Parliamnet Monitoring

  • Facebook
  • Twitter

News

Էվրիկա կամ Հայաստանի «փրկության» բանալին

Էվրիկա կամ Հայաստանի «փրկության» բանալին

Հայաստանի ներկա խնդիրների լուծման բանալին գտնված է։ Ինչպես գիտական խոշոր այլ հայտնագործություններ, այս մեկը եւս իրարից անկախ գտան։ Գտան ԲՀԿ- ն, ՀՅԴ- ն, ՀԱԿ- ը, միգուցե նաեւ «Ժառանգությունը»։  Ու գրեթե միաժամանակ այս կուսակցությունները գոչեցին «էվրիկա», ճիշտ այնպես, ինչպես 2200 տարի առաջ Արքիմեդը։

Սակայն գրեթե միաժամանակը ժամանակային որոշակի տարբերություններ ուներ։ Հայտնագործության,  այն է՝ խորհրդարանական կառավարման համակարգի եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի մասին առաջինը խոսեց ԲՀԿ- ն ի դեմս Նաիրա Զոհրաբյանի։  «Ես հայտարարություն եմ ներկայացրել կուսակցության անունից և պատրաստվում եմ պաշտոնապես դիմել քաղաքական ուժերին` խորհրդակցություններ սկսելու առաջարկով», - ասաց   Զոհրաբյանը։ «Խորհրդարանական համակարգի անցումը ԲՀԿ-ն այսպես է պատկերացնում՝ 2013-ին ընտրվող նախագահը կգործի առավելագույնը 4 տարի ժամկետով եւ մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ 2017 թվականը, քաղաքական մյուս ուժերի հետ կիրականացնի սահմանադրական համապատասխան փոփոխություններ ու հիմք կդնի խորհրդարանական կառավարման համակարգին»,- հաղորդեց «Ազատությունը»՝ միաժամանակ հայտնելով, որ արդեն շաբաթ օրը՝ նոյեմբերի 10- ին, տեղի է ունեցել ԲՀԿ- ՀՅԴ փակ հանդիպումը։ ՀՅԴ-ն առաջինն արձագանքեց ԲՀԿ- ին՝ առաջ քաշելով երկրի փրկության իր «ծրագիրը», որը ընդհանուր առումով նման էր ԲՀԿ- ինին։ Հանրապետական ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը,  իր ֆեյբուքյան էջում ՀՅԴ- ի արձագանքին անդրադառնալով, ուղղակի գրեց. «ԲՀԿ- ի հայտարարությունը փրկօղակ է ՀՅԴ-ի համար»:  Թերևս,  ոչ միայն Դաշնակցության։ ԲՀԿ թելադրած խաղին մասնակցելու ցանկություն հայտնեց նաեւ խորհրդարանական ամենամեծ ընդդիմությունը՝ ՀԱԿ- ը՝  ԲՀԿ առաջ քաշած օրակարգը փորձելով համալրել իր կետերով:  Պարզապես ընտրությունների վերահսկման մեխանիզմների, գործող իշխանությանն անվստահւթյուն հայտնելու, զանգվածային հրապարակային միոցառումների անցկացման եւ ապօրինի տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի  մասին ՀԱԿ- ի ձեւակերպումներն արդեն «ոչ կրեատիվ» են։ ԲՀԿ- ն, այսպիսով, սկսում է քաղաքական մի  խաղ, որի մեջ ներքաշվում են խորհրդարանական մյուս  ուժերը՝ մոռանալով, որ ԲՀԿ առաջնորդը, այնուամենայնիվ, քաղաքական գործընթացները դիտարկում  է «բիզնես» տեսանկյունից, ուստի նրա հիմնական խնդիրն է Սերժ Սարգսյանի հետ քաղաքական առեւտրի մեջ ստանալ առավելագույնը՝ տնտեսական ներկա լծակները եթե ոչ ավելացնելու, ապա գոնե պահպանելու համար։ ՀՀԿ- ն այս գործընթացներին առայժ պատասխանում է իր լիդերի՝ Հայաստանից բացակայությամբ և որոշ հայտարարություններով: Ըստ  Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ՝ «նախագահական ընտրություններից առաջ քաղաքական ուժերի միջեւ պլատոնական սիրախաղ  է սկսվել, որին կհետեւի որոշ գործիչների եւ ուժերի դիմակազերծումը»։ Իսկ Հայաստա՞նը։ Իսկ Հայաստանը, եթե հավատանք քաղաքական գործիչների վերջին հայտարարություններին, փրկության մեկ ուղի ունի՝ կառավարման խորհրդարանական համակարգը։ Այսինքն, ԲՀԿ նախարարներն իրենց ղեկավարած ոլորտներում հաջողություն կարձանագրեին, եթե աշխատեին ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի, այլ վարչապետ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ՀՅԴ նախարարներն էլ մոտ 10 տարի իրենց ղեկավարած կրթական, սոցիալական եւ առողջապահական ոլորտներում կապահովեին ազգային իրական ծրագրերի իրականացում, եթե ղեկավարվեին ոչ նախագահներ Ռոբերտ Քոդարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից, այլ վարչապետներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից։ էվերիկայի մասին։ Որքանո՞վ Արքիմեդի կամ ստատիկայի օրենքը կիրառելի կլինի քաղաքական այն «բեռի» համար, որը ջուրն իջեցվեց անցած շաբաթ, դեռ ժամանակը ցույց կտա։ Սակայն «քաղաքական» այս «խաղից» կարելի է հասկանալ մի բան. ոչ միայն Հայաստանն է  համակարգային խորը ճգնաժամի մեջ, այլեւ մեզ «առաջնորդելու» հայտ ներկայացրած քաղաքական էլիտան՝ մտավոր խորը վակուումում։ Իսկ սա արդեն ողբերգություն է։ Արմեն Վարդանյան
Compare
 

Ով է քեզ ներկայացնում

  • Արխիվ

    • Facebook
    • Twitter
  • Ամենաընթերցվածները