Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նոր վարչապետին սպասելիս

Նոր վարչապետին սպասելիս

Հանրապետության նախագահը մինչև ապրիլի 14-ը պետք է վարչապետ նշանակի: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ստորագրվել է ապրիլի 4-ին: Իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նոր վարչապետը պետք է նշանակվի 10 օրվա ընթացքում: ՀՀԿ մամլո խոսնակ և Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 8-ին վստահաբար հայտարարել էր, թե նոր վարչապետի անունը հայտնի կդառնա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում: «Մենք այդ հարցը կքննարկենք ԳՄ նիստի ժամանակ, որից հետո ՀՀ նախագահի որոշումը ես կներկայացնեմ իմ հարգարժան գործընկերներին»,- ասել էր Է.Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ նիստը տեղի ունեցավ ապրիլի 10-ին, սակայն վարչապետի անունն այդպես էլ հայտնի չդարձավ: Է.Շարմազանովն այս անգամ էլ հայտարարեց, թե ՀՀԿ-ն ևս մի ԳՄ նիստ կհրավիրի ապրիլի 14-ին, որի ընթացքում արդեն պարզ կդառնա նոր վարչապետի անունը: Իսկ այդ օրը այդ հարցը հաստատ պարզ կդառնա, քանի որ հենց 14-ին ավարտվում է վարչապետ նշանակելու համար Սահմանադրության ընձեռած ժամկետը:

Իսկ մինչ այդ Սահմանադրության պահանջով  Սերժ Սարգսյանը խորհրդակցությունների հրավեր էր ուղղարկել խորհրդարանական բոլոր վեց կուսակցություններին: ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները մերժել էին նախագահի հրավերը, իսկ կոալիցիոն «Օրինաց երկիր» և ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» ու Դաշնակցություն կուսակցությունները ապրիլի 10-ին ՀՀԿ ԳՄ նիստից առաջ հանդիպել էին Ս.Սարգսյանի հետ: Իսկ այսօր արդեն տեղեկություններ են հրապարակվում, որ Ս.Սարգսյանն չի հայտնում նոր վարչապետի անունը, քանի որ այս կուսակցությունների հետ խորհրդակցությունների երկրորդ փուլն է նախաձեռնել, ինչը պետք է տեղի ունենա մինչև ապրիլի 14-ը:

Ի՞նչն է հետաձգում 13-րդ վարչապետի նշանակումը 

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի բացառում, որ նոր վարչապետի անունը չհրապարակելը պայմանավորված է քաղաքական կոնսուլտացիաներով, որոնք դեռ շարունակվում են: «Կարող եմ ենթադրել, որ կոնսուլտացիաները դեռ շարունակվում են, դա կարող է պատճառ լինել, որ ՀՀԿ-ն չհայտնեց նոր վարչապետի անունը: Բայց եթե ուզում եք ճշգրիտ պատճառն իմանալ, պետք է դիմեք նախագահի գրասենյակ կամ քաղաքական մեծամասնությանը»,- կարճ պատասխանեց նա:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նախ շեշտում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց ոչ իշխանական  չորս կուսակցությունների համագործունեության կամ ճնշման արդյուքնում: «Նրանք ընդհանրապես սխալ վարվեցին, որ հենց սկզբից հայտարարեցին, թե վարչապետի հրաժարականը նրա անձնական ցանկությունն էր, այն դեպքում, երբ շատ պարզ երևում էր, որ սա  քաղաքական չորս ուժերի համագործակցության ադյունք էր: Իրենք հոգու խորքում դա ընդունեցին, բայց փորձեցին թաքցնել»,- մեզ հետ զրույցի ընթացքում ասաց Ռ.Հակոբյանը:

Ինչ վերաբերում է նոր վարչապետի անունը հայտարարելուն, ապա Ռ.Հակոբյանն ավելացրեց, թե այդ հարցն իրենց համար նշանակություն չունի: «Մեզ համար նշանակություն չունի, թե ում կնշանակեն, որովհետև ցանկացած կառավարություն իր վարչապետով այս համակարգում չի կարող նորմալ արդյունքներ գրանցել»,- ասաց նա:

Իսկ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նշեց, թե կուսակցությունների հետ իրենց կոնսուլտացիաները դեռ շարունակվում են, այդ պատճառով էլ նոր վարչապետի անունը չեն հայտնում: «Սահմանադրության պահանջ է, որ քաղաքական կոնսուլտացիաներ պիտի աանցկացվեն, նոր որոշում կայացվի: Ճիշտ է, երեկ նախագահը հանդիպել է կուսակցությունների հետ, բայց այդ հանդիպումից հետո կուսակցություններն էլ իրենց ներսում ևս մեկ անգամ քննարկում անցկացնելու խնդիրներ ունեն: Կարծում եմ, որ Ս.Սարգսյանը մեկ անգամ էլ կհանդիպի կուսակցությունների հետ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Հ. Գ. Ավելի ուշ հայտնի դարձավ, որ  Հանրապետության վարչապետի թեկնածությունը ՀՀԿ- ն կքննարկվի ոչ թե երկուշաբթի, ինչպես նախօրեին հայտարարել էր ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, այլ կիրակի օրը: ՀՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՀՀԿ գործադիր մարմնի, ապա եւ կուսակցության խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 13- ին։

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները