Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Հաղթահարելով պարտադիր բաղադրիչը

Հաղթահարելով պարտադիր բաղադրիչը

Մայիսի 12-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված էր 30 օրենսդրական նախաձեռնություն: Դրանցից մի քանիսի համար խորհրդարանը հատուկ կարգ ընդունեց, որպեսզի քվեարկությունները կազմակերպվեն 24 ժամվա ռեժիմով: Այդ նախագծերից մեկն էլ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում առաջարկող նախագիծն էր, որի քննարկումը ապրիլի 28-30-ի եռօրյայում մնացել էր անավարտ: Վերջին շաբաթվա ընթացքում նախագծում տեղ էին գտել որոշ փոփոխություններ. կառավարությունը մասամբ ընդունել էր ոչ իշխանական քառյակի ներկայացրած առաջարկությունները:

Վե՞րջ պարտադիրին

Ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ մայիսի 12-ին Ազգային ժողովում ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում առաջարկող նախագծով համակարգի պարտադիր բաղադրիչը հանվում է ընդհանրապես: Եթե ապրիլի 29-ին ԱԺ-ում ներկայացված նախագծով կառավարությունն առաջարկում էր օրենքի 76-րդ հոդվածի կիրառումը հետաձգել մինչև սեպտեմբերի 30-ը, ապա մայիսի 12-ին ներկայացված նախագծով այդ հոդվածը համարվում է ուժը կորցրած. խոսքը պարտադիր վճարումներ չանելու համար սահմանվող տույժերի մասին է: Սա, դաշնակցական պատգամավորի համոզմամբ, նշանակում է, որ պարտադիրը հանվում է ընդհանրապես: Նա, որպես դրական փոփոխություն, խոսեց նաեւ օրենքով պարտադիրից հրաժարվելու դիմումի ձեւ սահմանելու մասին: Յուրաքանչյուր քաղաքացի, ով չի ցանկանա օգտվել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից, միայն դիմում գրելով կհրաժարվի դրանից: Եվ որ ամենակարևորն է, օրենքում առաջարկվող փոփոխությունն ունենալու է հետադարձ ուժ և տարածվելու է բոլոր այն քաղաքացիների վրա, ովքեր 2014 թվականի հունվարի 1-ից սկսած՝ պարտադիրի պահանջով վճարումներ են արել: ՀՅԴ-ն, ինչպես հայտարարեց Արծվիկ Մինասյանը, կառավարության նախագծի այս լրամշակված տարբերակին որոշել է դեմ չքվեարկել:

Վե՞րջ քառյակին

ՀԱԿ խմբակցությունը, Արծվիկ Մինասյանի թվարկած փոփոխություններն ընդունելով հանդերձ, կառավարության նախագծին դեմ կքվեարկի: Ըստ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ գործադիրը որոշել է հանել պարտադիրի տույժերը՝ պահպանելով պարտադիր բաղադրիչը: Նրա գնահատմամբ՝ ներկայացված օրենսդրական փոփոխությունը խաբեություն է, որովհետև կարևոր հարցը՝ կվերադարձվե՞ն կենսաթոշակային հիմնադրամներին փոխանցված գումարները թե ոչ, մնում է անպատասխան:

Ուշագրավ է, որ այս նախագծի շուրջ քառյակի անդամների դիրքորոշումների տարբերությունն էլ կարող է հենց նրանց միջև եղած տարաձայնությունների խորացման պատճառ դառնալ: Բանն այն է, որ հատկապես Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո միակ հարցը, որի շուրջ քառյակի անդամ կուսակցությունները միակարծիք էին, մնացել էր կուտակայինի պարտադիր բաղադրիչը, ու հիմա, երբ միակարծությունը խախտվում է նաև այս դեպքում, քառյակի գործունեությունը կարող է լրիվ ինքնանպատակ դառնալ:

ՕԵԿ-ը՝ ինչպես ԲՀԿ-ն

ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի դիրքորոշումները իշխանության համար հասկանալի էին, անհասկանալի էր ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի պահվածքը. սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը դարձյալ հիշեցրեց ոչ վաղ անցյալի նրանց կոալիցիոն գործունեությունը, երբ այս քաղաքական ուժերը կողմ էին քվեարկել կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագծին: ԲՀԿ-ի դիրքորոշումը, ըստ Միքայել Մելքումյանի, կախված կլինի նախարարի կոնկրետ պատասխանից հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու այն 127.000 քաղաքացիների գումարների հարցը, որոնք պարտադիրի պահանջով վճարումներ արդեն կատարել են: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը այս հարցի պատասխանը չուներ: Բացատրեց, որ գումարների վերահաշվարկի հարցը կքննարկվի ավելի ուշ, երբ կառավարությունը կներկայացնի կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ամբողջական փաթեթը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները