Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Քառյակը սիամական երկվորյակ չէ

Քառյակը սիամական երկվորյակ չէ


Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի քառյակը մայիսի 27-ի հերթական դռնփակ նիստի ժամանակ մոտ մեկ տասնյակ հարց է քննարկել, որոնք առաջիկայում որպես «հրատապ լուծում պահանջող հարցերի» փաթեթ կներկայացնի կառավարությանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նիստից հետո ասաց, թե քննարկման ժամանակ յուրաքանչյուր ուժ ներկայացրել է իր կարևորած խնդիրները, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն: Նա չմանրամասնեց, թե խոսքը հատկապես որ հարցերի մասին է՝ ասելով , թե չունի նման լիազորություն: Բայց նկատեց, որ «դրանք այն խնդիրներն են, որոնք քառյակի ուժերը բարձրաձայնել են թե առանձին, թե միասնաբար»: Պահանջների ցանկը կհստակեցվի հաջորդ շաբաթվա հանդիպման ժամանակ և կներկայացվի համատեղ հայտարարության տեսքով: 

Համաձայնություն՝ առանց ժամկետների


Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ քառյակի նիստում քննարկվել է համատեղ հանրահավաք անցկացնելու հարցը: Նրա խոսքով՝ հանրահավաքը տեղի կունենա, սակայն օրը դեռ հստակեցված չէ: 4 ուժերն առաջիկայում կկազմակերպեն նաև մարզային հանդիպումներ: «Քառյակում կա միասնական գործողությունների շարք սկսելու համաձայնություն: Այո, քառյակում կա նաև միասնական հանրահավաք անցկացնելու կոնսեսուս, բայց կրկին պիտի ասեմ, որ ժամկետների հետ կապված վերջնական ճշգրտումները կարվեն քառյակի առաջիկա նիստում»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Հիշեցնենք՝ քառյակի ուժերը պատրաստվում էին համատեղ հանրահավաք անցկացնել դեռևս ապրիլի 28-ին և պահանջել կառավարության հրաժարականն ու կուտակայինի «պարտադիր» բաղադրիչի կասեցումը: Ապրիլի 4-ին հրաժարական տվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջին մեկուկես ամսվա ընթացքում քառյակը պարբերաբար խոստանում է, որ համատեղ հանրահավաքը կանցկացնի, սակայն դեռ չի կարողանում հստակեցնել ժամկետները:

Ոչ իշխանական չորս խմբակցությունները անդրադարձել են նաև այս օրերին ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվող «ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նկատմամբ միասնական դիրքորոշում ցուցաբերելու հարցին. որոշել են լիագումար նիստին այդ փաստաթղթին դեմ քվեարկել: «Քանի որ քառյակի բոլոր ուժերը անցած տարվա բյուջեին քվեարկել էին դեմ, բնականաբար մեր միասնական դիրքորոշումը անցած տարվա բյուջեի կատարողականին նույնը կլինի»,- ասաց Զոհրաբյանը:

Օրինագիծ օրինազանց պատգամավորների համար

Հունիսի 22-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին «կողմ» քվեարկեցին միայն Հանրապետական խմբակցության պատգամավորները: Ոչ իշխանական ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը: Տեսախցիկները հերթական անգամ արձանագրեցին, որ մեծամասնության պատգամավորները քվեարկում են բացակա գործընկերների փոխարեն (մասնավորապես, Սամվել Ալեքսանյանը քվեարկել էր Հակոբ Հակոբյանի, Համլետ Հարությունյանը՝ Արա Բաբլոյանի փոխարեն): Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց, որ քառյակը ոչ միայն դատապարտում է այս պրակտիկան, այլ նաև փորձում է լուծումներ գտնել. «Առաջիկայում միասնաբար կփորձենք օրենսդրական մեխանիզմներ առաջարկել և խնդրի կարգավորումը բերել օրենսդրական դաշտ»,- ասաց պատգամավորը:

Քառյակը սիամական երկվորյակ չէ

«Մենք կարողացանք լուծել մի շատ կարևոր խնդիր՝ քաղաքական ուժերի համախմբումը: Եվ որքան լայն լինի այդ համախմբումը, այնքան ավելի լավ կկարողանանք միասնաբար ձևավորել քաղաքական օրակարգ՝ ներառելով ժողովրդին հուզող խնդիրները: Մենք ասել ենք, քառյակը հրապարակում է այն խնդիրները, որոնց շուրջ ունի կոնսեսուս: Միայն այն, որ մենք կարողանում ենք միասին տարբեր նախագծեր բերել խորհրդարան, դրանց շուրջ լայն, ակտիվ, շահագրգիռ քննարկումներ կազմակերպել, կարծում եմ՝ արդյունավետ աշխատաոճ է: Իհարկե, կա մեկ քաղաքական ուժի մենաշնորհ, ցավոք սրտի, ձայների մեծամասնություն, և ցանկացած նախագիծ կարող են տորպեդահարել: Բայց չեմ կարծում, որ դա պիտի պատճառ դառնա, որ քաղաքական ուժերը շեղվեն իրենց գործողությունների ծրագրից»,- հայտարարեց Զոհրաբյանը:

Իսկ արդյո՞ք միասնական որոշումներ կայացնելու արդյունքում քառյակի ուժերի առանձին դիրքորոշումները չեն անտեսվում: «Քառյակը սիամական երկվորյակների համախումբ չէ, և յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր առանձին օրակարգը: Քառյակի սեփականություն դառնում են այն որոշումները, որտեղ կա կոնսեսուս: Այն խնդիրների վերաբերյալ, որտեղ չունենք միասնական դիրքորոշում, յուրաքանչյուրն ազատ է արտահայտել իր դիրքորոշումը: Եվ յուրաքանչյուրս հարգում է դիմացինի որոշումը, եթե այն չի համընկնում մերի հետ»,-ասաց Զոհրաբյանը:

Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները