Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Նախագահական մոդելն իրեն չի սպառել

Նախագահական մոդելն իրեն չի սպառել

Ապրիլի 10-ին ՀՀ նախագահին կից մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: 45 էջանոց փաստաթուղթը հանձնաժողովի մոտ վեցամսյա գործունեության արդյունքն է: Այն փոփոխություններ է առաջարկում Սահմանադրության բոլոր բաժիններում: Ամենաէականը, սակայն, կառավարման համակարգին վերաբերող առաջարկներն են: Հանձնաժողովի անդամները կարծում են, որ առկա խնդիրների լուծման միջոցը անցումն է կառավարման խորհրդարանական մոդելին:

Հայեցակարգը ներկայացվել է հանրային ու մասնագիտական քննարկման: Սահմանադրական բարեփոխումների նախագիծը կմշակվի քննարկումների արդյունքների հիման վրա: parliamentmonitoring.am-ի զրուցակիցը մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն է:

-Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին տարբեր գնահատականներ տրվեցին, շատերի կարծիքով` այն նույնիսկ սենսացիոն էր: Դուք ինչպե՞ս կբնորոշեք այս հայեցակարգը:

-Լավագույն բնորոշումը թերևս այն է, որ ներկայացվել է փաթեթ, որտեղ կան շատ հետաքրքիր վերլուծություններ ու բազմաթիվ վիճելի դրույթներ: Եվ դա շատ լավ է. վատ կլիներ, եթե այն չառաջացներ բանավիճելու ցանկություն:

-Ինչի՞ շնորհիվ է, Ձեր կարծիքով, փաթեթը այդքան լավը:

-Հետաքրքիր բովանդակության: Այնտեղ նոր մտքեր կան: Ես չէի ասեի, որ դրանք անվիճելի են, բայց նոր են:

-Բայց դրանք այն մտքերն են, որոնք առաջ էր քաշում ընդդիմությունը, և որոնք միշտ մերժվում էին մեծամասնության կողմից: Զարմանալի է, որ դրանք ներկայացվում են նոր հայեցակարգում: Խոսքը հատկապես պետական կառավարման խորհրդարանական մոդելի մասին է:

-Եթե շատ պարզունակ մոտենանք հարցին, կարելի է նաև այդպես մտածել, հատկապես եթե խոսքը ոչ մասնագետների մասին է: Իսկ եթե ավելի խորը նայենք, ապա պարզ կդառնա, որ երբ մենք խոսում ենք խորհրդարանական կառավարման մոդելի մասին, ապա կան դրա տարբեր աստիճանի հնարավոր տարբերակներ: Այդ տարբերակներից մի մասը շատ ավելի մոտ է կիսանախագահականին, մի մասը` նախագահականին կամ ծայրահեղ պառլամենտականին. տիրույթը շատ մեծ է, և մեկնաբանել հայեցակարգը այդ տեսանկյունից, կարծում եմ, ճիշտ չէ:

-Առաջարկվող մոդելը որի՞ն է ավելի մոտ:

-Ես ձեռնպահ կմնամ որևէ մոդելի նմանեցնելուց: Այստեղ մի քանի տարբեր զարգացման ուղիներ կան: Կա և կիսանախագահականի, և խորհրդարանական մոդելի նկարագիր, սակայն դրանք ունեն նաև իրենց թերությունները: Թերությունների մի մասը ներկայացված է հայեցակարգում, մի մասը` ոչ: Դրանք էլ կբացահայտվեն քննարկումների ժամանակ:

-Հանրապետության նախագահը խորհրդարանական մոդելի կողմնակից չէ և արտահայտվեց այդ մասին: Նրա դիրքորոշումը չի՞ ազդի ՀՀԿ-ի դիրքորոշման և հայեցակարգային փոփոխությունների ընդունման վրա:

-Հարցադրումը, թե ՀՀԿ-ն որին է կողմ կամ որին է դեմ,ճ ճիշտ չէ: ՀՀԿ-ն պատրաստ է քննարկումների: Այնպես չէ, որ ՀՀԿ-ն ունի մի դիրքորոշում, որը կապ չունի հայեցակարգում գրվածի հետ: Հայեցակարգը կքննարկվի, բազմակողմանի կվերլուծվի, որից հետո կուսակցությունը կհայտնի, թե որն է համարում ավելի նախընտրելի մոդել: Իսկ ինչ վերաբերում է նախագահի դիրքորոշման ազդեցությանը, հիշեցնեմ, որ նախագահը ասել է, որ պատրաստ է լսել այլ տարբերակներ:

-Վերջին ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվում խորհրդարանական մոդելին: Կարելի՞ է ասել, որ ՀՀԿ-ի ու նախագահի դիրքորոշումները համընկնում են: Եթե այո, Դուք հանձնաժողովում այս առումով բախում ունեցե՞լ եք:

-Ես հանձնաժողովում հանդես եմ եկել ոչ թե որպես կուսակցական, այլ՝ որպես մասնագետ, ունեմ իմ վերապահումները առաջարկվող խորհրդարանական մոդելի վերաբերյալ և  պատրաստ եմ քննարկել դրանք: Ես համարում եմ, որ նախագահական մոդելն իրեն ամբողջովին չի սպառել: Այն ենթակա է կատարելագործման, ավելի մոտեցման խորհրդարանականին: Ես հանձնաժողովում իմ այս կարծիքը ներկայացրել եմ, իսկ կուսակցության կարծիքը կձևավորվի քննարկումների արդյունքում:

Քվեարկության պատմություն

Անուն Խմբակցություն Կողմ Դեմ Ձեռնապահ Չի քվեարկել Բացակա Հարցեր Ելույթներ
0 0
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները