Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քառյակը եռյա՞կ է դառնալու, թե՞ հնգյակ

Քառյակը եռյա՞կ է դառնալու, թե՞ հնգյակ

Ի հեճուկս չար լեզուների՝ քառյակը շարունակում է գործել` ապրիլի 16-ին ոչ իշխանական 4 ուժերի հերթական հանդիպումից հետո հայտարարեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Եվ որպես ապացույց շեշտեց՝ կուտակայինի հարցով ոչ իշխանական ուժերը պատրաստվում են հանդես գալ համատեղ նախաձեռնությամբ: «Մենք օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ ենք ներկայացնելու, որ օրենքով հստակեցնենք այն, ինչ անորոշ է մնացել ՍԴ որոշումից հետո», - ասաց Ռուստամյանը: Չորս ուժերը մտադիր են արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ներկայացնել ապրիլի 28-ին մեկնարկող քառօրյայի ընթացքում, ինչն անելու համար պետք է ապահովեն 44 պատգամավորի ստորագրություն: Փոխարենը քառյակը հստակ որոշում չունի ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու հարցի վերաբերյալ, ինչի մտադրությունը կար մինչև Տ.Սարգսյանի հրաժարականը:

Դաշնակցությունը դեռ որոշում չունի

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո և նոր վարչապետի նշանակումից առաջ նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրության պահանջով խորհրդակցություններ սկսեց խորհրդարանական կուսակցությունների հետ: Քառյակի ուժերից այդ քննարկումների հրավերն ընդունեցին «Բարգավաճ Հայաստան» և Դաշնակցություն կուսակցությունները: Վարչապետի թեկնածության շուրջ խորհրդակցություններից զատ՝ այս ուժերի հետ քննարկվել է նաև իշխող Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու և նոր ձևավորվող կառավարությունում նախարարական պորտֆելներ ստանալու հարցը:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ համագործակցելու տարբեր սցենարներ կան: «Կարող է լինել կոալիցիոն հուշագիր, չլինել հուշագիր, բայց նրանց ներկայացուցիչները կարող են ընդգրկված լինել հաջորդ կառավարությունում»,- ասել էր Է.Շարմազանովը` այդ ներգրավվածությունը որակելով որպես մասնակի պատասխանատվություն:

ԲՀԿ-ից այս օրերին հայտարարություններ են հնչում, թե կուսակցության օրակարգում կոալիցիա ձևավորելու հարց չկա և որ «Բարգավաճ Հայաստանը» որևէ ձևաչափով կառավարությունում ներկայացված չի լինի: ՀՀԿ-ականների համար, սակայն, այդ հայտարարությունները հիմք չեն: Նրանք սպասում են անձամբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը: Իսկ ՀՅԴ-ն Ս.Սարգսյանի հետ քննարկումները դեռ շարունակում է: Վերջնական որոշումը, ըստ Արմեն Ռուստամյանի, կկայցնի ՀՅԴ Գերագույն ժողովը, որը հրավիրվել է ապրիլի 18-ին և կտևի երեք օր:

Դաշնակցության նախապայմանները

ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցում ՀՅԴ-ն նախապայման է համարում դեռևս մի քանի տարի առաջ Դաշնակցության ներկայացրած 7 կետանոց ծրագրի ընդունումը: Ա.Ռուստամյանի տպավորությամբ՝ իշխանությունները հակված չեն ընդունել ծրագրային բոլոր կետերը: «Եթե 7 կետերի տրամաբանությամբ ասեմ, վերապահումներով որոշներն, այո, ընդունվում են: Խորհրդարանական կառավարմանն անցնելու կետն ընդգրկված է սահմանադրական փոփոխությունների նախագծում, բայց այլ տարբերակներ էլ են քննարկվում: 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հստակ երաշխիք նույնպես գոյություն չունի: Հայտարարում են, որ դա սկզբունք է, դրան գնանք կամաց-կամաց: Անհասկանալի է մնում ընդդիմությանը տրվող հնարավորությունների համակարգը: Այս բոլորը մեզ համար հարցեր են, որոնք չեն համապատասխանում մեր 7 կետերի տրամաբանությանը: Արտաքին քաղաքականության հետ կապված, բնականաբար, մեր պահանջը գիտեք` հետ կանչել ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից: Ղարաբաղի հետ կապված ունենք շատ հստակ մոտեցումներ: Մենք ասել ենք, եթե ամբողջապես ընդունեն, սա բոլորովին այլ որակի աշխատանք է ենթադրում: Բայց այդ ամբողջապես ընդունելն էլ նշանակում է`պիտի ամբողջապես էլ կատարի նա, ով առաջարկում է: Հիմա չունենք այդ իրավիճակը: Վարչապետը մերը չի`ինչպես տեսնում եք: Բնականաբար, սա խոսում է այն մասին, որ այդ ամբողջականությունը չկա»,- ասում է Ա.Ռուստամյանը:

Իսկ եթե իշխանությունները ՀՅԴ-ի 7 կետանոց ծրագիրն ընդունեն մասնակիորեն, հնարավո՞ր է, որ Դաշնակցության մասնակցությունն էլ կառավարության կազմում մասնակի լինի: «Մասնակի չի լինում։ Կամ կառավարության մեջ ես, կամ՝ ոչ: Կամ քաղաքական պատասխանատվությամբ լիարժեք մտնում ես, կամ՝ ոչ։ Երկրորդական, երրորդական հարցերի ընդունումը կնշանակի, որ ՀՅԴ-ն իր ընդդիմադիր կեցվածքը պահպանում է»,- պատասխանեց Ա.Ռուստամյանը:

Հրաշալի եռյա՞կ, թե ՞ հնգյակ

Մինչ քննարկվում է կոալիցիան նոր գործընկերներով համալրելու հարցը, այն լքում են հին ուժերը: 2008-ից ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը ապրիլի 16-ին քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց, որ ոչ նպատակահարմար և խնդրահարույց է համարում հաջորդ կոալիցիային անդամակցելը: ՕԵԿ-ը դեռ չի հայտարարել, որ ընդդիմություն է դառնալու: Վերջնական պարզաբնումները կտա կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը ապրիլի 25-ին: Ընդդիմություն դառնալու դեպքում, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ՕԵԿ խմբակցությունն այդ մասին պետք է հայտարարի նաև ԱԺ նիստերի ժամանակ: Այս տարբերակը ոչ իշխանական քառյակը կարո՞ղ է հնգյակ դարձնել: «Շատ մի շտապեք: Օրը կգա, բարին հետը: Կտեսնենք՝ աղջի՞կ է ծնվում, թե՞ տղա, հետո անունը կորոշենք»,- արձագանքեց Ա.Ռուստամյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները