Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Միասնական քննչական կոմիտեն կստեղծվի

Միասնական քննչական կոմիտեն կստեղծվի

Ազգային ժողովը մայիսի 16-ին ձայների 78 կողմ, 21 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ և երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրինագիծը : Այն ընդգրկված էր կառավարության նախաձեռնությամբ մայիսի 12-16-ը հրավիրված արտահերթի օրակարգում և այն 15 օրենսդրական փաթեթների թվում էր , որոնք կառավարությունը համարել էր անհետաձգելի, իսկ խորհրդարանը որոշել էր դրանք քննարկել հատուկ կարգով ՝ 2-րդ կամ 3-րդ ընթերցումները կազմակերպել 24 ժամյա ռեժիմով: Պատասխանելով Parliamentmonitoringi-ի հարցին, թե որն է այդքան մեծ թվով օրենքների՝ հատուկ կարգով ընդունելու անհարժեշտությունը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, թե արտահերթը հրավիրվել է կառավարության կողմից և նույն կառավարությունն էl որոշել է, թե որ նախագծերի ընդունումն է անհետաձգելի:

Ինչ վերաբերում է Միասնական քննչական կոմիտեին, ապա հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել էր նման կառույց ստեղծելու մասին: Տեսակետ էր շրջանառվում, որ կառույցը ստեղծվում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին պաշտոնով «ապահովելու» համար: Նախագահի կարգադրությունն անմիջապես հաջորդեց Ա.Հովսեփյանի պաշտոնավարման ավարտին, և նա էլ նշանակվեց կոմիտեի իրավական ապահովման հանձնաժողովի նախագահը:

Ինչո՞ւ է ստեղծվում Միասնական քննչական կոմիտեն

Սերժ Սարգսյանի կարգադրության համաձայն՝ նոր կառույցը պետք է ստեղծվեր Պաշտպանության նախարարության, Ոստիկանության և Պետեկամուտների կոմիտեի քննչական կառույցների հիման վրա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՊԵԿ-ի քննչական բաժինը չի ընդգրկվի նոր կառույցի մեջ, և միասնական կոմիտեն կկազմավորվի միայն ՊՆ-ի և Ոստիկանության քննչական բաժինների միավորմամբ: Նախագահի կարգադրության մեջ նոր կառուցի ստեղծումը հիմնավորվում է «քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու և քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու» անհրաժեշտությամբ: «Տարբեր մարմինների կողմից նախաքննության իրականացման պրակտիկան ցույց է տալիս, որ նրանք չունեն գործունեության միասնական սկզբունքներ և աշխատաոճ: Շատ դեպքերում միևնույն իրավական հարցի վերաբերյալ ցուցաբերվում են տարբեր մոտեցումներ, որի հետևանքով խաթարվում է օրենքի առջև հավասարության սկզբունքը»,- նշված է կառավարության ներկայացրած օրինագծի հիմնավորման մեջ»:

Խորհրդարանական ուժերը հիմնականում կողմ են

Հանրապետական Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ միասնական քննչական կոմիտեի ստեղծումը «լավ գաղափար է և մի շարք խնդիրներ է լուծում` սկսած քննչական մարմինների անկախությունն ամրապնդելուց մինչև քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելը»: Ինչ վերաբերում է հանգամանքին, որ կառույցի մեջ չի ընդգրկվել ՊԵԿ-ի, այսօր արդեն Ֆինանսների նախարարության քննչական կառույցը, ապա Սահակյանի կարծիքով՝ գործընթացը նոր է մեկնարկում. հեղինակները նպատակահարմար են համարել այս փուլում կոմիտեն ձևավորել այս կազմով, հետագայում այն կարող է նաև ընդլայնվել:

Կոալիցիայի շարքերը վերջերս լքած «Օրինաց երկիրը» դրական է գնահատում թե օրինագիծը, թե քննչական միասնական կոմիտեի ստեղծումը: ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանն ասում է, որ իրենք նախագծին «կողմ» են քվեարկել ոչ միայն այս, այլ նաև այն պատճառով, որ կառավարությունն առաջին ընթերցումից հետո ընդունել է իրենց առաջարկությունները. դրանք հիմնականում վերաբերել են սոցիալական երաշխիքներին: «Ամբողջ աշխարհը գնում է այն ուղղությամբ, որ քննչական ոլորտն ավելի անկախ լինի և գործի մեկ տանիքի ներքո: Կարծում եմ, որ ապագայում նաև մյուս գերատեսչությունների քննչական կառույցները կմիավորվեն այս կոմիտեի մեջ: Եվ այդ հանգամանքն ավելի անկախ և օպերատիվ գործելու հնարավորություն կտա քննիչներին»,- ասաց Հ.Մարգարյանը:

ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նույնպես նշում է, որ իր հիմնական առաջարկներն ընդունվել են: «Դրանք վերաբերում էին քննիչի ինքնուրույնության ապահովման սկզբունքներին: Դա կոմիտեի նախագահին առընթեր քննիչների ինստիտուտի վերացումն էր, նախագահի լիազորությունների վերանայումը: Օրինագիծը, եթե համեմատենք իր սկզբնական տարբերակի հետ, լուրջ վերամշակման է ենթարկվել, և, կարծում եմ, վատ նախագիծ չէ>,- եզրափակեց Գ.Ջհանգիրյանը:

Երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ փաթեթը կքվեարկվի մայիսի 19-ին մեկնարկող հերթական նստաշրջանի ժամանակ: Արտահերթի օրակարգը սպառել մայիսի 12-ից 16-ը խորհրդարանին չհաջողվեց:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները