Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Ինչի՞ շուրջ է միավորվել «հրաշալի քառյակը»

Ինչի՞ շուրջ է միավորվել «հրաշալի քառյակը»

Մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթով, թվում էր, ոչ իշխանական 4 ուժերի համար նոր փուլի սկիզբ է տրվում: Մինչ դա էլ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» հանդիպում էին, բայց մարտի 1-ի հանրահավաքից մեկ շաբաթ անց՝ մարտի 7-ին, մեկնարկեց այս ուժերի հանդիպումների շարքն առաջին դեմքերի մակարդակով Գագիկ Ծառուկյանի մոտ: Հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը նրան համեմատել էր Իվանիշվիլու հետ ու հայտարարել, որ ՀԱԿ-ը պատրաստ է բանակցությունների, եթե անգամ սեղանին դրված է ոչ թե նախագահին, այլ առայժմ միայն վարչապետին պաշտոնից հեռացնելու հարցը: Հանդիպումների ժամանակ, սակայն, Ծառուկյանը հիշեցնում էր իրենց կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում խոսվել է բոլոր ուժերին կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին:

ԲՀԿ-ն ՀՅԴ-ին հարազաատ է

Առաջին հանդիպումը ՀՅԴ-ի հետ էր: Մինչև հանդիպումը դրա մասին ինֆորմացիա չկար, հանդիպումից հետո ԲՀԿ-ին պատկանող «Կենտրոն» հեռւստաընկերությունը 1 ժամ տևած քննարկման մասին 10 րոպեանոց տեսանյութ եթեր տվեց: Գագիկ Ծառուկյանի մոտ հյուրընկալվել էին ՀՅԴ առաջնորդներ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը: Հանդիպումը, կարելի է ասել, ջերմ էր. Հրանտ Մարգարյանի խոսքով՝ «ԲՀԿ-ն մեզ համար հարազատ կուսակցություն է, որի հետ հարաբերությունների անցյալ ունենք»: Հիմնական ասելիքը մեկն էր՝ երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համար ոչ իշխանական ուժերը պետք է կոնսոլիդացիա ստեղծեն:

ԲՀԿ-ՀԱԿ. տարբերությունը պահպանվում է

Գագիկ Ծառուկյանի երկրորդ հանդիպումը ՀԱԿ-ի հետ էր, ու թեպետ այս հանդիպման տեղի ու ժամի մասին նախապես հայտարարվեց, ամենամեծ հետաքրքրությունը հենց սրա շուրջ էր՝ մի քանի առումներով: Նախ՝ կմասնակցի՞ Լևոն Տեր-Պետրոսյանը այս հանդիպմանը, թե՞ ոչ: Պարզվեց՝ ոչ. ԲՀԿ գրասենյակ գնացել էին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը: Երկրորդ, ի տարբերություն ՀՅԴ-ի՝ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ հարաբերությունների անցյալ չուներ, ավելին, 2008-ի նախագահական քարոզարշավի ժամանակ և մարտի 1-ի դեպքերից հետո ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ միասին անխնա քննադատում էր նաև ԲՀԿ-ին: Հանդիպման ժամանակ, սակայն, տարաձայնությունները վերաբերել են ոչ թե անցյալին, այլ ապագային: Լևոն Զուրաբյանն ասել է, որ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը իրենց օրակարգում է, ԲՀԿ-ն խոսել է միայն վարչապետին հեռացնելու մասին: Այս մասին կուսակցությունը նույնիսկ հայտարարություն տարածեց՝ «թյուրըմբռնումների տեղիք չտալու համար»:

ԲՀԿ-«Ժառանգություն». հանդիպում՝ փակ ու գաղտնի

Եղե՞լ են, թե՞ ոչ տարաձայնություններ ԲՀԿ-«Ժառանգություն» հանդիպման ժամանակ կամ կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկել կողմերը՝ հայտնի չէ: Այս հանդիպման մասին տեղեկատվություն չտրվեց ոչ դրանից առաջ, ոչ հետո, տեսանյութ չներկայացրեց նույնիսկ «Կենտրոն» հեռուստաընկերությունը: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանին հյուրընկալվել է կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ու մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի հետ: Տարբեր է եղել հանդիպման վայրը. «Ժառանգության» ներկայացուցիչների խոսքով՝ եղել է մասնավոր տարածքում, կուսկացության տարածած պաշտոնական հաղորդագրույան համաձայն՝ «հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և քաղաքական ուժերի, հասարակական առավել լայն շերտերի կոնսոլիդացիայի միջոցով երկրում էական փոփոխությունների հասնելու ուղիները»:

Մարտի 19-ին նախատեսված է քառյակի հերթական հանդիպումը: Այն լինելու է առաջինը՝ ԲՀԿ առաջնորդի մոտ ունեցած հանդիպումներից հետո, որոնց ընթացքում խոսվել է կոնսոլիդացիայի մասին: Որքանո՞վ են այդ հանդիպումները արդյունք տվել և ո՞ր հարցերի շուրջ է պատրաստ կոնսոլիդացվել քառյակը, պարզ կդառնա այս հանդիպումից հետո, թեպետ չի բացառվոում, որ այդ օրն էլ ոչինչ չպարզվի, ու այս անգամ էլ հարկ լինի սպասել մինչև ապրիլի 28-ը: Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հենց այդ օրը մեկնարկող քառօրյայում են 4 ուժերը պատրաստվում քննարկման առարկա դարձնել վարչապետին ու կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը:

Քառյակի «չուզողները»


Իշխանությունը խոչընդոտում է ոչ իշխանական քառյակի գործունեությանը. լրագրողների հետ զրույցներում այս միտքը տարբեր ձեւակերպումներով հայտել են և ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, և ՀՅԴ-ի ու «Ժառանգության» ներկայացուցիչները: Հետևաբար, «չուզողների» թեման չէր կարող շրջանցվել նաև ԲՀԿ առաջնորդի հրավիրած հանդիպումների ընթացքում: ՀՅԴ-ի հետ հանդիպման ժամանակ նրանց մասին խոսեց Ծառուկյանն ինքը` հիշեցնելով, որ կան մի քանի «դատարկ դհոլներ, որոնք պատվեր են կատարում և ուզում են սեպ խրել 4 ուժերի միջև»:

«Դատարկ դհոլներին» ուղղված Ծառուկյանի ակնարկը անպատասխան մնաց. արձագանքելը կնշանակեր ինքնակամ հանձն առնել քաղաքական դհոլի գործառույթը, փոխարենը լայն արձագանք գտան ՀԱԿ-ի հետ հանդիպման ժամանակ հնչած ակնարկները: Ծառուկյանն ասաց, թե «որոշ մարդիկ այս հանդիպումից հետո առողջական խնդիրներ կունենան», Լևոն Զուրաբյանն էլ կոնկրետացրեց` միկրոինֆարկտ կստանան: Հանիդպումից հետո ՀՀԿ-աականները շտապեցին հավատացնել, որ իրենց ինքնազգացողությունը լավ է:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները