Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պարտադիրն ու Գալուստ Սահակյանը ՝ եռօրյայի առանցքում

Պարտադիրն ու Գալուստ Սահակյանը ՝ եռօրյայի առանցքում

Ազգային ժողովի նախագահի ընտրություն ու կուտակայինի պարտադիր բաղադրիչին առնչվող օրինագիծ. ապրիլի 28-ին մեկնարկած հերթական խորհրդարանական շաբաթը սպասված էր հատկապես այս երկու հարցերի առումով: Այն, ի դեպ, ընդունված 4 օրվա փոխարեն կտևի 3 օր. մայիսի 1-ը աշխատանքային չէ: Շաբաթվա առաջին օրը անցավ, ու արդեն պարզ է, որ երկու հարցերի ընդունումն էլ հեշտ ու միանգամից չի լինելու. ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրելու համար ՀՀԿ-ն «ոտքի վրա» փոփոխություն կատարեց հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգում, իսկ պարտադիր բաղադրիչի հարցով ոչ իշխանական քառյակը կարող է արտահերթ նիստ հրավիրել, եթե կառավարության ներկայացրած նախագիծը չբավարարի իրենց պահանջներին:

Ընդդիմության նորեկ ՕԵԿ-ը

Քառօրյայի առաջին օրը, ինչպես պահանջում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, Հեղինե Բիշարյանը հայտարարեց ՕԵԿ խմբակցության ընդդիմադիր լինելու մասին ու արժանացավ ՀՀԿ-ականների հատուկենտ ծափահարություններին: ՕԵԿ-ը, իհարկե, փոքրաթիվ խմբակցություն է՝ կազմված ընդամենը 6 պատգամավորից, ու ՀՀԿ-ականների արձագանքը ծափահարությունների միջոցով, մոտավորապես մեկ բան էր նշանակում՝ ձեզ հետ թե առանց ձեզ, մեր օրինագծերը, միևնույն է, կընդունվեն:

ՀՀԿ-ականները, թերևս, մոռացել էին Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի մասին, որի ընդունած որոշումները, պարզվեց, կարող են լինել անօրինական, եթե այնտեղ չէ «Օրինաց երկիրը» : Իսկ ՕԵԿ-ը ընդդիմադիր դառնալուց հետո որոշել է վարվել այնպես, ինչպես ոչ իշխանական քառյակը. չմասնակցել Ազգային ժողովի հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Մինչև երեկ հաշվիչ հանձնաժողովը կազմված էր 11 անդամից. 5-ը՝ ՀՀԿ-ից, 2-ը՝ ԲՀԿ-ից և մեկական անդամ՝ մյուս 4 խմբակցություններից: Այս մասին որոշումն ընդունվել էր նստաշրջանի առաջին քառօրյայում՝ փետրվարի 3-ին: Այն ժամանակ ՕԵԿ-ը դեռ կոալիցիայի անդամ էր, հետևաբար, 1 ՕԵԿ-ականը 5 ՀՀԿ-ականի հետ կազմում էր մեծամասնություն: Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ուժ ունեն, եթե ընդունվում են ձայների մեծամասնությամբ, ու որպեսզի այդ մեծամասնությունը պահպանվի նաև առաջիկայում, ՀՀԿ-ն ապրիլի 28-ի աշխատանքային օրվա ավարտին արտահերթ նիստ հրավիրեց և փոփոխություն կատարեց հաշվիչ հանձնաժողովի կազմավորման կարգում: 11-ը դարձրեց 13. հանձնաժողովի անդամներից 7-ը կլինեն ՀՀԿ-ական, 2-ը` ԲՀԿ-ից, իսկ 4-ը` մյուս 4 խմբակցություններից: Սա նշանակում է, որ միայն ՀՀԿ-ականներից կազմված հաշվիչ հանձնաժողովը, արդեն  առանց ՕԵԿ-ի, իր 7 անդամով կկարողանա ընդունել ցանկացած որոշում: Առաջին որոշումը վերաբերելու է Ազգային ժողովի նոր նախագահին:

ՀՀԿ-ն կառաջադրի, ՀՀԿ-ն կընտրի՞

Ազգային ժողովի 6 խմբակցություններից միայն ՀՀԿ-ն է միանշանակ կողմ ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի ընտրությանը: ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը իրենց դիրքորոշումը դեռ չեն հայտնել, իսկ ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը արդեն հստակ հայտարարել են` չեն մասնակցելու ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկությանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը համոզված է, որ առանց ՀԱԿ-ի քվեարկության էլ ՀՀԿ-ն «յոլա կգնա», ու իրենց դեմ քվեարկությունը ոչ մի կերպ չի ազդի ընտրության ելքի վրա: Արմեն Ռուստամյանի բացատրությամբ էլ` ՀՅԴ-ն, դեռևս այս գումարման սկզբում է հայտարարել, որ չի մասնակցի այնպիսի ընտրությունների, որոնց արդյունքները կանխորոշված են, իսկ ԱԺ նախագահի ընտրության արդյունքը, ըստ նրա, կանխորոշված է միանշանակ:

Այս կանխորոշվածության պատճառով էլ ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրված մյուս երկու թեկնածուների հարցը գրեթե չքննարկվեց. բացի ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանից, կար ԱԺ նախագահի ևս երկու թեկնածու. «Ժառանգությունը» առաջադրեց Ռուբեն Հակոբյանին, ով եզրափակիչ ելույթում հայտնեց ինքնաբացարկի մասին, իսկ Հրանտ Բագրատյանը ինքնաառաջադրվեց:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները