղինակել էին ԱԺ բոլոր վեց խմբակցությունները: Խոսքը գլխավոր դատախազի՝ ԱԺ հաղորդում ներկայացնելու ընթացակարգի  մասին է: Ընդունված տարբերակը Ձեզ գոհացնո՞ւմ է:

- Օրինագիծը լավագույն տեսքով չընդունվեց, որովհետև, իմ կարծիքով, անպայման գլխադասային հանձնաժողով պիտի լիներ, որը պետք է քննարկեր Գլխավոր դատախազի հաղորդումը, զեկույց պատրաստեր: Բայց ընդունվածն էլ ինչ-որ մի տարբերակ է, քանի որ գործող օրենքի համապատասխան Գլխավոր դատախազն ընդամենը նամակ է գրում, ուղարկում ԱԺ, հաղորդումը նիստերի դահլիճում չի ներկայանում և պատգամավորների հարցերին չի պատասխանում: Ինչ-որ դրական տեղաշարժ կա, դրա համար մենք կողմ քվեարկեցինք, թեկուզ իմ բոլոր առաջարկությունները չընդունեցին, կամ ընդունվեց ներկայացված նախագծից բավականին հետընթաց տարբերակ:

- Կառավարության ներկայացուցիչները նախապես պնդում էին, թե Գլխավոր դատախազը կառավարության անդամ չէ, և նրա կողմից ԱԺ-ում բանավոր կերպով հաղորդում ներկայացնելն ու պատգամավորների հարցերին պատասխանելը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:

- Նման խնդիր չկա, բա որ հակասում էր, ինչպես բերեցին ու անցկացրեցին: Ես էլ ասում եմ, որ դատախազությունը դատական իշխանության մարմին չէ, միայն դատարանը և դատավորն են ներկայացնում դատական իշխանությունը: Մնացած բոլորը գործադիր մարմին են, եթե, իհարկե, օրենսդիր չեն: Այլ իշխանության ճյուղ իրավունքի տեսությունը դեռ չի մոգոնել: Դրանք կամ պետք է լինեն գործադիրի մեջ, կամ լինեն օրենսդիր մարմին, կամ` դատական մարմին: Դրա համար էլ իմ կարծիքով դատախազությունը գործադիր մարմնի գործառույթ է: Իհարկե, աջակցում է արդարադատությանը, իհարկե, արդարադատությանը նպաստող որոշակի գործառույթներ է իրականացնում, բայց բնույթով գործադիր մարմին է:

- Իսկ Ձեր կարծիքով կառավարությունն ու գլխավոր դատախազությունն ինչո՞ւ մերժեցին, որ այդ հաղորդումը նախ ներկայացվեր ու քննարկվերեր ԱԺ որևէ գլխադասային հանձնաժողովում, հետո միայն նիստերի դահլիճում:

- Այդ հարցի պատասխանը պետք է տա խորհրդարանական մեծամասնությունը: Բայց կարծում եմ՝ դա որոշվել է մեր քննարկումների թիկունքում, իսկ այդ խոհանոցից ես տեղյակ չեմ:

- Այս քառօրյայում առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև դատարանների նախագահների նշանակման կարգում փոփոխություն նախատեսող օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է, որ դատարանների նախագահները պաշտոնավարեն ոչ թե ցմահ, այլ նշանակեն 5 տարին մեկ : Դա ընդունելի՞ տարբերակ է:

- Այդ օրինագծերում ինձ համար ամենամտահոգիչն այն է, որ ցմահ նշանակված դատարանների նախագահներին ցանկանում են օրենքով ազատել զբաղեցրած պաշտոններից այն դեպքում, երբ սահմանադրական նորմի ուժով նրանք նշանակվել են մինչև իրենց 65 տարին լրանալը: Այսինքն օրենքով ուզում են փորձել ի չիք դարձնել Սահմանադրական նորմերից մեկը:

- Այսինքն օրենսդրական այդ փաթեթը կամ դատարանների նախագահների նշանակման կարգի փոփոխությունը հակասահմանադրակա՞ն է:

- Անխոս: Ինձ համար դա ցցուն հակասահմանադրական նախագիծ է: Դրա համար եմ ասում, որ մեր կառավարությունը չի սիրում Սահմանադրությունը և ներկայացնում է հակասահմանադրական օրինագծեր: Այդ նախագծի երկրորդ կարևորագույն խնդիրը` Արդարադատության խորհրդի կազմից դուրս են հանում Կարգապահական կոլեգիան և Էթիկայի հանձնաժողովի հետ միասին դրա ձևավորումը վերապահում  դատավորների ընդհանուր ժողովին` իբր թե այդպիսով ապահովում են Արդարադատության խորհրդից այդ կառույցների անկախությունը: Բայց այդպիսով Էթիկայի հանձնաժողովը և Կարգապահական խորհուրդը ավելի մեծ կախման մեջ են գցում Վճռաբեկ դատարանի նախագահի կամքից: Եթե Արդարադատության խորհրդում Կարգապահական կոլեգիայի անդամները նաև երկրորդ հրամանով նշանակված են լինում որպես Արդարադատության խորհրդի անդամներ` այսինքն նրանք լրացուցիչ անձեռնմխելիության կամ ինքնուրույնության կարգավիճակ են ունենում, ապա այս նախագծով դա վերացնում են: Իսկ դա չի կարող դրական լինել, հակառակը` շարունակվելու և ավելի է խստանալու այն ավանդույթը կամ պրակտիկան, որի համաձայն Արդարադատության խորհուրդը ոչ թե դատավորների ինքնուրույնությունը և անկախությունը երաշխավորող մարմին է, այլ նրանց գլխին մուրճ է ինքնուրույնությունը, սկզբունքայնությունը պատժելու, զսպելու, չափավորելու առումով: Խնդիրն այն է, որ արդեն իսկ նշանակվածներին են հանում և այդպիսով ավելի մեծ անկայունություն են մտցնում: Իսկ ամենավտանգավորն այն է, որ ստացվում է՝ գործադիրը ցանկություն ունի մեծ թվով դատարանի նախագահներ նշանակել: Ճիշտ է, օրինագծի ընդունումը պատճառաբանում են կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով, բայց իրականում մեծ թվով դատարանների նախագահների նշանակումը իր մեջ մեծ կոռուպցիոն ռիսկ է պարունակում:

Քվեարկության պատմություն

Ջհանգիրյան Գագիկ Վրեժի

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
Ջհանգիրյան Գագիկ «Հայ ազգային կոնգրես» 393 154 196 73 148 84 61
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները