Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Պարտադիր բաղադրիչ. դե ֆակտո՞, թե՞ դե յուրե

Պարտադիր բաղադրիչ. դե ֆակտո՞, թե՞ դե յուրե

Ապրիլի 28-ին մեկնարկած խորհրդարանական շաբաթվա ամենասպասված հարցը հստակ պատասխան չստացավ. պատգամավորներն այդպես էլ չհասկացան՝ կուտակայինի պարտադիր բաղադրիչը շարունակո՞ւմ է գործել, թե՞ ոչ:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության մշակած նախագիծն ԱԺ ապրիլի 28-30-ի եռօրյա ընդգրկվեց որպես պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հարց: Խորհրդարանը որոշում ընդունեց օրինագծի առաջին, երկրորդ և երրորդ ընթերցումները 24-ժամյա ռեժիմով կազմակերպելու մասին, բայց չհասցրեց իրագործել որոշածը. եռօրյա նիստերն ավարտվեցին, իսկ հարցի քննարկումը մնաց անավարտ՝ անորոշ թողնելով նաև խորհրդարանական ոչ իշխանական քառյակի առաջիկա անելիքը՝ կապված կուտակայինի պարտադիր բաղադրիչի հետ:

Կառավարությունն առաջարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի կիրառումը հետաձգել մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ապահովելու համար Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման պահանջները: Համաձայն օրենսդրական նախաձեռնության՝ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձը 2014թ. հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-նն ընկած ժամանակահատվածում ազատվում է պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից: Սա, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, նշանակում է դե ֆակտո կասեցնել պարտադիր բաղադրիչի կիրառումը: Նախարարը, ըստ էության, ասում էր այն, ինչն ասել էր Հովիկ Աբրահամյանն իր ուղերձում ու լրագրողների հետ հանդիպումներում:

Քննարկման ժամանակ կառավարության ներկայացրած նախագիծը ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը համարեց անընդունելի, քանի որ դրա ընդունումից հետո էլ բազմաթիվ հարցեր մնալու են անպատասխան: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախագծով գործադիրը փորձում է պարտադիրի շուրջ կառավարություն-ժողովուրդ բանավեճը վերածել գործարար-աշխատող բանավեճի:  Փաշինյանի կարծիքով՝ իրավական որոշակիության սկզբունքն իսպառ բացակայում է օրենքից, քանի որ օրենքի 5-րդ և 8-րդ հոդվածները, որոնք թույլ են տալիս պահումներ անել, շարունակելու են գործել նույնիսկ 76-րդ հոդվածի փոփոխությունից հետո:

Թեպետ հարցի քննարկման հիմնական մասը նախորդ շաբաթ տեղի ունեցավ, բայց էական հարցը մնում է անպատասխան. ինչպե՞ս կարձագանքի կառավարության ներկայացուցիչը ընդդիմադիր պատգամավորների գնահատականներին ու առաջարկություններին և արդյո՞ք մինչև վերջնական ընդունում նախագիծը որևէ փոփոխություն կկրի: Ակնհայտ է, որ և նախարար Արտեմ Ասատրյանը, և վարչապետ Հովիկ Աբրահամյանը գոնե այս պահին ավելացնելու ոչինչ չունեն այն ամենին, ինչը երկուսի կողմից էլ ասվել է ԱԺ ամբիոնից`դե ֆակտո պարտադիրը չի գործելու, դե յուրե այն շարունակում է գործել:

Փոխարենը դե ֆակտո-պարտադիրը հանգիստ չի տալիս ոչ իշխանական քառյակին. նրանք քննարկում են օրենքում փոփոխություններ կատարելու իրենց նախագիծը: Հեղինակներն ասում են, որ վերջնական տարբերակը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, բայց դրա և «Դեմ եմ» շարժման պահանջների միջև էական տարբերություններ չեն լինի: Հիմնական պահանջը պարտադիրի դե յուրե կասեցումն է : Ոչ իշխանական ուժերը նաև առաջարկում են կառավարությանը՝

-պատշաճ ծանուցում ներկայացնել առ այն, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ պետք է գանձվեն միայն այն աշխատակիցներից, ովքեր գրավոր կամք կարտահայտեն մասնակցելու ներկայիս համակարգին,

-փոփոխություններ կատարել ՊԵԿ ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում՝ դադարեցնելով հաշվետվության ծրագրային մոդուլի՝ ինքնաշխատ եղանակով կուտակային վճարների դաշտի կիրարկումը,

-ծրագրային մոդուլով կուտակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրել միայն այն անձանց համար, ովքեր գրավոր կամք են հայտնել մասնակցել ներկայիս համակարգին,

-ապահովել անցած ամիսների համար վերահաշվարկ կատարելու և գումարները վերադարձնելու գործընթացը:

Առաջարկությունների այս փաթեթը կառավարություն ուղարկելուց և պատասխան ստանալուց հետո քառյակը կորոշի իր անելիքները: Այս պատասխանից է կախված  նաև քառյակի՝ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները