Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

ԱԺ քառօրյա. մայիսի 19-22

ԱԺ քառօրյա. մայիսի 19-22

Այս քառօրյան հազիվ մեկնարկած` արդեն հստակ է, թե ինչ հարցեր են քննարկվելու դրա ընթացքում: Դրանք շատ չեն լինի, ու պատճառը նոր կառավարության գործունեության ծրագիրն է, որը, դժվար չէ ենթադրել, կզբաղեցնի քառօրյայի մեծ մասը: Քառօրյայի առաջիկա ընթացքը առաջին օրվա` երկուշաբթիի դիտանկյունից:

Ջավադյանը՝ Ջավադյանի փոխարեն

Չի անցնում խորհրդարանական քառօրյա` առանց ընտրության: Այս քառօրյայում պատգամավորները ընտրելու են Կենտրոնական բանկի նախագահ, ու առաջին օրը, գրեթե ամբողջությամբ, նվիրվեց այս հարցի քննարկմանը: ՀՀ նախագահը ԿԲ նոր նախագահի պաշտոնում առաջարկել է ԿԲ գործող նախագահ Արթուր Ջավադյանին, ում պաշտոնավարման 6-ամյա ժամկետը լրանում է հունիսին: Թեպետ միայնակ մնացած ՀՀԿ-ի համար գնալով ավելի դժվարանում է քվեարկությունների կազմակերպումը, որևէ մեկը, միևնույն է, չի կասկածում, թե Արթուր Ջավադյանը ԿԲ նախագահի պաշտոնում կարող է չվերընտրվել:

ՕԵԿ պատգամավորները կքվեարկեն ազատ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցությունները, հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, ՀՅԴ-ի դիրքորոշումը դեռ հստակ չէ: Այսուհանդերձ, չմոռանանք, որ կա ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով, որի բոլոր անդամները ՀՀԿ-ից են: Հետևաբար, անգամ մշտապես հիշելով «անմեղության կանխավարկած» հասկացության մասին, ցանկացած, այդ թվում նաև Արթուր Ջավադյանի քվեարկության արժանահավատության մասին խոսելիս պատգամավորները մշտապես կարող են հիշել հանձնաժողովի միակուսակցական լինելու հանգամանքը` դրանից բխող հնարավոր հետևանքներով: ԿԲ նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի ընտրության հարցի քվեարկությունը տեղի կունենա մայիսի 20-ին:

Ավանդույթի համաձայն

Չհավասարակշռված հանձնաժողովները հանգիստ չեն տալիս խորհրդարանական  մեծամասնությանը: Այս քառօրյայում էլ նրանք կփորձեն հավասարակշռել գազի հանձնաժողովի կազմը: Համաձայն այս հանձնաժողովի ստեղծման մասին որոշման` հանձնաժողովում ՀՀԿ-ն ունի 4, ԲՀԿ-ն` 2, իսկ մյուս 4 խմբակցությունները` 1-ական անդամ: Արդյունքում`հանձնաժողովի 5 անդամը ոչ իշխանական են, 5-ը` իշխանական: ՕԵԿ-ի` իշխանությունից ընդդիմություն դառնալուց հետո այս համամասնությունը խախտվել է, ու այն վերականգնելու համար ՀՀԿ-ն կավելացնի հանձնաժողովում իր անդամների քանակը`4-ը դարձնելով 6:

Արտահերթ, բայց հրատա՞պ

ՀՅԴ խմբակցության պատգամավորները արտահերթ են համարել 100% համամասնական ընտրակարգի անցնելու հարցը ու որոշել են այս փոփոխությունը առաջարկող օրենսդրական փաթեթը քննարկման առարկա դարձնել մայիսի 19-22-ի քառօրյայում: Փաթեթում 3 նախագիծ է ընդգրկված. փոփոխություններ`Ընտրական օրենսգրքում, ԱԺ կանոնակարգ օրենքում և Սահմանադրական դատարանի մասին օրենքում: Փաթեթը, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, կքննարկվի մայիսի 20-ի երկրորդ նիստում:

Դաշնակցական պատգամավորները, իհարկե, շատ լավ գիտեն, որ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ դեռ 3 տարի ժամանակ կա, գիտեն նաև, որ մեծամասնությունը թույլ չի տա այս փաթեթի ընդունումը, ավելին, ԱԺ կանոնակարգով սահմանվող հատուկ ընթացակարգն էլ թույլ չի տալու նախագծի նորմալ քննարկում, բայց դա այս պահի դրությամբ այնքան էլ կարևոր չէ:

Կարևոր է թերևս այն, որ այս հարցը քննարկվել է ոչ իշխանական քառյակի շաբաթ օրվա նիստում ու արժանացել 4 խմբակցությունների հավանությանը: Մի կողմից սա լավ առիթ է ասելու, որ քառյակը կա ու նիստեր է անում անգամ շաբաթ օրը, բայց մի՞թե չկար առավել հրատապ ու օրակարգային հարց, որի համար քառյակը շաբաթ օրով նիստ կհրավիրեր: Իհարկե, կար այդ հարցը, օրինակ, կառավարության ծրագիրը ու քառյակի դիրքորոշումը դրա նկատմամբ: Միասնական դիրքորոշում այս հարցի շուրջ քառյակում ամենայն հավանականությամբ չի եղել, ու նրանք հիշել են Ընտրական օրենսգիրքը, բայց կառավարության ծրագրի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց, միևնույն է, չեն խուսափի:

Կառավարության ծրագիրը՝ մայիսի 20-ին

ՀՀ 13-րդ կառավարության ծրագրի քննարկմանը պատգամավորները սպասում էին քառօրյայի առաջին օրը, բայց երկրորդ նիստի ավարտին ԱԺ փոխխոսնակ Էդվարդ Շարմազանովը հայտարարեց, որ կառավարության ծրագրի քննարկումը կսկսվի մայիսի 20-ին, երեքշաբթի: Նպատակը քննարկվող ընթացիկ հարցերը ավարտին հասցնելն ու կառավարության ծրագրի քննարկման մեկնարկով դրանք անավարտ չթողնելն էր:

Համաձայն Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի` կառավարության ծրագիրը ԱԺ-ում պետք է ներկայացնի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ելույթի համար նրան կտրվի 1 ժամ, հետո վարչապետը կպատասխանի պատգամավորների հարցերին: Մտքերի փոխանակումից հետո Հովիկ Աբրահամյանը հանդես կգա նաև ամփոփիչ ելույթով: Ծրագրի քվեարկությունը Ազգային ժողովում կանցկացվի դրա ներկայացումից հետո 5-օրյա ժամկետում: Ծրագիրը կհամարվի ընդունված, եթե դրան կողմ քվեարկի պատգամավորների բացարձակ մեծամասնությունը: Ծրագրի չընդունման դեպքում, համաձայն օրենքի, վարչապետը պետք է ՀՀ նախագահին դիմում ներկայացնի կառավարության հրաժարականի մասին:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները