Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նախագահը չի զիջում, նախագահը հեռանում է

Նախագահը չի զիջում, նախագահը հեռանում է

Հարցազրույց քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանի հետ:

-Ձեր կարծիքվ ինչ՞ու ՀՀԿ-ն ապրիլի 10-ի նիստում չհրապարակեց նոր վարչապետի անունը:

-Հետևելով տարբեր կարծիքների, հայտարարությունների` այն տպավորությունն եմ ստացել, որ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների ընթացքում տարբեր կողմերից պայմաններ են դրվել , և դրանց շուրջ համաձայնության գալու համար իշխանությանը ժամանակ է պետք: Կհամաձայնեցնեն ու կհայտարարեն:

-Սա նշանակո՞ւմ է, որ Հանրապետականը երկրի համար կարևոր հարցերում այլևս չի կարողանում միայնակ որոշումներ ընդունել:

-Միայնակի խնդիր չէ: Ի վերջո, կառավարությունը ինչի՞ համար են փոխել. հաստատ ոչ այն պատճառով, որ երկրում վիճակը վատ է կամ կառավարությունը լավ չի աշխատում: Այս իրավիճակին արևմտյան դեմոկրատիայի պրիզմայով նայելը մի քիչ սխալ է: Երբ որ ներիշխանական պրոբլեմների պատճառով մեր երկրում վարչապետ է փոխվում, դա միայն մեկ բան է նշանակում. նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը փորձում է իր իշխանության տակ վերցնել ամեն բան:

-Հետևաբար, ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու մասին հայտարարությունը այստեղ որևէ դերակատարում չի՞ ունեցել:

-Իմ կարծիքով՝ դա չէ խնդիրը: Ով գիտե, թե ով ինչ հարց է առաջ քաշել, ամեն մեկը իր մոտեցումներն ունի: Մինչդեռ մեր իրականությունը ծանոթ է բոլորիս. մի կուսակցություն իշխանութունը իրեն է պահում, մյուսներն էլ փորձում են մասնակից դառնալ: Այս տրամաբանության մեջ է ամեն բան կատարվում: Ինչի՞ց ելնելով որևէ կուսակցություն պիտի մտնի կառավարություն կամ չմտնի. իրենց ծրագրերից, հասարակության առջև ունեցած ինչ-ինչ պարտավորվածություններից, բայց մեր քաղաքացիներից քանիսն է այսօր հավատում, թե սրանք են այս ձգձգումների, տարաձայնությունների պատճառները: Հատուկ տրամաբանություն այս ամենի մեջ փնտրել չարժե: Եթե որպես վարչապետի թեկնածու շոշափվում է Հովիկ Աբրահամյանի անունը, ես առավել ևս չես հասկանում, թե այս դեպքում կառավարություն փոխելու իմաստը որն է: Այստեղ նոր, որակյալ իրավիճակ ստանալու նպատակ չկա:

-ՀՅԴ-ն ասում է, որ ծրագրային 7 կետ ունի, ԲՀԿ-ն խոսում է տնտեսական խնդիրների մասին, սրանք Ձեզ արժանահավատ չե՞ն թվում:

-Իհարկե, ոչ: Զավեշտն այն է, որ մարդիկ պատկերացնում են, թե վարչապետը դրսից գումար բերելու համար է, ու մոռացել են հիմնական խնդիրը՝ տեղում ստեղծել տնտեսության զարգացման պայմաններ: Նույն ԲՀԿ-ն ասում է, թե դեմ է սահմանադրական բարեփոխումներին, բայց ուզում է տնտեսական բարեփոխումներ անել. առանց օրենքի՝ ինչ բարեփոխումներ, ինչո՞ւ նույն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն այս պահին արդեն չեն խոսում երկրում տիրող անարդարություններից: Եվ այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ սա ընդամենը սեփական դիրքերը ամրապնդելու, տնտեսական և քաղաքական լծակների տիրանալու գործընթաց է:

-Նույն ապրիլի 10-ին հրապարակվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, և Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում: Կիսո՞ւմ եք այս գնահատականները, թե նախագահը այսպիսով զիջումների է գնում:

-Նախագահը չի զիջում, նախագահը հեռանում է: Հայեցակարգով առաջարկվող փոփոխությունները վաղուց պիտի լինեին: Սա ընդհանրապես երկրորդ ժամկետում պաշտոնավարող նախագահներին բնորոշ դրսևորումներից է: Ընդհանուր ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը ևս դրանով է պայմանավորված. նախագահը գնում է, մյուսները դիրքավորվում են:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները